Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Զագիտովան դառնում է ահեղ մրցակից

Զագիտովան դառնում է ահեղ մրցակից
21.11.2017 | 13:20

Ռուս մենասահորդուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլում անցկացված գրան պրիի մրցաշարի հինգերորդ փուլում շրջանցելով բոլորին` մեծահասակների մրցաշարում տարավ իր երկրորդ հաղթանակն ու որակավորվեց Նագոյայում (Ճապոնիա) կայանալիք այս մրցաշարի եզրափակչի մասնակցության համար (անցկացվելու է դեկտեմբերի 7-10-ին), որին նույնպես երկու հաղթանակով մասնակցելու է Եվգենյա Մեդվեդևան:


Նշենք, որ հաղթանակ տանող ճանապարհը մարզուհու համար դյուրին չի եղել: Առաջին վարժությունը նա ավարտել է չորրորդ հորիզոնականում (բարդ տարրը կատարելիս վայր է ընկել, իսկ վարժության կրկնությունը պահանջված մակարդակի չի եղել), սակայն երկրորդում այնպիսի ծրագիր է ցուցադրել, որ խամրեցրել է բոլորին: Ազատ ծրագրում Զագիտովան հավաքել է գերբարձր միավորներ (151,54)` դառնալով աշխարհում 150-ի նիշը հաղթահարած երրորդ մարզուհին: Ավելորդ չհամարենք ասել, որ Գրենոբլում Ալինայի հետ (այսպես ասած` դեմ առ դեմ) մրցել է կորեացի Կիմ Յու Նան` երկրորդ արդյունքի հեղինակը: Ինչ վերաբերում է առաջին արդյունքին, դրա հեղինակը մեր Ժենյա Մեդվեդևան է, որը 160-ականների լիգայի միակ անդամն է:


Միջանկյալ նշենք, որ կորեացի մարզուհին, որն աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրն է, երկու տարրերի ձախողումից հետո նահանջել է երրորդ հորիզոնական, երկրորդ տեղը զիջելով ռուս մարզուհի Մարիա Սոտսկովային: Ակնհայտ է դառնում, որ եթե արտակարգ ոչինչ չպատահի, ռուսական մարզական կորպուսն օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք կշնորհի Եվգենյա Մեդվեդևա-Ալինա Զագիտովա-Մարիա Սոտսկովա եռյակին: Իսկ արտակարգ վիճակի սպասում, այդուհանդերձ, կա: Գնալով ավելի ու ավելի տագնապալի են դառնում լուրերն այն մասին, որ ռուսներին չեն թողնի մասնակցել առաջիկա ձմեռային խաղերին, սակայն այս մասով շատ ավելի մանրամասն կլինենք մեկ այլ առիթով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

irates.am