Հայաստանում այս օրերին հակասական ու բազմերանգ տրամադրությունների պակաս, թերևս, չկա։ Որոշ շրջանակներ, որոնք մոլեռանդորեն սատարում են ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին, միջնադարյան հարբած տրուբադուրի նման քաղաքական գինարբուքի մեջ են, իսկ ընդդիմությանը ձայն տված հատվածը՝ հիասթափված ու թևաթափ։ Թեև այստեղ պետք է արձանագրել, որ հավաքական ընդդիմությունը, 2021 թվականի համեմատ, գրեթե 2 անգամ ավելի շատ ձայն է ստացել, ինչը, համաձայնեք, ամենևին էլ վատ ցուցանիշ չէ։
Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում գլխավոր ապալեգիտիմը։ Հասկանալով, որ նախապես հայտարարած 65 տոկոսի բացարձակ մեծամասնությունն ապահովել չի կարողացել, և որ իր առջև դրված խնդիրները՝ եկեղեցու վերջնական կազմաքանդումը, Սահմանադրության փոփոխությունը, այսպես կոչված, «անկլավների» հարցի լուծումը և այլ ծրագրեր, իրականացնելու հարցում բախվելու է լուրջ դժվարությունների, նա դիմում է հերթական աճպարարությանը՝ հայտարարելով, թե «ընդդիմությանը ձայն չեն տվել, այդ բոլոր ձայները ստացվել են ընտրակաշառքով»։
Սա, ըստ էության, ակնհայտ մերկապարանոց պնդում է։ Ես և ինձ նման տասնյակ հազարավոր մարդիկ, հասկանալով այս պատուհասի գոյաբանական վտանգն ու դրա հետևանքները, գնացել ենք ընտրատեղամաս, ժամերով հերթ կանգնել, կատարել մեր ընտրությունը և փորձել ազատվել այդ չարիքից։
Հենց այստեղ էլ թաքնված է վերոնշյալ թեզի իրական նպատակը։ Նրա համար պարզապես անընդունելի և դժվարընկալելի է այն փաստը, որ ավելի քան կես միլիոն մարդ մերժել է իր իշխանությունը, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին դեմ է եղել իրեն։ Այդ պատճառով էլ նա նման պնդումներ է նետում հանրային դաշտ՝ փորձելով քննարկման առանցքը տեղափոխել այլ հարթություն և մարդկանց շրջանում հերթական անգամ ապատիա ու հուսալքություն գեներացնել։
Հայաստանյան ապալեգիտիմ իշխանությունը ոչ թե փորձում է հասկանալ, թե ինչու է հասարակության կեսը մերժել իրեն, այլ փորձում է այդ կես միլիոն քաղաքացիների քաղաքական կամքը հայտարարել գնված, իսկ սեփական վարկանիշի անկումը՝ մտացածին, այսինքն, ցուցադրել հերթական հակաքաղաքագիտական դրսևորումը։
Արմեն Հովասափյան