Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 20-ին հրապարակվեց Թաթուլ Մանասերյանի` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում պահանջելու մասին դատական գործով վճիռն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի (հիմնադիր` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ):
Դատարանը պարտավորեցրել է «Ժամանակ» օրաթերթին հերքել 2010-ի սեպտեմբերին տպագրված տեղեկությունները, նշել, որ չկա քրեական գործ Թաթուլ Մանասերյանի դեմ, և նա չի զբաղվում վաշխառությամբ:
Իսկ փոխհատուցման մասով դատարանը պատասխանողին պարտավորեցրեց վճարել 510 հազար դրամ, որից 300 հազարը` զրպարտության համար, 200 հազարը` փաստաբանի վարձատրության համար, 10 հազար դրամն էլ` որպես պետական տուրք:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը 2010-ի սեպտեմբերի 29-ի համարում հրապարակել էր այժմ արդեն ապացուցված զրպարտություն` «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դեմ» հոդվածը, որում ասվում էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի այժմ արդեն նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ իբր քրեական գործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: «Ժամանակի» հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը հերքել էր հիշյալ զրպարտությունը:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ