Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

«Արև», որը երբեք չի մարում

«Արև», որը երբեք չի մարում
24.01.2026 | 11:21

Արեն Հովհաննիսյան (2002-2020)

Արեն Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականի մարտի 12-ին՝ Արարատի մարզում։ Նրա ծնունդով տուն մտավ լույսը․ մանկուց նա առանձնանում էր իր պայծառ հայացքով, անսահման կենսուրախությամբ և անկեղծ ժպիտով։

Ընտանիքում նրան անվանում էին «Արև», և դա պարզապես անուն չէր․ նա իսկապես արևի պես ջերմ էր՝ լուսավորելով բոլորի օրը, ուր որ հայտնվում էր։

Արենը տաղանդավոր էր ու բազմակողմանի։ Նրա սիրտը պատկանում էր արվեստին․ սիրում էր թատրոնը, երաժշտությունը, գեղեցիկը։ Դաշնամուր էր նվագում, մասնակցում էր տարբեր ներկայացումների, բեմում իրեն պահում էր վստահ ու անկեղծ։ Նրա խաղը գալիս էր ներսից՝ ապրած, զգացած, և հենց այդ պատճառով էլ արդեն երիտասարդ տարիքում նա սիրվել էր հանդիսատեսի կողմից։

Արենը մեծ երազանք ուներ՝ ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սովորել, ստեղծել, ապրել արվեստով ու իր տաղանդով ուրախություն պարգևել մարդկանց։

Սակայն կյանքի ճանապարհը նրան կանգնեցրեց ծանր ընտրության առաջ։ Սկսվեց զինվորական ծառայության ժամանակը։

Նա մտածում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի։ Երազանքներ ու նպատակներ ուներ, կյանքը նոր էր սկսվում, բայց հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը նրա համար ամեն ինչից վեր էր։

Արենը ընտրեց ծառայությունը՝ առանց երկմտելու, գիտակցելով, որ հայրենիքը պահելը յուրաքանչյուրի սուրբ պարտքն է։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց վերջին ու ամենադաժան մարտը։ Այդ օրը Արեն Հովհաննիսյանը ցուցաբերեց մարդկային ու զինվորական բարձրագույն հատկանիշներ։ Նա դարձավ կենդանի վահան՝ իր մարմնով պաշտպանելով հինգ ընկերներին։ Այդ սխրանքը խոսում է նրա էության մասին․ մինչև վերջ մնալ մարդ, ընկեր, զինվոր։

Մարտից առաջ նա հրաժեշտ էր տվել բոլորին։ Նրա վերջին խոսքերը լի էին ջերմությամբ ու սիրով։ Ընկերուհիներին՝ առանձնահատուկ քնքշությամբ, ընտանիքին՝ լուռ, բայց խոր հավատով, որ արածը ճիշտ է։ Նա գնաց առանց վախի՝ գիտակցելով իր քայլի գինը։

Արեն Հովհաննիսյանը ապրեց կարճ, բայց իմաստալից կյանք։ Նա չհասցրեց իրականացնել իր բոլոր երազանքները, չհասցրեց բարձրանալ բեմի մեծ լույսերի տակ, բայց բարձրացավ անմահության բեմ։

Նրա անունը մնաց որպես զոհված հերոսի, որպես լուսավոր հիշողություն, որպես «Արև», որը երբեք չի մարում։

Հավերժ փառք ու խոնարհում Արեն Հովհաննիսյանին։

Հավերժ հիշատակ։

Կարեն Ճաղարյան

Դիտվել է՝ 176

Մեկնաբանություններ

Gt.jpg" alt="Երազախաբություն «հավայի» կղզիներում" title="Երազախաբություն «հավայի» կղզիներում" />
Երազախաբություն «հավայի» կղզիներում