Թիվ 13 ընտրատարածքից թեկնածու առաջադրված Մհեր Սեդրակյանը, ըստ լավատեղյակ աղբյուրների, բավականին նվիրված աշխատում է ԲՀԿ-ի և նրա թեկնածուների համար` մեծ թվով ընտրատարածքներում:
Թիվ 12-ում (էստեղ նա մի ձեռով օգնում է ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին, «մույս» ձեռով` բարգավաճական Աղվան Գառնիկիչի «քամուց քշված» Լյովա Խաչատրյանին, ընդ որում, էստեղ հետաքրքիր պասաժ է դրսևորել նաև Նապոլեոն Ազիզյանը, որը, կարծես, նույնպես բարգավաճականներից է, բայց նրա սիրտը հեչ չի ուզում, որ իր բարգավաճական գործընկեր Լյովա Խաչատրյանն էդ կողմերում հաղթի, և լիքը թեկնածուներ է դրել ընդդեմ Լյովա Խաչատրյանի):
Թիվ 11-ում Մհեր Սեդրակյանն ավելի հետաքրքիր պասաժ է դրսևորել. սկզբում նա դիրքավորվել էր ընդդեմ Գրիշա Մարգարյանի (Բելաջո), որովհետև դեռ չգիտեր, որ վերջինս բարգավաճական բուռն տեմպեր է դրսևորելու (ՀՀԿ-ական Գրիշան Մհերի սրտով չէր, մյուս կողմից էլ` Մադաթյան Էդիկի խնդիրը կար. Խուճուճի ու Մհերի ջրերը, չնայած նրանց խնամի լինելուն, նույն առվով չեն հոսում, դեռ լավ է, որ Խուճուճը չառաջադրվեց), հիմա քափ-քրտինք մտած` Մհերը համարում է, որ իր հարցերն ինքը լուծել է ու պիտի այսուհետ լուծի նաև Բելաջոյի հարցերը, դարձնի նրան պատգամավոր ու ՀՀԿ-աբար պաշտպանում է նրան:
Բայց պարոն Մհերի աշխարհագրությունը միայն Երևանով, Շենգավիթով, Էրեբունիով ու Թոխմախով չի սահմանափակվում:
Նա պայքարում է նաև Գեղարքունիքի կողմերում:
Ավելի շուտ` «Եվրոպայի» դեմ: Իսկ ճշգրիտ` «Եվրոպայի Սերգեյի» դեմ (նրա փեսա Կարեն Բոթոյանի ընտրատարածքում):
Ոնց տեսնում եք` աշխարհաքաղաքական` գեոպոլիտիկ պայքարը միայն կուսակցությունների միջև չէ. այն նաև մեծամասնականով առաջադրված թեկնածուների առաջնահերթությունների շարքում է:
Հետո էլ ասում են` գեոքաղաքական-գաղափարական պայքար, բանավեճ այս ընտրություններում չկան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ