«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

«Երկաթը չեն տալիս, երկաթը դարբնում են»

«Երկաթը չեն տալիս, երկաթը դարբնում են»
05.06.2026 | 21:30

։

Այս հոգևոր կամուրջը, որին մարդկային էությունն առնչվել է դեռևս Հին ՈՒխտի մարգարեություններում և առերեսվել Նոր Կտակարանի էջերում, միավորում է տեսանելին ու առեղծվածայինը։ Սա հնարավորություն է՝ «վերին ճշմարտության» անունից հարաբերվելու այն անցյալի կամ ապագայի հետ, որտեղ քաղաքական կոնյունկտուրան կամ ժամանակավոր վախերը չունեն ոչ մի իշխանություն։

Ներկա կառավարելի քաոսում, ուր փլուզվել են պետական ու բարոյական արժեքները, տեսիլքը դադարել է լինել սոսկ գրական հնարանք։ Այն վերածվել է հոգևոր դիմադրության միակ հանգրվանի, որտեղ անհատը ձգտում է առերեսվել իրականության այնպիսի շերտերի, որոնք անհասանելի են ստամոքսային քարոզչության և ամբոխահաճո տխմար ճառերի խառնափնթորում։

Եթե ֆիզիկական հարթությունում մեզ ամեն օր փորձում են համոզել, թե պարտությունը հաղթանակ է, անկումը՝ վերելք, իսկ կորուստը՝ աննախադեպ ձեռքբերում, եթե նախընտրական կրկեսում խոզի կաշի քերթող ու խժռողին ամբոխի տգիտությունը փորձում է կարգել մեր ժամանակների «Աշոտ Երկաթ», ապա տեսիլքի անողոք լույսի ներքո այդ «կավե կուռքը» կանգնում է իր ողջ մերկությամբ՝ ցուցադրելով սեփական հոգեվարքն ու թշվառությունը։

Տեսիլքն ինձ համար երանելի այն տարածքն է, որտեղ հայտնվում են մեր նախնիների սրբազան ստվերները և գալիք սերունդների անթարթ հայացքները՝ դատավորի պես կանգնելով ներկայի «պեռաշկիակերների» ու չալաղաջախժռության գլխին։ Այստեղ է, որ ժամանակավոր վախերն ու կորուստները տեղի են տալիս հավերժական պատասխանատվության առջև։

Սթափեցնող այս հայելին ստիպում է տեսնել ոչ թե այն կեղծիքը, որ երկրի գլխին կանգնած խոզ խանձողներն ուզում են պարտադրել աշխարհին, այլ այն դառը ճշմարտությունը, թե ինչ իրականության մեջ ենք արթնացել։ Անդրադարձը պատմության խորքերին ինձ համար ոչ թե փախուստ է ներկայից, այլ ամենացավոտ ու անհրաժեշտ հայացքը վերջին ութ տարում գրեթե փոշիացած ազգային ինքնության հենց այն արահետին, որտեղից սկսվելու է իրական փրկության ճանապարհը։

Հունիսյան մի առավոտ հայի ազգային արժանապատվության բեկորների փնտրտուքները տեսիլքի թևերով ինձ հասցրին Ք.հ. 10-րդ դար։

921 թվական... Բագրատունյաց Հայաստանի օրհասական, բայց և ամենափառահեղ տարեթիվը։ Սևանի նշանավոր ճակատամարտի նախօրյակը, երբ երկիրը կանգնած էր ֆիզիկական բնաջնջման եզրին։

Սևանա կղզի։

Քամին ծածանում է Բագրատունյաց գահական դրոշը։

Արաբական զորքերը՝ Բեշիրի գլխավորությամբ, լճափին են, իսկ կղզում իր 70 նետաձիգների հետ Աշոտ Բ Երկաթն է՝ Հայոց շահնշահը, որի թագավորությունը պատառոտված է ներքին դավաճանություններով ու արտաքին թշնամիների հարձակումներով, բայց ում ոգին անսասան է։

Վաղորդայնի կաթնագույն մշուշը դեռ չէր տարանջատվել լճի մակերևույթից, երբ ոտք դրեցի կղզու քարքարոտ ափին։ Օդում որսացի ոչ թե հունիսյան աղոթարանի հոգին շոյող ջերմությունը, այլ պատերազմի ու մոտալուտ ճակատամարտի սարսուռը։

Սուրբ Առաքելոց եկեղեցու մամռոտ պատին հենված էր այլակերպ սպառնալիքներից ու հոգսերից վաղաժամ ակոսված դեմքով, թիկնեղ Աշոտ Երկաթը։ Արքայական լանջին Բագրատունյաց թագավորական օղազրահն էր։ Հայացքը հառած էր հակառակ ափին, ուր հորիզոնում հազի՜վ նշմարվում էին արաբական զորքերի վրանների աղոտ ուրվագծերը։

Մոտեցա զգուշավոր, անշշուկ քայլերով, չցանկանալով խախտել պահի խորհրդավորությունը։

- Արքա՛ հայոց,- ձայնս, որ հազիվ լսելի էր, խախտեց արևագալի լռությունը,- ես բեկյալ մի հոգի եմ Քո ապագայից, 1105 տարվա այն հեռավորությունից, որտեղ ժամանակը ջնջել է քաղաքների ու բերդերի սահմանները, բայց չի բուժել հայի հավերժական ցավը։

Այնտեղ հիմա նորից մշուշ է, Արքա։ Բայց ոչ թե Սևանի ջրերից ծնված, այլ սեփական տկարությունը պաշտողների ձեռամբ սփռված։

Դու՛, որ 70 նետաձիգով պատնեշ ես դարձել հայրենի հողի ու թշնամու արանքում, գիտե՞ս արդյոք, որ հազար տարի անց Քո անունն ու փառքը փորձում են յուրացնել նրանք, ովքեր ընդամենը խոզ խանձել, կաշին քերթել և ուտել գիտեն, ում համար հայրենիքը սկսվում ու ավարտվում է խնջույքի սեղանով։

Եկել եմ, Արքա, Սևանի այս սրբազան կղզի՝ հայի փոշիացած ինքնության փնտրտուքներով։ Իմ ժամանակներում պարտությունը հաղթանակ են անվանում, իսկ թշնամու առաջ ծնկած կավե կուռքերին բարձրացնում պատվանդաններին։

Որտե՞ղ է Քո երկաթը, Արքա՛, որտե՞ղ է այն թաքնված, որ չենք գտնում մեր ներսում...

Աշոտ Բ Բագրատունին, որ մինչ այդ սևեռված զննում էր հանդիպակաց ափը, հիմա էլ ուշադիր քննում էր դեմքս։ Նրա հայացքը, որն ականատես էր եղել հոր՝ Սմբատ Առաջինի խաչմանը, երկրի ամայացմանն ու սեփական եղբոր դավաճանությանը, ծանր էր, ինչպես այն երկաթը, որով պատվել են նրա անունը։

Զարմացած չէր։ Պատմությունը նրա համար, ասես, ներկա էր։

- Ապագայի՞ց․․․ ՈՒրեմն Հայքը դեռ կա։ Փա՜ռք Քեզ, Տեր։ 1105 տարի․․․

- Արքա, ես 2026-ից եմ եկել։ Քո հայրենիքը կրկին կանգնած է կործանման եզրին։ Մի մարդ, ով հանձնել է մեր հողերի զգալի հատվածը, թշնամուն թույլ է տվել պղծել մեր սրբավայրերը, գերեզմանները, իսկ սեփական ժողովրդին վախեցնում է ձերբակալություններով ու պատերազմով, համեմատվում է Աշոտ Երկաթի հետ։ Ասում է՝ ինքն էլ է Քեզ նման «ճգնաժամային կառավարիչ», որ փրկում է երկիրը։

Աշոտ Արքայի դեմքի մկանները ձգվեցին։ Ձեռքը, որ կոշտացել էր սուր բռնելուց, ավելի ամուր հպեց Սուրբ Առաքելոցի մամռակալած պատին։

- Ինձ հետ համեմատվում է մեկը, ով հայրենի՞ք է հանձնում ու թշնամու առաջ ծնկու՞մ։ Ով սեփական տկարությունը «ճգնաժամային կառավարու՞մ» է անվանում։

Նա քայլեց դեպի քարքարոտ ափը և մատնացույց արեց հեռվում երևացող արաբական զորքերը։

- Նայի՛ր, ապագայի՛ց եկած հայ, այնտեղ՝ լճափին, իմ դեմ կանգնած է ամբողջ Ատրպատականի զորքը։ Նրանց առաջնորդում է Բեշիրը՝ պատրաստ մեզ խեղդելու այս ջրերում։ Ես ունեմ ընդամենը յոթանասուն նետաձիգ։ Իմ երկիրը պատառոտված է, ավերված արաբական արշավանքներից։

Հայրս՝ Սմբատ Շահնշահը, Դվինի պատերի տակ տանջամահ եղավ ու խաչվեց հանուն այս հողի, բայց ես չհանձնվեցի։ Հարազատ եղբայրս՝ Աբասը, իմ դեմ դուրս եկավ, Սևադա աներս դավաճանեց ինձ, իսկ Ցլիկ Ամրամը՝ իմ ամենավստահելի զորավարը, ապստամբեց իմ դեմ։

Ես կորցրել եմ գրեթե ամեն ինչ՝ բերդեր, քաղաքներ, նախարարների հավատարմություն։

Բայց իմ ձեռքին հանձնվելու սպիտակ դրոշ տեսնու՞մ ես։ Ո՛չ։

Մենք պատրաստում ենք մեր նավակները, որպեսզի հարձակվենք նրանց վրա։ Որովհետև Արքան նա չէ, ով թագ է դնում գլխին ու պալատում թաքնվում, այլ նա, ով պատրաստ է սեփական կյանքով ու արյամբ գծել երկրի սահմանը։

- Իսկ իմ ժամանակների «առաջնորդը», Արքա, միայն խժռում է․․․ խժռում է․․․ խժռում․․․ ու հանրային տարբեր հարթակներից բղավում, թե պատժելու է բոլոր հակառակորդներին, լցնելու է բանտերը, գլուխները պատերով է տալու, ձեռք ու ոտք ջարդելու։ Աթոռը նա պահում է միայն սեփական ժողովրդին վախեցնելով, իսկ արտաքին թշնամու ցանկացած պահանջի առաջ գլուխ է խոնարհում։ Ի՞նչ կանեիր Դու նման կառավարչի հետ։

- Ժամանակը փոխել է աշխարհի դեմքը, բայց ո՛չ մարդու տեսակը։ Երբ ես իմ յոթանասուն կտրիճներով Սևանի ալիքների վրա փորձում եմ պատնեշ դառնալ օտարի անհամար հորդաների դեմ, իմ կողքին չեն հայոց մեծամեծ նախարարները։ Նրանցից շատերը փակված իրենց անառիկ բերդերում՝ նույնպես գինի են ըմպում, խժռում և արաբ ամիրաների հետ գաղտնի գործարքների մեջ մտնում՝ սեփական կաշին ու կայքը փրկելու համար։

Ներքին թշնամին ու դավաճանը միշտ ավելի սարսափելի են, քան արաբ Յուսուֆ Սաջին ու նրա զորավար Նըսըրը։

Մինչ ես այս կղզում, մեկուսացած ու դավաճանված, իմ մի բուռ մարտիկների հետ մահվանն եմ սպասում, որպեսզի Հայքի պատիվը չարատավորվի, իմ անունը տալիս են նրանց, ում հայրենիքը միայն որովայնն է ու կերուխու՞մը։

Ես երբեք չեմ սպառնացել իմ ժողովրդին, չեմ ահաբեկել, բայց թշնամու առաջ եղել եմ երկաթյա պատ։

Իսկ քո նկարագրածը... մարդ չէ, կավե կուռք է։

Նա վախենում է։ Նրա հիստերիան, ղժղժոցները, ձերբակալությունները զուտ վախի նշան են։

ՈՒժեղ տիրակալը չի ճղճղում։ ՈՒժեղ տիրակալը գործում է լուռ ու հաստատուն։ Նա գիտի, որ իր թիկունքին կանգնած ժողովուրդը վախից չէ, որ իրեն հետևում է, այլ հարգանքից ու արժանապատվությունից։

Եթե ներկայացված փուչ արարածն իմ դարաշրջանում ապրեր, նրան նույնիսկ նախարարական տան ախոռապան չէին կարգի, որովհետև ախոռապանից էլ է արժանապատվություն ու պատասխանատվություն պահանջվում։

- Արքա՛, իսկ ինչպե՞ս բնութագրել նրանց, ովքեր այսօր էլ կուրորեն համբուրում են նրան, կոչում «փրկիչ»՝ չտեսնելով երկրի կործանումը։

- Գերության մեջ ապրած հոգիները միշտ փնտրում են մեկին, ով կարդարացնի իրենց ստրկամտությունը։ Նրանք ոչ թե այդ մարդուն են սիրում, այլ սիրում են սեփական պատասխանատվությունից փախչելու հնարավորությունը։ Երբ մարդը կորցնում է արժանապատվությունը, նա պատրաստ է պաշտամունքի վերածել ցանկացած աղետ, միայն թե չխոստովանի, որ ինքը ևս մեղսակից է հայրենիքի կորստին։

Մեծագույն կուրությունը սեփական տկարությունը պաշտելն ու այն «խաղաղություն» կամ «իմաստնություն» անվանելն է։ Ովքեր պատմության դասերը չեն սերտում, նրանք սրբություններն ու ծնկածների կռապաշտությունը խառնում են իրար։

Երկաթը կոփվում է կրակի ու հարվածների տակ, իսկ կավը թրծվում է միայն սեփական անպիտանությունը թաքցնելու համար։

Իմ անունը չի կարող պատսպարել նրանց, ովքեր վախենում են հայրենիքի համար պատասխանատվություն կրել։ Արքայի կոչումը գահը չէ, ոչ էլ ժողովրդի կույր հիացմունքը։

Արքայի կոչումը զոհասեղանն է։

Եթե առաջնորդը պատրաստ չէ մեռնել իր հողի համար, նա ընդամենը վարձկան է, որը ժամանակավորապես տիրացել է տանտիրոջ բանալիներին։

Ասա ինձ, հետնո՛րդ, ինչպե՞ս պատահեց, որ իմ կառուցած երկաթյա ամրոցների փոխարեն ձեր գլխին կավե կուռքեր կարգեցիք։ Մի՞թե հայի արյունն այնքան ջրվեց, որ պարտության նվաստացումը խաղաղություն կոչեցիք, իսկ ստամոքսի գերությունը՝ ազատություն։

Բագրատունյաց Արքայի առջև կանգնած՝ իմ ողջ սերնդի ամոթի ծանրությունն էի զգում ուսերիս։

- Մենք կորցրինք հիշողությունը, Արքա՛, դարերի ընթացքում մեզ սովորեցրին հարմարվել հարվածներին, իսկ իմ ժամանակների վերջին ութ տարիներին մեզ հրամցրին այնպիսի զորեղ թույն, որը կաթվածահար արեց մեր դիմադրողականությունը։ Մեզ համոզեցին, թե պատմությունը կարելի է սկսել մաքուր էջից՝ առանց նախնիների պատգամի, առանց սրբազան արժեքների։ Իսկ հիմա, Քո կառուցած բերդերի ու սահմանների փլատակների վրա, ամբոխը ծափահարում է նրանց, ովքեր խոստանում են միայն կուշտ ստամոքս՝ հայրենիքի վերջին պատառների գնով... Ես եկել եմ Քեզ մոտ, հայոց Արքա, Քո երկաթյա կամքից մի կտոր տանելու իմ ժամանակներ ու նաև հարցնելու՝ ինչպե՞ս ես 70 հոգով կանգնում մի ողջ կայսրության դեմ, երբ թիկունքդ դատարկ է, իսկ շուրջդ՝ դավաճանություն։

Նա մի պահ լռեց։ Հայացքն ավելի ծանրացավ՝ դառնալով հենց այն երկաթը, որի անունով նրան կոչում էր պատմությունը։

- 70 հոգո՞վ․․․ Երբ թիկունքդ դատարկ է, հետնո՛րդ, ու շուրջդ դավաճանություն է, դադարում ես նայել մարդկանց։ Հայացքդ ուղղում ես վեր՝ դեպի Երկինք, և հետ՝ դեպի քո նախնիների գերեզմանները։ Այդ ժամանակ քո թիկունքում ոչ թե դատարկություն է, այլ մի ազգի պատմություն, որն իրավունք չունես հանձնելու։

Եթե ես սպասեի նախարարների միաբանությանը կամ ամբոխի ծափերին, իմ հոր պատանքը հյուսողները ինձ էլ կստրկացնեին։ Ով հայացքը հառում է ամբոխին՝ նա արդեն իսկ պարտված է, որովհետև ամբոխը կույր է. այսօր որովայնի համար ծափ կտա նրան, ով իրեն կերակրում է հայրենիքի պատառներով, իսկ վաղը կանիծի նույն այդ ձեռքը, երբ տեսնի, որ կորցրել է ամեն ինչ։

Յոթանասուն հոգով թշնամու դեմ կանգնելու գաղտնիքը մեկն է՝ ազատության և հայրենիքի արժեքը չափել ոչ թե նյութով, այլ սեփական կյանքի գնով։

Երբ դու պատրաստ ես մեռնել քո հողի համար, թշնամու բազմությունն այլևս ահազդու չէ, այն դառնում է ընդամենը հաղթահարելի խոչընդոտ։ 70 կտրիճներն իմ կողքին են ոչ թե այն պատճառով, որ ես նրանց կուշտ սեղան եմ խոստացել, այլ որովհետև նրանք իմ աչքերում տեսել են այն նույն երկաթը, որը հիմա փնտրում ես դու։

Երկաթը կամքի մեջ է, ոչ թե սրի։ Կայսրությունները գալիս՝ անցնում են, խնջույքի սեղանները՝ դատարկվում, իսկ կավե կուռքերը տապալվում են հենց առաջին փոթորկից։ Բայց հողն ու ինքնությունը մնում են նրանցով, ովքեր պատրաստ են կանգնել մինչև վերջ։

Ասում ես՝ ութ տարի հային զորեղ թու՞յն են հրամցրել։ ՈՒթ տարին ակնթարթ էլ չէ պատմության համար։ Դարեր շարունակ հային փորձել են սովորեցնել հարմարվել հարվածներին, բայց միշտ, ամենամութ գիշերից հետո, ծնվել է մի բուռ ցասում, որը փշրել է կավե կուռքերը։

- Ո՞րն է Քո «երկաթը», Արքա՛։

Աշոտ Բ-ն դանդաղորեն հայացքը կտրեց հեռավոր ափից ու սևեռեց ուղիղ աչքերիս։

- Երկաթը զրահի կամ սրի մեջ չէ, բարեկա՛մս, - նրա ձայնը հնչեց ցածր, բայց հաստատուն։- Երկաթը ողնաշարի մեջ է։ Երկաթը սեփական հողի հանդեպ ունեցած անդավաճան պատասխանատվության մեջ է։ Ինչպե՞ս կարող է իրեն երկաթ կոչել նա, ով սեփական ժողովրդին վախեցնում է պատերազմով ու բանտերով, որպեսզի պահի իր ողորմելի աթոռը, իսկ օտարի առաջ լուռ է, գլխահակ ու ծնկած։ ՈՒժեղ տիրակալը չի ճղճղում, ուժեղ տիրակալը չի հիստերիկանում և չի սպառնում սեփական հայրենակիցներին։

ՈՒժեղ տիրակալը պատնեշ է դառնում նրանց համար, պաշտպանում է, նույնիսկ երբ նրանք մոլորված են ու կույր։

Արքան ձեռքը դրեց սրի դաստակին, բայց չհանեց այն. նրա կեցվածքն ինքնին զենք էր։

- Փոխանցի՛ր 1105 տարի անց ապրող իմ ժողովրդին. մի՛ պաշտեք կավե կուռքերին։ Կավը թրջվում ու տղմուտ փոշու է վերածվում առաջին իսկ անձրևից։ Մի՛ հավատացեք նրանց, ովքեր պարտությունը հաղթանակ են ձևակերպում, և կորուստը՝ կյանքի գին։ Պարտությունը պարտություն է, և այն հաղթահարելու միակ ձևը ծնկներից վեր կենալն ու թշնամու աչքերին ուղիղ, անթարթ նայելն է, ինչպես ես եմ նայում հիմա Բեշիրին։ Եթե իմ ժողովուրդը կորցրել է իր ներսի երկաթը, թող գա այստեղ՝ շոշափի Սևանի շատ բան տեսած քարերն ու հիշի, թե յոթանասուն հոգին ինչպես է փորձում կռվել ու հաղթել հազարներին։ Պարտավոր ենք հաղթել, որովհետև մեր թիկունքում Հայոց աշխարհն է՝ իր սրբազան գերեզմաններով ու դեռ չծնված մանուկներով, իսկ մեր սրտում՝ Աստված ու անկորնչելի արժանապատվությունը։

Գնա՛, բեկյալ հոգի, և տեր կանգնիր քո ժամանակին։

Իմ ճակատամարտը ուր որ է կսկսվի այս ջրերի վրա, իսկ քոնը՝ քո ներկայում է։

Կոտրե՛ք, տապալե՛ք կավե պատվանդանները և դուրս բերեք ձեր ներսի երկաթը։

Քանի դեռ հայը չի սովորել մերժել սուտը, նա դատապարտված է մնալու սեփական կուրության մշուշի մեջ։ Վերցրու՛ իմ կամքից այն կտորը, որի համար եկել ես։ Տա՛ր այն քո ժամանակներ։

Բայց հիշի՛ր՝ երկաթը չեն տալիս, երկաթը դարբնում են։ Գնա՛ և քո ժամանակի մշուշի մեջ դարձի՛ր այն կայծը, որից կհալվի կավը և կկոփվի նոր սերնդի ողնաշարը։

Արքայի ձայնը դարձավ մտահոգ.

- Ասա՛ նրանց, ովքեր դեռ հիշողություն ու արյուն ունեն երակներում. հայրենիքը ստամոքս չունի, հայրենիքը սիրտ ունի, ու այդ սիրտը բաբախում է միայն նրանց մեջ, ովքեր պատրաստ են այն պաշտպանելու։

Գնա՛ քո ժամանակներ և ասա՛ իմ անունով կեղծողներին ու խոզ խանձողներին՝ Արքան չի հանձնվել Սևանում, և դուք իրավունք չունեք հանձնելու մեր անցյալն ու ապագան։ Ով հանձնվում է՝ նա իմ արյունից չէ, նա հայ տեսակից չէ։

- Մեր ճակատագիրը, Արքա՛, որոշվելու է առաջիկա կիրակի՝ հունիսի 7-ին, քվեախցիկում։

Աշոտ Երկաթը նայեց արևելք՝ արևի առաջին ճառագայթներին, որոնք ոսկեզօծում էին Սուրբ Առաքելոցի խաչը։

- Եթե քո նշած օրը, իմ ժողովուրդը հիշի, որ ինքը Հայկի նետի, Վարդանի ուխտի ու Բագրատունիների գահի սերունդն է, ստի ու կեղծիքի շղթաները մեկ վայրկյանում կփշրվեն։ Դրանք կավե շղթաներ են, որոնք պինդ են թվում միայն վախկոտների աչքերին։

Գնա՛ քո ժամանակներ։ Ազգովի տեր կանգնեք մեր սուրբ հողին։

Իմ պատերազմն այստեղ է՝ այս լճի սառը ալիքների վրա, իսկ ձերը՝ այնտեղ՝ քվեախցիկում և ձեր գիտակցության մեջ։ Գնա՛ և հաղթի՛ր քո պատերազմում, հայ։

Արևածագի հետ հալվել էր մշուշը, տարրալուծելով և Արքայի պատկերը։ Բայց օդում դեռ երկար ժամանակ զնգում էր նրա զրահի ձայնն ու սառը, անսասան հրամանը. «Երկաթը չեն տալիս, երկաթը դարբնում են...»։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ