Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

«ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
21.01.2011 | 00:00

2010-ի հոկտեմբերի 16-ին բացված «Տաթևեր» ճոպանուղին կարճում է Հալիձոր-Տաթև ճանապարհը` հարակից գյուղերի բնակիչների, առհասարակ, այցելուների համար ծառայելով իբրև փոխադրամիջոց: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին զուրկ չի մնում նաև զբոսաշրջիկների ուշադրությունից, նպաստում է մեր երկրի ճանաչելիությանը: Հարկ է նշել, որ էկզոտիկ այդ փոխադրամիջոցի շնորհիվ տեղի մոտ 30 բնակիչ ապահովվել է աշխատանքով: «Տաթևեր» ճոպանուղին իր երկարությամբ ռեկորդային է համարվում այն տեսակի ճոպանուղիների մեջ, որոնք ընթանում են առանց կանգառի և աշխատում են երկու ուղղությամբ: Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին փաստում են` ճոպաններն անվտանգ են և համապատասխանում են անվտանգության եվրոպական չափանիշներին:
«Բացման օրից մինչ օրս ճոպանուղին սպասարկել է ավելի քան 9 հազար ուղևորի, որոնց 30 տոկոսը հարակից համայնքների բնակիչ է և ճոպանուղուց օրական մեկ անգամ օգտվում է անվճար»,- ասում է «Տաթևեր» ճոպանուղու կառավարիչ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

-Ինչո՞վ էր պայմանավորված ճոպանուղու շահագործման ժամանակավոր դադարը:
-Ինչպես և պահանջվում է նման բարդ տեխնոլոգիական լուծումներով ճոպանուղիների շահագործման ժամանակ, հանրային գործարկումից երկու շաբաթ անց, նոյեմբերի սկզբին կարճ ժամանակով դադարեցվել էր ճոպանուղու շահագործումը, անցում էր կատարվել ամառային ռեժիմից ձմեռային ռեժիմի: Դրանից հետո ճոպանուղին սկսել է կանոնավոր աշխատել:
-Ձմեռային ռեժիմը, առհասարակ, մառախլապատ եղանակը, քամին, անձրևը, ձյունը խնդիրներ չե՞ն առաջացնում:
-Ճոպանուղու շահագործման գործընթացին կարող են խոչընդոտել միայն ուժեղ քամիները, որոնք, ցավոք, այդ տարածքում բավականին շատ են, իսկ եղանակային պայմանները` ձյունը, սառնամանիքը և այլն, խոչընդոտ չեն:
-Ինչպես նշեցիք` հարակից գյուղերի բնակիչները ճոպանուղուց օրը մեկ անգամ օգտվում են անվճար: Դա ժամանակավո՞ր արտոնություն է` կապված ճոպանուղու աշխատանքի սկզբնական փուլի հետ, թե՞ երկար է ձգվելու:
-Տաթևի վերածննդի գաղափարախոսություններից մեկն այն է, որ հարակից տարածքների բնակիչները կարողանան ճոպանուղուց օգտվել որպես տրանսպորտային միջոցից: Բացման օրվանից առայսօր, հետագայում` նույնպես, հարակից համայնքների բնակիչները (ավելի քան հինգ հազար բնակիչ) ամեն օր մեկ երկկողմանի անվճար տոմս ձեռք բերելու և ճոպանուղուց օգտվելու հնարավորություն պետք է ունենան:
-Ի՞նչ արժե տոմսը: Գումարային առումով տարբերությունը եթե շատ լինի, գուցե շատերը գերադասեն մեքենայի ճանապարհը:
-Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, ճանապարհային հատվածը` մոտ 20 կմ, որը, հատկապես ձմռանը, դժվարանցանելի է: Հալիձոր-Տաթև ճանապարհը ճոպանուղով հնարավոր է անցնել 11 րոպեում, ավտոմեքենայով` 25-40: Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 2000 դրամ, երկկողմանին` 3000 դրամ: Որպես օրինակ, ասեմ, որ տաքսիով ուղևորվելը մոտ երկու-երեք անգամ թանկ է:
-Կա՞ն մարդիկ, որ չեն հաղթահարում վախը և գերադասում են ավանդական փոխադրամիջոցը:
-Դեռևս նմանատիպ դեպքեր չեն եղել: Մեր մասնագետները հակիրճ և համոզիչ ներկայացնում են այցելուներին, որ այսօր ճոպանուղին աշխարհի ամենաանվտանգ տրանսպորտային միջոցներից մեկն է: Ճոպանուղին կառուցող շվեյցարական «Garaventa Doppelmayer Group» ընկերությունը տարեկան կառուցում է ավելի քան 100 նմանատիպ ճոպանուղի, որոնց շահագործման ընթացքում երբևէ որևէ խափանում կամ դժբախտ պատահար չի գրանցվել: Ընկերությունն աշխարհում առաջինն է ինչպես նմանատիպ աշխատանքների կատարման ծավալով, այնպես էլ որակով:
-Իսկ արագությունը վատ ինքնազգացողության պատճառ չի՞ կարող դառնալ:
-Վագոնի առավելագույն արագությունը մոտ 40 կմ/ժամ է, որը բարձր չէ և առաջացնում է հետաքրքիր զգացողություններ, բայց ոչ վատ:
-Ինքներդ հաճա՞խ եք օգտվում ճոպանուղուց:
-Իհարկե, և մեծ հաճույքով: Յուրաքանչյուր անգամ ունենալով նորանոր զգացողություններ ու հիանալով բնության անզուգական տեսարաններով, որոնք մինչև ճոպանուղու կառուցումը տեսանելի էին միայն տարածքում ճախրող արծիվներին:
-Ամեն օր մեկ անվճար երկկողմանի տոմսը Ձեր պարագայում նո՞ւյնպես գործում է:
(Պատասխանի փոխարեն կառավարիչը բարեհամբույր ժպտաց ու մեզ հրավիրեց Տաթև` ճոպանուղուց օգտվելու- Ա. Ս.):
-Ծրագրերի մասին:
-Ներկայումս համագործակցում ենք զբոսաշրջային կազմակերպությունների հետ, երկու կայանների շրջակայքերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները, Հալիձոր կայանում սպասասրահի շինարարական աշխատանքներ են ընթանում, որտեղ կլինի նաև սրճարան: Մարդիկ տարածքում զբոսնելուց հետո կարող են սուրճ խմել, սպասել սպասասրահում` մինչև հասնի ուղևորվելու իրենց հերթը:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ