Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Քաղաքական շվոնդերների «շքահանդեսը»

Քաղաքական շվոնդերների «շքահանդեսը»
03.08.2026 | 18:38

(երբ բոսյակները ծաղրում են Հիսուսին)

«Աստված ծաղր չի լինում» (Գաղատացիս 6:7) ճշմարտությունը պարզապես աստվածաբանական թեզ կամ սպառնալիք չէ, այլ տիեզերական անբեկանելի օրենք։

Հայոց և համաշխարհային պատմության էջերում անթիվ ապացույցներ են պահպանվել, թե ինչ ողբերգական վերջաբան են ունեցել այն անհատները, շարժումները կամ ռեժիմները, որոնք իրենց քաղաքական ամբարտավանության, շահի կամ ժամանցի համար փորձել են ծաղրել Սրբությունն ու անցնել բարոյական վերջին սահմանը։

Մտաբերենք Հայոց պատմության (և ոչ թե «Հայաստանի պատմության», ինչպես պարտադրում են վերջնականապես բարոյալքված երիտքայլականները) վաղ անցյալի մի քանի ցնցող էջեր․

Տիրան Արշակունի թագավորը, որ նահատակեց Սուրբ Հուսիկ Ա Պարթև Հայրապետին, իր օրերն ավարտեց աչքերը հանված, շղթայակապ ու խեղդամահ եղած։

Արշակ II-ը, որ դուրս եկավ Եկեղեցու դեմ, մարեց Անհուշ բերդի մութ խցում՝ Սուրբ Ներսես Մեծի անեծքի տակ կքված։

Վասակ Սյունին, որ դավադրություն նյութեց Սուրբ Հովսեփ Կաթողիկոսի ու հավատքի դեմ, մահացավ պարսկական բանտում, ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկի՝ «որդնալից», լքված ու անեծքով ծանրաբեռնված։

Պատմությունն անողոք դասեր է տվել բոլոր նրանց, ովքեր փորձել են քանդել Հայոց Եկեղեցին։

Փոշիացել են թագավորներ, մարզպաններ ու կայսրություններ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայոց Հավատքը եղել են, կան ու կլինեն։

Անցյալի այս դասերը միայն վաղ միջնադարի պատմությանը չեն պատկանում․ նորագույն շրջանն ունի իր նույնքան ցնցող և ուսանելի օրինակները։

Խորհրդային Միությունում 1920-30-ական թվականներին պետական բարձրագույն հովանու ներքո ստեղծվեց «Մարտնչող անաստվածների միությունը»՝ Եմելյան Յարոսլավսկու (Մինեյ Գուբելման) ղեկավարությամբ։ Նպատակը մեկն էր՝ Եկեղեցու իսպառ ոչնչացումը, քրիստոնեական սրբությունների ծաղրն ու «անաստվածային» երգիծանքի միջոցով հավատքի արմատախիլ անելը։ Նրանք կազմակերպում էին պղծաբարո «զատկական ծաղրանմանակումներ», հանրայնորեն այրում սրբապատկերներ, տապալում խաչերն ու պղծում տաճարները։

Սակայն պետական ահռելի ռեսուրսներն ու վարչական ապարատն անզոր գտնվեցին հոգևոր անանց ճշմարտության դեմ։ Այս մոլեգին կազմակերպությունը կրեց կատարյալ ֆիասկո․ 1941-ի հունիսի 22-ին բռնկված արհավիրքից հետո Ստալինն անձամբ ստիպված եղավ լուծարել անաստվածների որջն ու աղերսել նույն այն Եկեղեցու աղոթքն ու աջակցությունը, որին փորձում էին ջնջել երկրի երեսից։

Իսկ գլխավոր «անաստված» Յարոսլավսկին վերջին օրերն ավարտեց 1943-ին՝ քաղցկեղից տանջամահ լինելով։ Նա սեփական աչքերով տեսավ, թե ինչպես է իր հակաքրիստոնեական «կայսրությունը» փլուզվում, իսկ Եկեղեցին՝ վերածնվում։

Բայց եթե որևէ մեկին թվում է, թե Սրբության ծաղրն ու կրոնական զգացմունքների հետ խաղալը պատժելու պատմական այս տրամաբանությունը մնացել է հեռավոր անցյալում, ապա 21-րդ դարի ողբերգական իրողություններն արագորեն հիասթափեցնում են անհեռատեսներին։

Աշխարհիկ, դեմոկրատական ու ազատական համարվող Եվրոպան անգամ զերծ չմնաց այս անբեկանելի օրենքի դաժան դրսևորումներից։

Թարմ ու ցնցող օրինակներից էր 2015-ի հունվարի 7-ին «Charlie Hebdo» երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության դեմ իրականացված արյունոտ գրոհը։

Պատճա՞ռը․ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն ու Սրբության հետ անպատիժ «խաղալու» ամբարտավանությունն էր։

Հետևանքը․ 12 սպանված, այդ թվում՝ ամսագրի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն (Շարբ), 4 առաջատար ծաղրանկարիչ, խմբագրության աշխատակիցներ և 2 ոստիկան։ Լրատվամիջոցը, իհարկե, չփակվեց․ հարձակումից անմիջապես հետո թողարկված համարը տպագրվեց ռեկորդային՝ 8 միլիոն օրինակով։ Սակայն այսօր էլ այն շարունակում է իր գործունեությունը խիստ հսկվող ու գաղտնի վայրից՝ փաստացի ապրելով մշտական թաքստոցային տագնապի ու անվտանգության ծայրահեղ միջոցառումների ներքո։

Մյուս ահազանգող հիշեցումը Ղուրանն այրող իրաքցի փախստական, ռազմաքաղաքական և սոցիալական ակտիվիստ Սալվան Մոմիկայի գնդակահարությունն էր 2025 թվականի հունվարի 29-ին՝ Ստոկհոլմի մերձակա Սյոդերթելյե քաղաքում։ Նրան սպանեցին սեփական բնակարանում՝ հենց TikTok-ով ուղիղ հեռարձակում իրականացնելու և հերթական անգամ Սրբությունը ծաղրելու պահին։

Աշխարհում կան ժողովուրդներ և մշակույթներ, որոնք սեփական հավատքն ու հոգևոր խորհրդանիշերը համարում են բացարձակ արժեք։ Նրանց համար Սրբության ոտնահարումը «խոսքի ազատություն» կամ «թեթև հումոր» չէ, այլ գոյաբանական վիրավորանք, որին, ցավոք, հետևում են նման արյունալի ու անդառնալի հանգուցալուծումներ։

Թե՛ «Charlie Hebdo»-ի, թե՛ Սալվան Մոմիկայի դեպքերը աշխարհին ապացուցեցին, որ երբ մարդիկ կամ մեդիաները կորցնում են չափի զգացումն ու բարոյական արգելակները, բախվում են այնպիսի ուժի, որն այլևս չի ենթարկվում «դեմոկրատիայի» կամ «սատիրայի» խաղի կանոններին։

Ահա հենց այստեղ է մեր ազգային ցավը․ երբ այլ ժողովուրդներ պատրաստ են ծայրահեղ քայլերի գնալ սեփական հավատքը պաշտպանելու համար, մեզանում ազգային-հոգևոր սրբությունների ծաղրը դարձրել են «քաղաքական պայքարի» կամ «ազատության» դրոշ։ Սա ոչ թե քաղաքակրթվածություն է, այլ սեփական իմունիտետի ու ինքնասիրության կատարյալ ատրոֆիա։

Երբ հասարակությունը շրջանցում է Սրբության նկատմամբ ահն ու հարգանքը, կորցնում է իր հոգևոր ողնաշարը։ Իսկ առանց այդ ողնաշարի՝ ցանկացած ազգ դատապարտված է բարոյական ու պետական քայքայման։

Կարելի է քննադատել քաղաքական գործչին կամ նախագիծը, բայց երբ քննադատությունն ու ծաղրը տեղափոխում են քրիստոնեական սրբապատկերների ու Հիսուսի կերպարի տիրույթ, դա արդեն հոգևոր ու մշակութային վանդալիզմ է։

Ինչի ամենացայտուն ու լպիրշ դրսևորումն է այսօր՝ 2026-ի օգոստոսի 3-ին, առավոտից սոցցանցային տիրույթում՝ հռհռացող բազմահազար էմոջիների ուղեկցությամբ «շքահանդեսի» դուրս բերված բացահայտ սրբապղծությունը․ Հիսուս Քրիստոսի հսկայական քանդակին տրվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմքը, իսկ ֆոնին՝ արձանի տեղադրումը նախաձեռնող Գագիկ Ծառուկյանի լուսանկարն է։

Եթե շատ ժողովուրդներ ունեն անցանելի ու անանցանելի սահմաններ, իմա՝ կարմիր գծեր, որտեղ հավատքն ու ազգային ինքնասիրությունը վեր են ամեն տեսակ քաղաքական կրքերից, ապա մեր մեդիատիրույթում ու համացանցում, ցավոք, այդ սահմանները վտանգավորության աստիճան ջնջված են։

Քաղաքական ընդդիմախոսին կամ իշխանական «սև ցուցակում» հայտնված գործարարին կծելու մոլուցքի մեջ սրանք անցան բարոյականության բոլոր կարմիր գծերը․ ստոր վրեժխնդրության համար չվարանեցին անգամ ծաղրել Փրկչի կերպարն ու պղծել Սրբությունը։ Ինչն արդեն ոչ թե քաղաքական երգիծանք է, այլ պետական ու հանրային բարձրագույն հովանու ներքո իրականացվող բացահայտ աստվածապղծություն։

Իր հավատքը հարգող մուսուլմանն անգամ չի համարձակվում ծաղրել մեր Սրբությունները, իսկ սրա՞նք․․․

Ինչքան մանդատակիր ոչնչություն ու քաղաքական պատահականություն կա, իրենց իրավունք են վերապահում ամբիոններից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանել «պղծության ու կոռուպցիայի որջ», Հայոց Հայրապետին դիմել ավազանի անունով, դասեր տալ ու մեղադրանքներ շպրտել։

Խեղդող է աստվածուրացության, անամոթության, պղծության ու կեղծավորության այս գարշելի ճահիճը։

Մեծ ախորժակով ու հավակնություններով տղաներ և աղջիկներ, դուք չունեք ո՛չ հավատք, ո՛չ ազգային արժանապատվություն, ո՛չ ինքնասիրություն և ո՛չ էլ պատիվ։ Սեփական արմատներն ու արժեքներն ուրանալով, հավատքը ծաղրի վերածելով՝ դուք երբեք հաջողություն չեք ունենա։ Դուք իշխանական լծակներին կառչած բոսյակների հավաքածու եք, որոնց միակ «առաքելությունը» սեփական ազգային-հոգևոր տունը ներսից ավերելն է։

Դեղին լրատվամիջոցների էջերում կամ սոցցանցային տեղեկատվական աղբանոցներում պատվերով թույն «ծխող» անանուն հոդվածագիրները, վարձու «ծաղրանկարիչներն» ու նրանց տեր դարձած քաղաքական շվոնդերները կարծում են, թե նվաճել են անպատժելիության բարձունքները։ Նրանք համոզված են, որ իշխանական լծակներն ու անանունության քողն իրենց հավերժ ապահովագրելու են Աստծո ու սեփական ժողովրդի դատաստանից։

Պատմությունը ցույց է տվել․ այն պահին, երբ քաղաքական տգետը փորձում է իր հավակնոտ ամբարտավանությունը փաթաթել դարերի փորձությունն անցած Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու քրիստոնեական սրբությունների վզին, նա արդեն իսկ ստորագրում է իր հոգևոր ու քաղաքական վերջնագրի տակ։

Վերին արդարադատության անողոք անիվը դեռ ոչ մի աստվածուրացի ու սրբապիղծի չի ներել․ չի ներելու և՛ սրանց։

Ժամանակավոր ռեժիմներն ու նրանց սպասարկող վարձկան բոսյակները գալիս են, թունավորում օդն ու անհետանում պատմության աղբանոցում, իսկ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու մեր հավատքը մնում են անսասան՝ որպես դարերի միջով անցնող հավերժական վկաներ։

Դուք կարող եք հռհռալ ձեր սարքած անբարո «ծաղրանկարների» «շքահանդեսում», կարող եք զրպարտել անանունության քողի տակ ու ամբիոններից հաճոյանալ ձեր քաղաքական տերերին։ Բայց հիշե՛ք․ այն պահին, երբ փլուզվի ձեր անպատժելիության միրաժը, ձեզ հետ չեն լինելու ո՛չ ձեր մանդատները, ո՛չ ձեր իշխանական լծակները, ո՛չ էլ ձեր վարձու ամբոխը։ Ձեզ հետ մնալու է միայն ձեր վզից անբաժան լծի պես կախված աստվածապղծության անեծքը, սեփական ժողովրդի արհամարհանքն ու Երկնային անողոք դատաստանը։

Փրկչին ծաղրողն ու Սրբությունը պղծողը պատժվում է սեփական ինքնակործանմամբ։

Պատմության անողոք դատաստանի ժամացույցն արդեն իսկ միացված է։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ