Վերջին օրերին տարբեր քաղաքացիներից ահազանգ ենք ստանում, թե այս կամ այն հիվանդանոցում տեղի խնդիր կա, այսինքն` այնքան շատ են հիվանդները, որ բավարար չեն ո՛չ հիվանդասենյակները, ո՛չ էլ մահճակալները։ Իրավիճակը փրկելու համար հիվանդանոցի բժիշկներն ու ղեկավարները ելքը գտել են։ Այն հիվանդին, որի ապաքինման համար հարկավոր է հիվանդանոցում գոնե մեկշաբաթյա ստացիոնար հսկողություն, երկու-երեք օր հետո, երբ նա իրեն փոքր-ինչ լավ է զգում, «դուրս» են գրում։ Սա հարուցել է բոլոր նրանց դժգոհությունը, ովքեր դեռ շատ թույլ են ու հիվանդանոցային ռեժիմի կարիք ունեն։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ հիվանդները մարզերից են լինում։
Այս ամենին բժիշկներն էլ իրենց պարզաբանումն ունեն. շատացել է հիվանդ, անհապաղ վիրահատման ենթակա քաղաքացիների թիվը, և այլ ելք չի մնում, քան երկու-երեք օր շուտ արդեն «լավ զգացողություն» ունեցող հիվանդին ուղարկել «տնային ռեժիմի»։
Ցավոք, այս իրողությունը տխուր հետևությունների հիմք է տալիս։ Փաստորեն, հասարակության անառողջ հատվածը գնալով մեծանում է, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` սթրեսից սկսած մինչև ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ