Տևական ժամանակ է խոսում եմ ընկալումների մասին, այն մասին, թե ինչպես են արևմտյան ուղեղային կենտրոնները փորձում փոխել մեր հասարակության մոտեցումները, վարքը՝ ազդելով հե՛նց մարդկանց ընկալումների վրա։
Բազմիցս նշել եմ, որ կոգնիտիվ պատերազմը, իմ համոզմամբ, առաջին հերթին ընկալումների պատերազմ է։ «Ճանաչողական պատերազմ» թարգմանությունը լիովին չի փոխանցում երևույթի էությունը, քանի որ քարոզը գիտելիք փոխանցելու շուրջ չէ, այլ՝ իրականության վերաձևման, կոնցեպտների տրանսֆորմացիայի։
Մարդու, խմբի, հանրույթի, հասարակության հավաքական ընկալումները փոխելով են նրանց հեռացնում իրականությունը տեսնելու, գնահատելու և ճիշտ ճանաչելու ունակությունից։
Հենց այստեղ է, որ ամեն ինչ գլխիվայր շրջվում է, քանի որ այս գործընթացի նպատակն ամենևին էլ բարի չէ։ Այն ուղղված է ոչ միայն հասարակական կամ քաղաքական վարքագծի փոփոխությանը, այլև՝ ժողովրդի ինքնության, արժեհամակարգի և սերունդներին փոխանցվող մշակութային կոդի արմատական վերափոխմանը։
Գլոբալիզմի շրջանակներում այս գործընթացները իրականացվում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ (Թշնամական պետությունների դիրքերից՝ սա արվում է պատմաքաղաքական ռևիզիոնիզմի շրջանակներում, որով ուղղակիորեն վերաշարադրվում և նենգափոխվում է պատմությունը):
Նպատակը հայ տղամարդուն իր բնական առաքելությունից՝ որպես ընտանիքի, համայնքի և հայրենիքի պաշտպանի, հեռացնելն է՝ նրան վերածելով հնազանդ, կամազուրկ և ենթակա անհատի։ Միաժամանակ փորձ է արվում հայ կնոջը հեռացնել ընտանիքի և սերունդների պահպանման իր առանցքային դերից՝ նրան մղելով սպառողական, մակերեսային և անհատապաշտ կենսակերպի, որտեղ առաջնային են դառնում արտաքին փայլը, փառքը, անձնական հաճույքն ու անվերջ ինքնահաստատումը։
Սրանք հասարակությանը բարոյական հիմքերից, ազգային ավանդույթներից և արժեքներից աստիճանաբար հեռացնելու հիմնական գործիքներն են՝ դեմորալիզացիան։ Իսկ երբ այդ գործընթացը հաջողվում է, հասարակությունը դառնում է նյութապաշտ, եսակենտրոն և բարոյապես ապակողմնորոշված, հեշտ կառավելի:
Նման հասարակությունն այլևս չի կարողանում պաշտպանել իր տունն ու հողը, իր տեսակը և սերունդը։ Նրանից հնարավոր է խլել ցանկացած մնայուն արժեք՝ առանց լուրջ դիմադրության։
(Ցավով պիտի արձանագրենք, որ մեր երկրում այս գործընթացը զգալիորեն հաջողվել է, և մեր այսօրվա իրականությունը դրա վառ ապացույցն է):
Ի՞նչ պետք է անել այս ամենին հակազդելու համար։
Առաջին հերթին պետք է ստեղծվեն ազգային, հայկական ուղեղային կենտրոններ։ Այս մասին ահազանգում եմ դեռևս 2019 թվականից։ Պետք է ձևավորվի ազգային քաղաքական գիծ, որովհետև ո՛չ սոցիալիզմը, ո՛չ դեմոկրատիան, ո՛չ էլ ռադիկալ ազգայնական գործիքակազմը, առանձին վերցրած, ի վիճակի չեն կանգնեցնելու այս ընթացքը։
Անհրաժեշտ է հավասարակշռված ազգային քաղաքականություն, որի հիմքն ու հենարանը կլինեն հենց հայկական ուղեղային կենտրոնները։ Պետք է վերականգնվեն ազգի հիմնարար արժեքային և գոյաբանական հենասյուները, վերադարձվեն իրենց բնական հունին։
Եթե ցանկանում ենք վերականգնել մեր պետականությունը, ազգային դիմադրողականությունն ու ապագայի նկատմամբ վստահությունը՝ նախ պետք է հաղթենք կոգնիտիվ պատերազմում։ Պետք է վերադառնանք բարոյահենքության, հայակենտրոն արդարության և իրականությունը սեփական մտքով ու աչքերով ընկալելու կարողությանը, որովհետև մեր ամենածանր պարտությունը տեղի է ունեցել հենց այդ ճակատում։
Էլիզա Առաքելյան