ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Կողոպուտ (ճամփորդական)

Կողոպուտ  (ճամփորդական)
24.03.2025 | 18:53

Ինձ կողոպտեցին աշնան մի տաք օր

ելուզակները՝ ծանոթ ու դրսեկ, նրանց հետ էին

եւ ներսում ծլած, կամավորական գողեր ու գյադեք,-

քրթմնջում էին, բարբաջում անհերթ

դավահունչ տոնով, ժարգոնով տխեղծ,

գուժկան դաջվածքներ կային դիմազուրկ նրանց դեմքերին:-

Ես անցնում էի ժամանակների թավիշ փեշերով,

խարկված ու ճողված օրերի միջով քայլում էի ես,-

ուսապարկիս մեջ հաց ու ջուր էր եւ մի սրբանկար

ու մի հին մատյան.- կանգ էի առնում սիրո խորաբուխ

ակունքների մոտ, մինչեւ տենչանքիս ծայրը լվացվում

եւ նոր փայլակ ու վին էի փնտրում իմ ոգու համար,-

ճանապարհները ես զգում էի

իմ երակների ձգվածության չափ:-

Վաղուց միայնակ ճամփորդ եմ, մեկ-մեկ

տարածությունը ավտոկանգով եմ հատում ուղղակի,

բայց երանելի ափեր եմ հասնում քայլերով անբեկ:

Հիմա կանգնած եմ ավարված ու ցից,-

ու մե՛կ է, դարձյալ, աշխարհի համար, թե անարգները

ինչպես են կորզում ավյուն ու արյուն արդար Է-երից…

Վե՛րջ: Վիճակվա՛ծ է - ես ետ եմ դառնում՝

այնտեղ, ուր մի օր կողոպտեցին ինձ,

իմ բաճկոնի տակ դաշույն կա հիմա եւ մի արծաթ խաչ,-

էն վանդալներին հիշում եմ հատ-հատ, նաեւ՝ ընչաքաղց

շարժմունքը նրանց եւ ցնծությունը խավարասածիլ,-

վերադառնում եմ տեղն այն անմոռաց,

ուր պիտի սրբվեմ աշխարհի, Աստծո եւ հոգուս առաջ:

13.03.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 19757

Մեկնաբանություններ