Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Բովանդակ գրառում անբովանդակ քաղաքական դաշտի մասին

Բովանդակ գրառում անբովանդակ քաղաքական դաշտի մասին
25.01.2026 | 15:52

Եկեք ներքաղաքական դաշտը քննենք երեք տարբեր դիտանկյուններից՝

Ա․ Հայոց մեծ երազանքի դիտանկյունից

Բ․ Ռեալիզմի կամ հաշվարկի դիտանկյունից

Գ․ Ներկա թնջուկից որևէ կերպ դուրս գալու դիտանկյունից

Կանխավ ասեմ, որ այս հոդվածում զերծ եմ մնալու անուններ օգտագործելուց, բայց հասկանալի ու պարզ կլինի ամեն բան։

Ա

Դե, իհարկե, երկրի այս իրավիճակում մեծ երազանքի, հեռահար տեսիլի կամ 100 տարվա ռազմավարության մասին խոսելը ժամանակավրեպ և անլուրջ պիտակավորվելու ամենամեծ վտանգի տակ է դնում բարձրաձայնողին։ Բայց եկեք մի պահ մոռանանք մեր վիճակը և հետ գնանք ժամանակի առանցքով։ Արդյո՞ք հայկական իրականության մեջ եղել է որևէ ակնթարթ, որ կարող էինք մտածել՝ ահա այս պահն է ամենահարմարը երկարատև ռազմավարություն և երազանք կառուցելու համար։ Փաստորեն՝ ո՛չ, ցանկացած պահ ունի իր մեծագույն խնդիրը հաղթահարելու, և երազանքը այդպես էլ մնում է երազանքի մակարդակում։ Բայց քանի որ բոլորս գիտենք, որ բազմաթիվ պետություններ հաջողել են այստեղ, ապա հարց է առաջանում, ի՞նչ է, միայն մե՞զ բախտ չի վիճակված իրական երազանք ունենալու, թե՞ ուղղակի բանաձևը չենք գտել։

Այս ծանր թվացող փիլիսոփայական հարցի պատասխանը իրականում այդքան ծանր չէ՛, հատկապես, երբ ուսումնասիրում ես այլոց փորձը։ Պարզվում է, որ երազանքն ու երկարատև ռազմավարական ուղղություն վերցնելը, հակառակի պես, ոչ թե հանգիստ ու խաղաղ ընթացք է ենթադրում, այլ՝ բուռն ու անցումային։

Այստեղ առաջանում է կրկնակի խնդիր մեզ համար, որովհետև ստացվում է, որ մենք ոչ միայն չունենք երազանք, այլ նաև չենք կարողանում այն ծնել անցումային թվացող շրջանում։

Իսկապե՛ս, կարող ենք համարձակորեն արձանագրել, որ քաղաքական դաշտում որևէ ուժ հանդես չի գալիս երկարատև ռազմավարական ծրագրով, որն իր մեջ պարունակի պատմական արդարության, իրավունքի, դեմոգրաֆիական, տնտեսական, պաշտպանական, սոցիալական և ընդհանրապես փիլիսոփայական խնդիրների համապարփակ 50-100 տարվա ռազմավարական ծրագրով, ուր մնաց դրա բացվածքով։

Քաղաքական դաշտը այս առումով մերկ է, այսինքն, 2026 թվականին մոռացե՛ք, որ կարող եք գտնել թեկնածու, ում կընտրեք՝ ելնելով այս ծավալներից և հեռահարությունից։

Իսկ սա հուշում է, որ ցանկացած ոք, ով չունի մի քանի հատորանոց բացված ծրագիր, որտեղ նկարագրվում են հստակ գործողություններ և քայլեր, զուգահեռ խոսում է 20 և ավելի տարվա անվտանգության, բարեկեցության և այլնի մասին, ուղղակի մանիպուլացնում ու ստում է ձեզ՝ փորձելով օգտագործել ձեր ձայնն ու հավատը։

Բ

Եվ ահա բոլոր ուժերին թվում է, թե իրենք այստեղ են՝ սառը հաշվարկի և դատողության դաշտում։ Բայց իրականում այստեղ միայն նրանք են, ովքեր տիրապետում են իրական վիճակագրությանը, հասկանում են այդ վիճակագրական տվյալների պատճառները և կարողանում են տրամաբանական լուրջ վերլուծության ենթարկել ամեն հաջորդ շաբաթվա ընթացքը։ Ըստ այդմ էլ կազմակերպում են իրենց գործողությունները․․․

Իրականում այստեղ զգացմունքները իսկապես ավելորդ են։ Հասկանալու համար, թե 2026 թվականին ինչ ելքեր կարող են լինել, անհրաժեշտ է նախ հավաքագրել բոլորին հայտնի իրական փաստերը և դրանք առանձնացնել կեղծ թեզերից։

Նախ պետք է մի փոքր ժամանակ հատկացնել և ուսումնասիրել այսօրվա ընտրական կարգը, սա պետք է կատարի յուրաքանչյուր ընտրող կամ գոնե յուրաքանչյուր ընտանիքից մեկը։ Որպեսզի չտրվենք մանկական կեղծիքների։ Օրինակ՝

1․ Ընտրությանը չմասնակցելը ոչ մի պարագայում օգտակար չէ, որովհետև օրենքը չի սահմանում մինիմալ շեմ։ Եվ չմասնակցելով՝ չեք կարող չեղարկել ընտրությունները։ Ստացվում է՝ չմասնակցելով նպաստում եք միայն ու միայն նրանց, ովքեր ունեն իրենց մինիմալ անցողիկ ընտրազանգվածը։ Երբ, օրինակ, 100 հոգի է մասնակցում, և մեկը ունի իր հստակ 20–ը, ինքը հավաքում է ընդամենը 20%-ը, բայց երբ 40–նն է մասնակցում, իր 20 հոգին կազմում են արդեն մասնակցածների 50%, և սա պրիմիտիվ փաստ է։

2․ Ուսումնասիրել թվերը՝ իմանալ քանի ընտրող կա, քանի տոկոսն է մասնակցել վերջին 10 տարվա ընթացքում եղած ընտրություններին, իմանալ քանի տոկոսն է անցողիկ շեմը և այդ տոկոսը միջին հաշվարկով քանի մարդու մասին է։

3․ Ուսումնասիրել վերջին տարիների ՏԻՄ ընտրությունների արդյունքները և հասկանալ, որ ոչ ոք այս պահին Հայաստանում չունի մեծամասնություն, և ամբողջ զրույցը, որ սպասարկում է որևէ ուժի հաստատ հաղթելու մասին վարկածը, ուղղակի մանկական մեդիահնարք է։

4․ Ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ վատ է վարչական կամ տնտեսական, սոցիալական կամ արտաքին քաղաքական ոլորտներում. այս թեզերը կրկին մեդիահնարքներ են, ավելի ճիշտ, տեղեկատվական պատերազմներ, որոնց զոհը մենք հաճախ դառնում ենք։ Փոխարենը անհրաժեշտ է ուղղակի մտնել և ուսումնասիրել տվյալ տեղեկատվական հոսքի տեղեկությունների մեծ մասը, ընդհանուր ինչ քարոզ է անում և իրեն վերաբերվել որպես տվյալ հոսանքը առաջ տանող, այլ ոչ թե ճշմարտություն քարոզող։

Այս պահին տոկոսային վիճակագրությունը 2026 թվականի ընտրությունների համար շատ լողացող է և ոչ կայուն, ինչը խոսում է այն մասին, որ շատերը կարող են հաջողել և շատերն էլ կարող են ձախողել։ Այս նախադասությունը որքան դեմագոգիկ, այդքան էլ խոսուն է հասկացողների համար։ Ապրիլին՝ ընտրություններից երկու ամիս առաջ, պատկերը ավելի գնահատելի կլինի։

Այս պահին կարող ենք ասել, որ փոքր ուժերից դեռ ոչ ոք անցողիկ շեմի թափ չի ցուցադրել։ Հիմնականում զբաղված են մեդիաարշավներով։ Լուրջ միավորումներ, քաղաքական լուծումներ առաջարկողներ չկան կամ եթե կան՝ խիստ անլսելի են, որոշ դեպքերի համար ասում եմ ափսոսանքով։

Մեծերը կամ ֆինանսական ռեսուրսակիրները, որովհետև քաղաքական դաշտում նրանց մեծ անվանելը մի փոքր արդար չէ, կրկին զբաղված են մեդիաարշավներով և դրանք սպասարկող գործողություններով՝ բովանդակություն չկա, ուստի լուրջ արդյունքներ չեն ունենալու նաև իրենք։

Գ

Ներկա թնջուկից դուրս գալու համար 2026 թվականի ընտրությունները ընդամենը անցումային գործողություն կարող են ծառայել, այս ընտրությունները թնջուկը ամբողջապես քանդելու պոտենցիալ չունեն։ Նախապես ասեմ, որ խնդիրը ամբողջապես լուծելու համար մեզ անհրաժեշտ է Ա կետի խնդիրը լուծել, բայց, քանի որ այդ խնդիրը դեռ լուծված չէ, մենք կարող ենք միայն գնալ դեպի այդ խնդրի լուծում։

Այս պահին լավագույն լուծումը, որ տեսնում եմ, դա քաղաքական մոնոպոլիան վերացնելն է, այսինքն, որևէ կողմի բացարձակ մեծամասնությունը ձեռքից վերցնելը։ Թվում է, թե այսօրվա «Սերժի կոստյում» անունով հայտնի կարգը թույլ չի տալիս որևէ կերպ հավասարակշռել վարչապետի ինստիտուտը, բայց եթե պայմանականորեն դիտարկենք, որ խորհրդարանում հայտնվում են 6 և ավելի տարբեր ուժեր և արագ կարողանում են համաձայնության գալ թեկուզ ոչ ցանկալի կերպարի թեկնածության շուրջ, ապա այդ պահից ձևավորվում է քաղաքական վերահսկողություն ընտրված նույն թեկնածուի հանդեպ՝ նրան ցանկացած պահի հետ կանչելու իրավունքի ուժով։ Զուգահեռաբար ձևավորվում է բազմաթև խորհրդարան, որը կարող է մեկ տարվա ընթացքում հեղաշրջել ողջ օրենսդրական կյանքը՝ բերելով նոր կարգ։

Այսպես վարվել կարողանալու համար, անհրաժեշտ է՝

1․ Օգնել ձևավորել մի քանի փոքրերից բաղկացած միավորումներ, որոնք կկարողանան հատել մինիմալ շեմը և հայտնվել խորհրդարանում։

2․ Օգնել, որ այլ փոքրերը, որոնք չեն միավորվել, չմասնակցեն ու չփոշիացնեն ձայները։

3․ Օգնել, որ «մեծերի» ձայները իրար հավասարակշռեն և մոտ լինեն։

4․ Օգնել, որ ընտրությանը մասնակցի հնարավորինս շատ մարդ։

5․ Օգնել նրանց, ովքեր կարող են շեմը զոռով հատել, բայց գնում են «մեծ»-ի օրակարգով, արկածախնդրությամբ չզբաղվեն ու ձայներ չփոշիացնեն։

6․ Ունենալ քաղաքական մտածողություն և տրամաբանություն։

7․ Առաջնորդվել երկրի, այլ ոչ թե սեփական ուժի շահերով։

Այս պահի դրությամբ՝ այսքանը։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ քանիսը կընթերցեն և քանիսը օգտակարություն կունենան սա ընթերցելուց, բայց ինձանից հասնում էր գրելը՝ գրեցի սիրով, որովհետև կային սպասողներ։ Միշտ հաճելի է ունենալ ինտելեկտուալ ընթերցող։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 134

Մեկնաբանություններ