Վարչապետ Տիգրան Սարգսյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի երկխոսությունը կառավարության նիստում անասնաբուժության շուրջ էր։ Այլ կերպ ասած, Արմավիրի մարզում բնակիչները բողոքում են պատվաստանյութերի անորակությունից։ «Բողոքում են, որ պատվաստանյութերը որակյալ չեն, և դրա պատճառով խնդիրներ են առաջանում»,- նկատեց վարչապետը։ Գյուղնախարարն այս կարծիքին, պարզվեց, համաձայն չէ. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում»։ Պարզելու համար` համապատասխանում են, թե ոչ, վարչապետը հանձնարարեց խնդիրն ուսումնասիրել և լուծում գտնել։ Արդյոք դա հնարավո՞ր է, քանի որ տեղական լաբորատորիաներն այդ հնարավորությունը չունեն, ինչն իր խոսքում հաստատեց նաև գյուղնախարարը։ Համաձայնեք, անկեղծ խոստովանությունն այս դեպքում խնդիրը չի լուծում, հատկապես եթե նկատենք, որ հարցը վերաբերում է սննդի անվտանգության ապահովմանը։ Բոլոր դեպքերում, Սերգո Կարապետյանը վարչապետին առաջարկեց թույլ տալ այսուհետ պատվաստանյութերը ներկրել միայն այն եվրոպական երկրներից, որոնք արտոնագրեր ունեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ