«ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս տարի ևս կշարունակվի սոցիալապես անապահով ընտանիքներին մինչև 300 խմ գազի դիմաց վճարման պետական օժանդակությունը»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելեց, որ այս ծրագրի նպատակն է հնարավորինս թեթևացնել անապահով ընտանիքների սոցիալական բեռը։ Երեկ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց անապահով ընտանիքներին տրամադրվող գազի սուբսիդավորման ծրագիրը մեկ տարի ևս շարունակելու մասին որոշումը։ «Անցած տարի այս ծրագրով պետական միջոցներից հատկացվել է 620 մլն դրամ»,- նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց փոխնախարարը։ Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից ճշտեցինք, որ անցած տարի այս ծրագրից օգտվել է 94 հազար ընտանիք։ «Գազի սուբսիդավորման ծրագրից օգտվել և օգտվելու են միայն ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները»,- պարզաբանեց նախարարը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ