ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՓԼՎՈ՞ՒՄ Է
Ըստ որոշ աղբյուրների` ստորգետնյա դատարկությունները Հյուսիսային պողոտայում հնարավոր փլուզումների պատճառ կարող են դառնալ: Կա կարծիք, որ իջվածքները գոյանում են հողի վրա բազմահարկ շենքերի հսկայական ծանրությունից:
«Շատերը, առանց հիմնավորելու, ինչ ասես կարող են ասել, բայց դա այդպես չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանահանքային գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ` հիմնավորված չեն այն խոսակցությունները, թե կարող են ապարների, հիմքերի նստեցումներ առաջանալ այս կամ այն տարածքում, ավելին, ինժեներաերկրաբանական պայմանները, ապարների ֆիզիկական հատկությունները բարենպաստ են նման շենքեր կառուցելու համար:
Անդրադառնալով մայթերի զիգզագաձև իջվածքներին, Մարատ Գրիգորյանը պարզաբանեց, որ դրանց առաջացման պատճառը մակերեսային պայմաններն են` անձրևաջրեր, կենցաղային ջրեր և ոչ բարեխիղճ կառուցված մայթեր:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է «ՄԵԾ ՄՈՐՍ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ» ՖԻԼՄԸ
ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից բացի, այս օրերին թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը, որն օրերս ցուցադրվել է արաբական հեղինակավոր Al-Jazeera հեռուստաալիքով:
Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Խարտալյանը փորձում է հետաքննել իր մահացած մեծ մոր` Խանումի կյանքի իրական պատմությունը: Ջարդերի օրերին 12 տարեկան Խանումին բռնաբարել էր մի քուրդ կապիտան: 12-ամյա այդ աղջնակը հենց այն Մեծ մայրիկն է, որը դաջված էր ու բռնաբարված, և որը հետագայում պետք է բացահայտեր այդ դաջվածքն ու զզվանքով փորձեր ազատվել դրանից:
Խարտալյանն անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915 թվի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ: Թուրքական մամուլը այն համարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզարշավ», որի ժամանակ, իբր, ամեն ինչ ներկայացվում է միակողմանի:
«ԲԱՆԱԿՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ»
«Անցած տարի բանակում նվազել են մահվան ելքով դեպքերը, գրանցվել է մահվան ելքով 36 դեպք, որոնք արդյունք են 30 հանցագործությունների, 10-ը` հակառակորդի կողմից»,- այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ:
«Մեզ համար ամեն մի հայ զինվորի մահը մեծ ցավ է և մեծ դժբախտություն: Կարող ենք փաստել, որ ունենք 33 տոկոս նվազում մահվան ելքով դեպքերի և 88 տոկոս` ընդհանրապես հանցագործությունների»,- ասել է զինդատախազը, հավելելով, որ այս ցուցանիշները դեռ գոհացուցիչ չեն, ուստի զինդատախազությունը, պաշտպանության նախարարության հետ համատեղ, շարունակելու է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Լուրերը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ