2021 թվականից մինչև 2026 թվականը Հայաստանի քաղաքացին ամենօրյա ռեժիմով նույն պատկերն է տեսել ու նույն ձայներն է լսել՝ բոլոր լրատվականներով՝ սկսած Հ1 հանրային հեռուստատեսությունից։ Մարդիկ, որոնք ներկայացվում էին որպես «անկախ փորձագետներ», «քաղաքական վերլուծաբաններ», «քաղաքագետներ», տարիներ շարունակ զբաղեցրել են մեդիա եթերը՝ խոսելով իբր չեզոք դիրքերից, իբր պետական շահից, իբր հասարակության անունից։ Եվ հանկարծ, առանց ամոթի, առանց ներողության, առանց նույնիսկ ձևական բացատրության, նրանք հայտնվում են ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Սա զավեշտ չէ։ Սա քաղաքական խաբեության մերկացումն է։
Սա փաստում է, որ այդ մարդիկ սկզբից էլ անկախ չեն եղել։ Նրանք չեն «քաղաքականացել» ինչ-որ պահի։ Նրանք տարիներ շարունակ եղել են իշխանության գաղափարական սպասարկողներ, պարզապես գործել են ոչ թե կուսակցական քարտով, այլ մեդիա մանիպուլյացիայի միջոցով։ Նրանց գործառույթը մեկն է եղել՝ ստեղծել կեղծ չեզոքության պատրանք և այդ պատրանքի տակ լեգիտիմացնել գործող իշխանության քաղաքական գիծը։
Այս տարիներին Հայաստանում փաստացի արգելվել է այլընտրանքային քաղաքական դիրքորոշումը։ Ոչ օրենքով, այլ շատ ավելի արդյունավետ մեխանիզմով՝ տեղեկատվական խեղդմամբ։ Լուրջ կուսակցությունները, գաղափարախոսությունները, համակարգային ընդդիմադիր միտքը կամ ամբողջությամբ դուրս են մնացել մեդիա դաշտից, կամ ներկայացվել են ծաղրական, վարկաբեկող, մարգինալացնող կոնտեքստում։ Մինչդեռ իշխանությանը սպասարկող դեմքերը անընդհատ վերարտադրվել են եթերում՝ նույն թեզերով, նույն բառապաշարով, նույն «վերլուծություններով»։
Սա չի եղել պատահականություն։ Սա եղել է համակարգված քաղաքական տեխնոլոգիա, ինչի մասին ինքս մշտապես խոսել եմ:
Երբ հասարակությանը տարիներով ցույց են տալիս միայն մեկ թույլատրելի կարծիք, բայց այն ներկայացնում են որպես «փորձագիտական», հասարակությունը զրկվում է համեմատելու, կասկածելու, ընտրելու կարողությունից։ Քաղաքացին չի ստանում գաղափարների բախում, ծրագրերի մրցակցություն, արժեքների հակադրություն։ Նա ստանում է մեկ ուղղությամբ հղկված տեղեկատվական հոսք, որը ձևավորում է ոչ թե ազատ ընտրող, այլ վերահսկվող սպառող։
Արդյունքում ձևավորվել է բռնաբարված հասարակական կարծիք։ Ոչ ֆիզիկապես, այլ ինտելեկտուալ առումով։ Հասարակություն, որի գիտակցությունը տարիներով մշակվել է այնպես, որ այն ի վիճակի չլինի գիտակցված քաղաքական ընտրություն կատարել։ Քվեարկության օրը նման հասարակությունը չի ընտրում։ Նա պարզապես վերարտադրում է այն, ինչ իր մեջ ներդրվել է նախորդ հինգ տարիներին։
Եվ երբ այդ «անկախ վերլուծաբանները» վերջապես հանում են դիմակները ու կանգնում են ՔՊ ցուցակում, պարզվում է ամբողջ ճշմարտությունը․ մեդիան չի ծառայել հանրությանը, մեդիան ծառայել է իշխանությանը։ Հանրային հեռուստատեսությունը չի եղել հանրային, իսկ «անկախ փորձագետը» չի եղել անկախ։
Սա քաղաքականության աղճատում է։ Սա ժողովրդավարության իմիտացիա է։ Սա իշխանության պահպանում է ոչ թե գաղափարով կամ արդյունքով, այլ տեղեկատվական մենաշնորհով։
Եվ սա այն գինն է, որը հասարակությունը վճարում է այն պահին, երբ համաձայնում է ապրել կեղծ չեզոքության մեջ՝ իրական ընտրությունից զրկված։
Գևորգ Կարապետյան