Ամերիկացի հայտնի երգիչ, Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Ադանա» հանրահայտ երգի խոսքերի հեղինակ Դանիել Դեքերի թողարկած նոր ձայնասկավառակում զետեղված է հայերեն 13 երգ: Ձայնասկավառակը վերնագրված է «Դանիել Դեքերյան»:
«Այսօր շատերը ձգտում են նմանվել ուրիշ ազգերի, երգում են ուրիշների երգերը, նվագում են ուրիշների երաժշտությունը: Բայց մենք ունենք մի վառ օրինակ, երբ օտարերկրացին ինքն է ուզում երգել մեր երգերը: Դանիել Դեքերը շատ մեծ գործ է անում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար»,- Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Գևորգյանը, նշելով նաև, որ թեև Հայոց ցեղասպանության մասին երգող օտարազգի Դեքերը զերծ չի մնացել թուրքերի «թուք ու մրից», շարունակում է երգել հայերեն` Հայաստանի մասին:
«Առաջին համագործակցությունն Արա Գևորգյանի հետ սկսեցի «Մուշ» երգով, դա իմ առաջին ծանոթությունն էր Հայաստանի հետ, սկսեցի ուսումնասիրել հայոց պատմությունը և շարունակ նոր բան եմ իմանում ձեր երկրի մասին»,- ասաց երգիչը, հավելելով, որ Հայաստանում ամենից շատ սիրում է հայ մարդկանց: Երգիչը նշեց նաև, որ երաժշտությունը ժամանց չէ, այն շատ բան կարող է փոխել, շատ խնդիրներ կարող է լուծել: Նրա նախաձեռնությամբ` 20 տարբեր երկրների 15 հայտնի երգիչների կատարմամբ հնչող «Ադանա» երգը ներկայացվելու է ցեղասպանության տարելիցին և իրականացվելու է համաշխարհային շրջագայություն:
Առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնվի նաև «Սիրեցէք զմիմեանս» երգը (տեքստը` Դանիել Դեքերի, երաժշտությունը` Արա Գևորգյանի), որը դարձյալ ձայնագրվում է աշխարհի տարբեր ազգերի հայտնի երգիչների մասնակցությամբ: Արա Գևորգյանը նշեց, որ եթե հաջողվել է երգել ցեղասպանության մասին, խաղաղության մասին ավելի հեշտ կլինի երգել: Իսկ օտարերկրացի երգիչը համոզված է` ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, անհերքելի փաստ է։ Նա վստահ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու է բոլորի կողմից։
Լուրերը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ