Հակահայկական ֆարսը «Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների հանդիպում» անվան տակ, մտել է նոր փուլ։ Ինչպես հայտնի է, Երևան են ժամանել մի խումբ, այսպես կոչված, «կովկասյան թաթարներ» (ադրբեջանցիներ)՝ հանդիպելու իրենց «եղբայրներին»՝ Հայաստանի գործող իշխանության աջակիցների շարքից (որոնց «թավշյա» իշխանությունը նշանակել է որպես «Հայաստանի քաղաքացիական հասարակություն»)։
Պարզ է, որ ալիևյան օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների ժամանումը Հայաստան հետապնդում է բացառապես նախընտրական աջակցություն ապահովելու նպատակ գործող իշխանությունների համար։
Նույնիսկ ժամանումը կազմակերպվել էր նախընտրական PR-ի բոլոր կանոններով։
Ադրբեջանցիները Հայաստան են մտել Տավուշի՝ Ադրբեջանին հանձնված տարածքներով՝ Կիրանց գյուղի հատվածից։
Անկասկած, այս ակցիան որևէ առնչություն չունի ոչ խաղաղության, ոչ էլ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունների կարգավորման հետ, այլ ընդամենը ծառայում է Հայաստանի իշխանության քաղաքական կուրսի գաղափարական աջակցությանը։
Որպեսզի չլինենք անհիմն, պարզապես հարց ուղղենք Երևանում տեղի ունեցած այդ ադրբեջանական հավաքի մասնակիցներին․
- Քննարկվե՞լ է արդյոք արցախցիների վերադարձի հարցը Արցախ։
- Քննարկվե՞լ է արդյոք Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։
- Ի՞նչ էին ընդհանրապես քննարկում Երևանում օկուպանտներն ու համագործակցողները։
Ի՞նչ։
Որպեսզի պատկերն առավել հստակ լինի, պարզապես նշենք, որ հենց այսօր (և երեկ, և դա կլինի նաև վաղը) ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակվում են սյուժեներ «հայերի մասին, որոնք օկուպացրել են արևմտյան Ադրբեջանը» և այդ սյուժեները անթաքույց պահանջներով են` «վերադարձնել ադրբեջանցիներին Արևմտյան Ադրբեջան»:
Այսպիսով, ադրբեջանական օկուպանտների և նրանց երևանյան վիզավիների այս համատեղ փիար-ակցիաները ընդամենը հերթական քայլն են՝ ուղղված մեզ համոզելուն, թե իբր խաղաղություն է հաստատվել և հետևաբար գնալ և քվեարկել Հայաստանում իշխող ուժի օգտին։
Միայն թե մեզ մոռացել են ասել, որ այդ «խաղաղության» մեջ ֆիզիկապես չկա ոչ Հայաստան, ոչ էլ հայություն։
Արման ԱԲՈՎՅԱՆ