ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Երբ հայրենիքին վերաբերվում ես հյուրանոցի պես, մի օր հայտնվում է «ադմինիստրատորը» և դուրս է հրավիրում

Երբ հայրենիքին վերաբերվում ես հյուրանոցի պես, մի օր հայտնվում է «ադմինիստրատորը» և դուրս է հրավիրում
01.08.2026 | 15:06

Որքան շատ ենք ճանաչում մարդկանց ու ժողովուրդներին, այնքան ավելի մեծ են լինում ինչպես ոգևորության, այնպես էլ հիասթափության առիթները։

Մենք սովոր ենք հայ ժողովրդի անցած պատմական հերոսական ճանապարհի մասին խոսել կենացներով ու հպարտությամբ, բայց միշտ խուսափում ենք բաց աչքերով նայել մեր ժողովրդի գործած սխալներին։

Ու երբ ճանաչում ենք ոչ միայն հերոսությունները, այլև սխալները, սկսում ենք ամոթ, մեծ ամոթ զգալ։

Մի քանի օրինակ պատմեմ միայն վերջին 100 տարվա մասին;

1918-19 թվականներին Զորավար Անդրանիկի դեմ Նախիջևանում մահափորձեր արեցին հայերը, հայտարարելով, թե իրենք ուզում են թուրքերի հետ խաղաղ ապրել, իսկ Անդրանիկը խանգարում է։ Անդրանիկը հեռացավ խոցված, իսկ թուրքերը կոտորեցին նախիջևանցիներին։

1919-ին, երբ Անդրանիկը կռվում էր Շուշիի համար, շատ հայեր խանգարեցին Անդրանիկին, հայտարարելով, թե Արցախը մեզ պետք չի, թող մնա թուրքին, որ խաղաղ ապրենք։ Արդյունքում Շուշիում եղավ հայերի կոտորած, իսկ թուրքերը ներխուժեցին Սյունիք։

1920-ին Նժդեհի համար մեծ գլխագին էին խոստացել թուրքերը, ու Սյունիքում բազմաթիվ անգամներ հայերը փորձեցին սպանել Նժդեհին, որ թուրքերից փող ստանան։ Դրանից խոցված՝ Նժդեհը գրեց իր հայտնի «Ապերախտ ժողովուրդ»-ը։

1919-20 թվականներին Վարդենիսի ազատագրության համար թուրքերի դեմ կատաղի պայքար էր մղում Տաղլարի Աղաբեկը։ Արդյունքում նրան Մարտունիում սպանեցին հայերը։

1991-ից հետո Վարդենիսի արևելյան գյուղերում հաստատված գարդմանահայերին տեղի հայերն անվանում են «գյալմա», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «եկվոր»: Այդ գյուղերի պատմական հայկական անունների փոխարեն մարդիկ շարունակում են կոչել թուրքական զզվելի անուններով՝ Շիշկայա, Ջանայմադ, Մազրա, Բասարգեչար և այլն։ Այսինքն, հայերին իրենց բնիկ հայրենիքում կոչում են «եկվոր», իսկ պատմական հայկական գյուղերը ճանաչում են թուրքական անուններով։

1988-91 թվականներին Շիրակի մարզի Ամասիա բնակավայրից հեռացան եկվոր ադրբեջանցիները, փոխարենը այնտեղ հաստատվեցին հայեր։ Մինչև այսօր հայերի մեջ տարածված է կարծիք, թե Ամասիան թուրքական բնակավայր է, այնինչ Ամասիան պատմական հայկական բնակավայր է հնագույն ժամանակներից։

2022-ի գարնանը Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքից մարդիկ հեռանում էին, հայտարարելով, թե դա Արցախը չի, թուրքի հող է, իսկ իրենք չեն ուզում թուրքի հետ ապրել։ Այնինչ պատմական Բերձորը նախկինում ունեցել է Սարալանջ անվանումը և Ադրբեջանի ենթակայության տակ անցել է միայն 1921-ից հետո։ Դրանից առաջ եղել է ամբողջովին հայաբնակ հայկական գյուղ։

Երբ ժողովուրդը չի ճանաչում իր հայրենիքը և դրան վերաբերվում է հյուրանոցի պես, մի օր անպայման հայտնվում է հյուրանոցի ադմինիստրատորը և դուրս է հրավիրում։

Հայրենիքը հյուրանոց չէ։ Սիրեք ձեր հայրենիքը, ինչքան էլ փողն ու անհոգ ապրելու ցանկությունը մեծ լինի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ