Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Էլիտան է որոշում ժողովրդի կյանքի կարևորագույն հարցերը, ոչ թե՝ հասարակ մարդիկ

Էլիտան է որոշում ժողովրդի կյանքի կարևորագույն հարցերը, ոչ թե՝ հասարակ մարդիկ
12.08.2026 | 14:05

Աշխարհը, մարդկանց կյանքի հետ լրջորեն կապված բոլոր առումներով, մղոնանոց քայլերով առաջ է գնում, իսկ մենք, մեր գավառական մենթալիտետով, անվերջ դոփում ենք տեղում, առանց իմանալու, թե ո՞վ ենք, ու՞ր ենք գնում ու ինչի՞ համար ենք գնում։

Իհարկե, մեզ նման ուրիշներն էլ կան, բայց մենք բոլորից տարբերվում ենք անիմաստ ու անբացատրելի մեծ ամբիցիաներով, որն էլ բոլորովին չի բռնում մեր հնարավորությունների հետ։

Իսկ մեր էլիտա կոչեցյալը, որը անճարակության կատարյալ մարմնացում է, շարունակում է ամեն ինչում մեղադրել հասարակ մարդկանց, որ նրանք վճռականորեն իրենց ճակատագրին տեր չեն կանգնում։

Մի պահանջ, որը սահմանակցում է աբսուրդի հետ, քանի որ աշխարհում չկա մի տեղ, որտեղ ժողովրդի կյանքի կարևորագույն հարցերը հասարակ մարդիկ են որոշում, ոչ թե էլիտան։

Ամեն տեղ նման հարցերը էլիտան է որոշում և ոչ միայն որոշում, այլ նաև բոլոր հնարավոր միջոցներով աշխատում է հասարակ մարդկանց դերը դրանցում հասցնել մինիմումի։

Պետական կյանքի այն ոլորտը, որտեղ թվում է, թե հասարակ մարդկանց խոսքը վճռական է, դա դեմոկրատական կոչեցյալ ընտրություններն են, որի ոչ խոր դիտարկումը բերում է նրան, որ իսկապես հասարակ մարդիկ իրենց համար իշխանություն են ընտրում։

Բայց բավական է մի փոքր խորանանք բազմակուսակցական սկզբունքով իշխանությունների ընտրության նույնիսկ ամենադեմոկրատական արտահայտությունների բուն էության մեջ, պարզելու համար, որ մարդիկ ընտրություն են կատարում արդեն նախօրոք ընտրվածներից, որոնք ժամանակին, անցնելով տարատեսակ ֆիլտրերով, ստացել են կապիտալի ու էլիտայի հավանությունը, և նրանցից որն էլ դառնա իշխանություն, կլինի ընդունելի իրենց նախօրոք հավանություն տվողների համար։

Այսինքն, նույնիսկ արտաքնապես ամենադեմոկրատական համարվող պրոցեսում հասարակ մարդկանց դերը, դեմոկրատիա կոչեցյալ հատուկ տեխնոլոգիայի միջոցով, հասցված է ոչ վճռական մինիմումի։

Եթե այսքան բանը հասկանալուց հետո դառնանք մեր պրոբլեմներին, ապա այստեղ էլ ավելանում է արտաքին կառավարման և օտար ուժերի կողմից մեր ներքին գործերին խառնվելու պրոբլեմը, որի իմաստն էլ այն է, որ բազմակուսակցական սկզբունքով առաջ քաշվածները նրանք են, որոնք ստացել են օտար ուժերի հավանությունը, և նրանցից էլ հաղթում է նա, որի թիկունքը ամենապինդն է։

Հիմա դուք կարող եք հարց տալ, թե բա մնացած հարյուրի չափ կուսակցությունների քաղաքական դերը և նրանց գոյության իմաստը ո՞րն է։

Այս հարցի հնարավորինս հարգալից պատասխանն այն է, որ մի կողմից դա հասարակության մեջ ինչ-որ ձևով երևալու միջոց է և նաև անհայտ չափի եկամտի աղբյուր։

Իսկ հասարակ մարդկանց մեղքերը ասեղի ծայրով քչփորելուց ձեռք քաշեք, քանի որ դա անօգուտ գործ է, և պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ժողովրդի բազմատեսակ ցավերը բուժողը ադեկվատ էլիտան ու ամենատես առաջնորդներն են, որոնք մեզնում պարզապես չկան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ