«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Խմբագիր Նիկոլն ընդդեմ վարչապետ Փաշինյանի

Խմբագիր Նիկոլն ընդդեմ վարչապետ Փաշինյանի
15.10.2026 | 18:40

(կամ՝ չարենցյան «Դոֆինի» չթաղված ուրվականը)

Պատմության անողոք հեգնանքն ու քաղաքական դրամատուրգիան հազվադեպ են ստեղծում այնպիսի դրվագներ, երբ երկրի ղեկավարի ամենասուր, անողոք ու անհերքելի մեղադրողը դառնում է իր իսկ անցյալի մտավոր կերպարն ու սեփական գրիչը։ Յուրօրինակ դատաստան, որտեղ ժամանակը ոչ թե ջնջում է հետքերը, այլ դրանք վերածում հայելու։
Այսօր՝ տարիներ անց, ճակատագրական ու ողբերգական մարգարեությամբ են հնչում 2010 թվականի դեկտեմբերի 2-ին «Հայկական ժամանակ»-ում տպագրված (հղումը՝ Հ․Գ․-ում) «անանուն», բայց իրականում բոլորին քաջ հայտնի հեղինակի տողերը․
«Մինչև իրական փորձ չանենք իմաստավորելու հեռավոր 30-ականներին տեղի ունեցածը... մեռելները չեն թաղվելու, այլ շարունակելու են հետապնդել մեզ՝ մղձավանջային երազներում թափառող ուրվականների պես»։
Այս խոսքերն այժմ լոկ հրապարակախոսություն չեն. դրանք վերածվել են քաղաքական էկզիստենցիալ անեծքի: Հեղինակը տարիներ առաջ ինքն է ձևակերպել այն ծանրագույն բանաձևը, որի թակարդն է ընկել այսօր, քանի որ չթաղված անցյալը միշտ վերադառնում է՝ պահանջելու իր պարտքը։
Ժամանակին իրեն Նաիրյան աշխարհի ու դրա մշակութային-քաղաքական արժեքների «գահաժառանգ»՝ դոֆին ընկալող երեկվա հոդվածագրի շարադրանքն այսօր սեփական խոսքի, պատմական հիշողության և ազգային իդեալների աննախադեպ ուրացման ինքնակենսագրական վկայագիրն է։
Այդ տեքստն ինքնատիպ գաղափարական հայելի է, որի անողոք արտացոլանքում անցյալի «ազատախոհ վերլուծաբանը» ներկայում կերպարանափոխվել է ստալինյան «դնչկալով» նույն այն անսկզբունքային, հիշողությունից ու սրբություններից զուրկ չինովնիկի, ում ժամանակին ինքն էր դատապարտում։
Փիլիսոփայական ամենամեծ ողբերգությունն այն չէ, որ գաղափարները պարտվում են, այլ այն, որ մարդը կարող է ժամանակի ընթացքում դառնալ իր իսկ դեմ հանված դատավճռի կատարողը։ Որպես նաիրյան արքայազն ներկայացողը, ստանձնելով բացարձակ իշխանություն, կամավոր հագնում է համակարգային այն նույն» կոստյումը», որի դեմ ժամանակին ապստամբում էր նրա գրիչը՝ կորցնելով սեփական անցյալին կապող հոգևոր թելերը։
2026-ի հոկտեմբերյան՝ «Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա» ինքնահնար հայեցակարգի միանձնյա ջահակիրն այսօր անհատակ վիհով է հեռացել իր իսկ նախկին մտավոր կերպարից։ Երեկվա «անցյալն իմաստավորողը» վերածվել է անցյալն ուրացողի։
Եվ ահա, պատմության ամենաանողոք հեգնանքով, նույն այդ հոդվածագիրն ինքն է դարձել իր իսկ քննադատած պատմական ու բարոյական այլասերման կենդանի մարմնացումն ու գործնական իրագործողը։
Իշխանության հասնելով՝ նա ոչ թե ձերբազատվեց անցյալի «չթաղված ուրվականներից», այլ չարագույժ կերպարանափոխությամբ ինքը վերածվեց նույն այդ ուրվականի։ Անցյալը ջնջելու մոլուցքով նա հաստատեց միանձնյա իշխանություն, շուրջը հավաքեց «պնակալեզ» պալատականությանը, բանտերը լցրեց քաղբանտարկյալներով, սանձազերծեց բեմականացված դատավարություններ և, ի վերջո, հանձնելով Արցախը՝ սրբապիղծ արշավ սկսեց Մայր Աթոռի ու Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։
Սա պատմության մեջ հայտնի այն կույր ողբերգությունն է, երբ ապագան կերտելու կարգախոսների ներքո փլուզվում է ներկան, իսկ անցյալի դասերը չսերտած առաջնորդը վերածվում է հենց այն բռնակալական համակարգի պատճենին, որը ժամանակին երդվում էր կործանել։
2010-ին նա 37-ի ողբերգությունը որակում էր որպես «ազգայինը ազգագրականի վերածելու» ստալինյան աղետ, բայց այսօր ինքն է պարտադրում նույն՝ Չարենցին կործանած չեկիստական նկուղների գավառական «քիրվայությունը»։ Փորձում է մեր համամարդկային իդեալները, բարձրագույն արժեքներն ու պատմական հիշողությունը փոխարինել ստամոքսին գերի, անողնաշար հպատակի կենցաղով։
2026-ի հոկտեմբերի 14-ի առավոտյան «չթաղված ուրվականի» սույն տիտղոսակիրը հանդես եկավ հերթական ուղերձով՝ ազդարարելով սեփական «ճանապարհային քարտեզի» գոյությունը։
2010-ին Չարենցի ու Վարուժանի սերնդի ոչնչացումը ողբացող գործիչն այսօր սառնասրտորեն շարադրում է իր կերտած «նոր պատմության» կապիտուլյացիոն ծածկագիրը։ Նա հայտարարում է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն»՝ բարոյական ու քաղաքական նույն հարթության վրա դնելով հազարամյա հայկական Արցախի հայրենազրկումն ու Ալիևի հորինած «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական կեղծիքը։
Իրականում ի՞նչ է նրա արածը․ արժեքների սրբապիղծ հավասարեցում, որտեղ իսկական ցավն ու պատմական ճշմարտությունը նենգափոխվում են աշխարհաքաղաքական առևտրով։ Երբ ազգային ողբերգությունը հավասարեցվում է թշնամու հորինած կեղծ օրակարգերին, պատմությունն աստիճանաբար դադարում է լինել կենդանի հիշողություն՝ վերածվելով սեփական ինքնության կամավոր հրաժարագրի։
Ուրվականներն այլևս նրան չեն հետապնդում։ 2010-ին պատմության իմաստավորման անհրաժեշտությունից խոսողն այսօր պարտադրում է վերջնականապես չեղարկել պատմական հիշողությունը, հրաժարվել սեփական հավաքական իրավունքներից ու թշնամուն նվիրել անկլավներ՝ հանուն թղթի վրա նկարված կեղծ «խաղաղության»։
Սահմանագիծ, որտեղ քաղաքական պրագմատիզմը վերածվում է ինքնակործանման։ Ուրվականները լռում են, քանի որ նրանց կանչող հոգևոր տարածությունն այլևս գոյություն չունի. այն փոխարինվել է աշխարհաքաղաքական գծագրերով, որտեղ հայրենիքն ու պատմությունը վերածվել են սովորական տարածքային միավորների։
Գրիչը, որը ժամանակին զգուշացնում էր մղձավանջի մասին, այսօր ինքն է ստորագրում այդ մղձավանջի վերջնական վավերացումը։
Չարենցն իր «Դոֆինը նաիրական» սոնետում (գրված 1936-ի հուլիսին՝ Աղասի Խանջյանի սպանությունից ընդամենը օրեր անց) գաղտնագրել էր հենց Լավրենտի Բերիայի կերպարը՝ որպես դահիճ, «ձայնագող միապետ» և ազգային ողբերգության ճարտարապետ, որը կուլ տվեց Հայաստանի լավագույն զավակներին։
Եվ հենց այստեղ է բացվում պատմության ամենասարսափելի ու դաժան հեգնանքը․ 2010-ին, հղում անելով Չարենցի այդ սոնետին, հոդվածագիրը չէր էլ գիտակցում, որ վերծանում է իր իսկ ապագա քաղաքական կերպարանափոխության ու դահճական դերի գաղտնագիրը։
Այդ ժամանակ, Չարենցի այս գործը մեջբերելով, նա փորձում էր դատապարտել իր քաղաքական հակառակորդներին՝ իրեն տեղավորելով նահատակված զոհերի շարքում։ Բայց պատմության անողոք տրամաբանությունը նրան նետեց հակառակ ափ. նա հայտնվեց հենց դահճի՝ Բերիայի դերում։ Վերածվեց այն չեկիստական «ուրվականին», որն այսօր հարվածում է Մայր Աթոռին, հրաժարվում Արցախից, թշնամուն նվիրում հայրենի հողերն ու խեղդում ազգային ինքնության ձայնը։
Գաղափարական սարսափելի ու անակնկալ տրագիկոմեդիա է, երբ զոհի պատմուճանով բեմ բարձրացած դերասանը, թատրոնի կուլիսներում իշխանության համը զգալով, դուրս է գալիս բեմ՝ արդեն դահճի կացինը ձեռքին:
Չարենցի հանճարեղությունն այն է, որ նա կերտել էր ոչ միայն 1936-ի Բերիայի, այլև բոլոր ժամանակների «ձայնագողերի» ու ազգային ողբերգություն ծնողների ընդհանրական տիպաժը։ Ստացվում է՝ 2010-ի խմբագիր Նիկոլն իր իսկ ձեռքով էր ստորագրել ապագա վարչապետ Փաշինյանի բարոյական դատավճիռը՝ վերածվելով հենց այն չարիքի կենդանի մարմնացմանը, որը ժամանակին մերկացնում էր։
Այնտեղ, որտեղ ավարտվում է հիշողությունը, ծնվում է ոչ թե խաղաղություն, այլ պետականության կործանում։ Եվ որքան էլ նա փորձի «ապագայի» կեղծ խոստումների պատրանքով թաղել անցյալը, պատմության անողոք դատաստանը հետապնդելու է նրան մինչև վերջին հանգրվանը։
Դեռևս 2010-ին զգուշացնում էր, որ անցյալն անտեսելու պատճառով պետությունը լցվելու է «երկու բառ իրար հետ կապել չկարողացող պետական գործիչներով, օրենքից անտեղյակ ոստիկաններով ու պալատական մտավորականությամբ»։ Այսօր պատմության ծաղրը հասել է իր գագաթնակետին․ նա ոչ միայն չկանխեց այդ աղետը, այլև դարձավ տգիտության, անսկզբունքայնության և ոստիկանական կամայականությունների վրա հենվող այդ նույն գորշ համակարգի գլխավոր ճարտարապետն ու հովանավորը։ Երեկվա «գահաժառանգն» այսօր ղեկավարում է հենց այն ստորաքարշության զորահանդեսը, որը 1937-ին ծափահարում էր Չարենցի ու Բակունցի գնդակահարությանը։
Բայց պատմությունն ունի իր անողոք ու վերջնական օրենքը․ դահիճները, «ձայնագողերը» և նրանց սնող համակարգերը ժամանակավոր են, իսկ Նաիրյան ոգին ու հազարամյա հայրենիքը՝ անանց։
Ինչպես 1937-ի չեկիստական մղձավանջը չկարողացավ սպանել Չարենցի ու Բակունցի կերտած Հայաստանը, այնպես էլ այսօրվա ուրացումն ու պատմության չեղարկման փորձերը չեն կարող թաղել մեր հավաքական հիշողությունն ու ապրելու կամքը։
Ուստի, որպես քաղաքական ու բարոյական մահախոսական, թող հնչի արդարադատության ռեքվիեմը․ ազգադավ ուրացման վերջին հանգրվանը պատմության ծխացող աղբանոցն է։
Իսկ այդ ռեքվիեմին հաջորդելու է մեր վերածննդի լուսավոր լուսաբացը։ Հայաստանն ու նրա ազգային իդեալները հառնելու են հենց այն պահին, երբ մենք կրկին տեր կանգնենք մեր հավաքական հիշողությանը, մեր սրբություններին և մեր անժամանցելի պատմական իրավունքին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Հղումը՝
Դիտվել է՝ 874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ