Մաշտոցի պողոտայի հարակից այգու տաղավարների դեմ բողոքողները երեկ «պաշարել» էին կառավարության շենքը, իսկ ներսում ընթացող նիստի ժամանակ վարչապետը վստահեցրեց, որ տաղավարներն այգում ընդամենը երեք տարվա կյանք ունեն։ Միևնույն ժամանակ վարչապետի աչքից չէր վրիպել, որ խնդիրը քաղաքականացվում է։ «Հարցը քաղաքական հնչեղություն է ստացել։ Ինչպես արդեն Տարոն Մարգարյանի հետ հայտարարել ենք, մենք դեմ ենք տաղավարների մշտական տեղադրմանը։ Դրանք ժամանակավոր բնույթ ունեն` առավելագույնը երեք տարի։ Ժամանակավոր տեղադրումը պայմանավորված է նրանով, որ այդ հատվածում իրականացվելու է «Հին Երևան» նախագիծը, որով, ըստ նախատեսվածի, մուտքը սկսվում է Մաշտոցի պողոտայից»,- նշեց վարչապետը։ Նա նաև հավելեց, որ կարևորում է ընդդիմախոսների կարծիքը։ Նկատենք, որ չնայած այս պնդումներին, դրսում հավաքվածները թերահավատ էին տաղավարների ժամանակավոր լինելու հարցում։ Այս թերահավատությանն ի պատասխան վարչապետն իր խոսքում հիշատակեց, որ իրենք հետամուտ եղան Աբովյան փողոցը տաղավարներից մաքրելու իրենց խոստմանը։ Փաստորեն դրսում կանգնածներին «մեսիջ» ուղարկվեց, որ հետևողական են լինելու տաղավարների ժամանակավոր լինելու հարցում նույնպես։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ