Անկախ Հայաստանի այս երեսունհինգ տարիներն այսօր կարելի է բնութագրել հետևյալ կերպ․ «Դառը դատեցինք, դատարկ նստեցինք»։ Եվ հարցի պատասխանը՝ թե ինչու այսպես եղավ, մենք հայեցակարգային մակարդակից իջեցրել-հասցրել ենք մարտավարականից ցածր մակարդակի՝ քաղաքական ինտրիգների մակարդակի։ Իսկ այդպես է, որովհետև այլևս վաղուց գոյություն չունի այդ հայեցակագային մակարդակը։ Դա ազգային նպատակների, իմաստների, սրբությունների, արժեքների մակարդակն է։ Ի՞նչն է սուրբ մեզ համար, կամ ո՞րն է մեր երազանքը, մեր նպատակը՝ որպես ազգ, որպես հավաքականություն։ Սրբությու՞ն է արդյոք հողը։ Իհարկե, ոչ։ Սրբությանը դիպչել չի կարելի, ուր մնաց հեգնել. հիշում եք, չէ՞, ինչպես էին «ոչմիթիզհողականներ» բառով պիտակավորում ազատագրած հողերը պահպանելու կողմնակիցներին։ Մեր արժեքային համակարգի ո՞ր սանդղակին է դրված պատմական հայրենիքի ամբողջականության, միասնության գաղափարը կամ պետականության գաղափարը։ Այն, թվում է, ընդհանրապես արժեք չէ, ուր մնաց՝ բարձրագույն արժեք։ Եթե լիներ, հնարավոր չէր լինի կյանքի կոչել «երկու հայկական պետություն» ծրագիրը։ Իսկ որպեսզի միասնությունը արժեքային համակարգում դրվեր բարձր սանդղակի վրա, նախևառաջ պետք է, որ այն իր ողջ իմաստով ընկալվեր յուրաքանչյուրի կողմից և միասնաբար։ Առանց հասկանալու՝ թութակի պես կրկնելով Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղտնագիրը, որը գրելով մեծ բանաստեղծն իր կյանքը զոհեց, մենք մինչ այսօր անում ենք հակառակը։ Եթե միասնության, ամբողջականության գաղափարը լիներ բարձրագույն արժեք, ինչպե՞ս էր հնարավոր 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեով հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մայր հայրենիքին միավորվելու ինքնորոշման իրավունքից։ Ինչպե՞ս էր հնարավոր «միացում»-ից հրաժարվել։ Որովհետև դժվա՞ր ճանապարհ էր։ Հեշտը ո՞րն էր, Արցախի անկախությու՞նը։ Դա ոչ թե հեշտ ճանապարհ էր, այլ՝ զարտուղի։ Դա օտարի օրակարգն էր, որը փաթաթված է մեր վզին առայսօր և քարշ է տալիս որ կողմ ուզում է։ Այն, ինչ ես հիմա ասում եմ, այս ամենը դիտավորյալ խեղաթյուրված ձևով ասում են մեր թշնամիները՝ օգտագործելով դրածո իշխանություններին որպես խոսափող։ Ինչու՞ են դա անում, որպեսզի մեզ նաև դրանով շեղեն ճշմարիտ ուղուց։ Որպեսզի «Արցախը Հայաստան է և վերջ» սուրբ գաղափարը կապվի ոչ թե Լեոնիդ Ազգալդյանի հերոսական կերպարի հետ և ապրի հավերժորեն, այլ պղծվի՝ դառնալով սադրանք և դրանով ավարտվի։
Նախընտրական քարոզչությունն այսօր, ցավոք սրտի, մարտավարական հարցերից վեր չի բարձրանում։ Դեռ չկա մի քաղաքական ուժ, որ համարձակություն ունենա հրաժարվելու այն ճանապարհից, որը մեզ բերեց-հասցրեց այս հանգրվանին, և էական փոփոխություն առաջարկի։ Ասի, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, որը նշանակում է՝ ՄԵԿ ԱԶԳ՝ ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Ես մեկ հարց ունեմ ղարաբաղյան շարժման մասնակիցներին․ մենք ի՞նչ զոհողության էինք պատրաստ, բացի մեր լուսավոր տղաների կյանքը զոհաբերելուց, որպեսզի Լեռնային Ղարաբաղը միավորեինք Հայաստանին։ Ի՞նչ դիվանագիտական, քաղաքական քայլեր էինք անում այդ ուղղությամբ։ Այնպես, ինչպես Չինաստանն է անում Թայվանը իրեն միավորելու համար, և շուտով դա տեղի կունենա, որովհետև նպատակ կա։ Իսկ մենք ի՞նչ էինք տալու, օրինակ, Ռուսաստանին, որ նա մեզ աջակցեր այդ գործում։ Սակայն մենք այդպիսի նպատակ չունեինք։ Որովհետև մենք չունենք մեր արժեքները, այլ ունենք միայն օտարի կողմից ներդրված արժեքներ, որոնք են անկախությունն ու ժողովրդավարությունը։ Իսկ օտարի կողմից ներդրվածը երբեք իրական արժեք լինել չի կարող, այլ ական է, որի վրա արդեն քանի դար փորձում ենք ապրել։
Կարինե Հակոբյան