Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե ոչ՝ դեռ պարզ չէ

ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե ոչ՝ դեռ պարզ չէ
23.09.2026 | 10:22

Սեպտեմբերի 17-ին նախագահ Թրամփը Axios-ին ասել էր, որ քննարկում է Իրանին ուղղված զանգվածային հարվածները վերսկսելու կամ չվերսկսելու վերաբերյալ հարցը։

Սեպտեմբերի 20-ին Իրանի զինվորականները հայտարարել են, որ տեղեկություններ ունեն ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման հավանականության առնչությամբ և նախազգուշացրել են պատասխան հարվածների մասին։

Միաժամանակ չեն դադարում դիվանագիտական շփումները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին ներկա են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։

Նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել նախագահ Փեզեշքիանի հետ, սակայն հանդիպման մասին հստակ տեղեկություն չկա։

ՄԱԿ-ի ամբիոնից այսօր Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի կողմից գործարքի վերաբերյալ արված առաջարկները, և որ ինքը երբեք թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։

Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ գործարք կկնքի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Իսկ ի՞նչ է լինելու մինչ նոյեմբեր՝ դեռ պարզ չէ:

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զինված ուժերին հրահանգվել է պահպանել ներկայիս խմբավորումն առնվազն մինչև տարեվերջ այնպես որ, անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ վերադառնալ լայնածավալ ռազմական գործողություններին։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ուժեղացնում է տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններին սպասարկող օտարերկրյա ընկերությունները կարող են ենթարկվել երկրորդային պատժամիջոցների։

Turkish Airlines-ը, AJet-ը և Pegasus թուրքական ավիաընկերություններն արդեն չեղարկել են դեպի Իրան իրականացվող չվերթները։ Turkish Airlines-ը և AJet-ն իրենց թռիչքները հանել են չվացուցակից մինչև 2027 թվականի մարտը, իսկ Pegasus-ը՝ ամրագրման համակարգից։ Իրանի հետ ավիահաղորդակցությունը չեղարկել են նաև Իրանի բարեկամներ Օմանը, Ադրբեջանը և Իրաքը:

Իրանի թեման լինելու է նաև սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպման թեմաներից մեկը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանի ֆինանսական իշխանությունները ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ են անցկացնում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի դիմումից հետո Պեկինը նույնպես Թեհրանին խնդրել էր օգտագործել իր ազդեցությունը՝ հուսիներին զսպելու համար։

Այս պահի դրությամբ, իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ