Ընտրարշավի վերջին օրերին աչալուրջ ՀՀԿ-ն մեկ էլ ու պարզել է, որ 22-րդ ընտրատարածքում իրենց պաշտպանած ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի բուկլետում ՀՀԿ զինանշանը թարս` հայելային է պատկերված, ու հավերժության նշանը հակառակ է պտտվում:
Սիմվոլի՞կ է սա ՀՀԿ-ի ու Մանվել Բադեյանի համար, թե՞ ոչ. շատ չխորանանք, մանավանդ որ 22-րդ ընտրատարածքում առաջին հայացքից որևէ լուրջ «կոնկուրենտ ֆիրմա» ՀՀԿ-ի համար չկա. թեկնածուներ են, որոնք առանձնապես ընտրվելու մեծ շանսեր չունեն (բայց, մեր կարծիքով, խնդիրն այդ չէ, խնդիրն այն է, որ տեղի` Գեղարքունիքի ԲՀԿ-ականները հայտարարել են, որ պաշտպանում են ՀՀԿ-ական Մանվել Բադեյանին, իրականում` «տակից», իրենց ասածը «թարս» են «ֆռռացնում» «նշանը» ու աշխատում են կոմունիստ Վանիկ Հարությունյանի համար):
Ինչ վերաբերում է բուկլետի «հայելաբարո» զինանշանին, ՀՀԿ-ում անվերապահորեն համոզված են` պետք է անպայման ուղղել, թեկուզ քարոզարշավն ավարտվում է. մեծ ծախս չէ` մի հարյուր հազար դրամ. չի կարելի թողնել, որ իրենց «հավիտենության» նշանը հակառակ պտտվի. հանկարծ իշխանությունը կհանձնեն:
Կարմեն Դավթյան