«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Նամակներ ԱԱԾ-ի պադվալից

Նամակներ ԱԱԾ-ի պադվալից
05.06.2026 | 16:49

Դաժան իրականություն է՝ իշխանությունից զրկվելուց հետո մարդ կորցնում է թիկնազորը, ընկերներին, հավատացողներին։ Ի հավելումն՝ Նիկոլ Փաշինյանը կորցրեց նաև ինտերնետն ու «լայվ» մտնելու հնարավորությունը։ Այդ պատճառով էլ ԱԱԾ-ի խոնավ պադվալից նամակներ գրեց աշխարհի տարբեր ծայրեր։ Գրում էր բոլորին՝ նախագահների, կայսրերի, դիտորդների, հիմնադրամների, հեռուստաընկերությունների։ Նրա պադվալում դժբախտություններ կային․ որտեղ էլ շրջվեր՝ պատուհանից Արարատն էր երևում, պատից Արարատն էր նայում։ Իսկ ուտելիքը նույնն էր ամեն օր՝ խոզի տոտոխ։ ՈՒ միակ մխիթարանքը գրելն էր: Նամակներ էր գրում:

Նամակ 1

«Էրդողանին,Ալիևին. «Սիրելի եղբայրներ։ Ձեր ամենահավատարիմ բարեկամը հիմա կըզած է պադվալում։ Օդը փակեցին, ճանապարհը փակեցին, նույնիսկ հեծանիվս չփրկեց։ Էստեղ վիճակը ծանր է։ Մի փոքր օդանցքից ներս է ընկնում Արարատի լույսը։ Խորշում եմ նայել։ Պատին էլ են Արարատ կախել։ Կարծես հատուկ վրաս ծիծաղեն։ Ամենանվաստացուցիչը սնունդն է։ Խոզի տոտոխ՝ ամեն ալլահյան օր։ Հասկանում եք, չէ՞, ինչ նվաստացում է ինձ համար։ Ես ձեզ համար շատ բան արեցի։ Ավելի շատ, քան շատ թուրք քաղաքական գործիչներ։ Մի թողեք, որ ձեր ամենահավատարիմ բարեկամը տոտոխ կրծելով կործանվի։ Փրկեք ինձ։

Ձեր՝ միշտ ծառայող Նիկոլ»։

Այդ գիշեր պադվալի դուռը բացվեց։ Ներս գցեցին խոզի խանձած գլուխ։ Նա երկար նայեց վրան, հետո սկսեց հաջորդ նամակը։

Նամակ 2

«Հարգելի նախագահ Թրամփ։ Ձեզ գրում է «էն տղեն»։ Հենց էն տղեն, որի ոտքին Ձեր տաք ձեռքը սահեցրիք։ Ինձ հիմա ասում են՝ պարտված։ Բայց ես ինձ պարտված չեմ ճանաչում։ Ես ձեզ Միջանցք տվեցի։ Խաղաղության անունով տվեցի։ Ու հայտնվեցի պադվալում։ CNN-ը դեռ չի եկել։ Human Rights Watch-ը լուռ է։ Իսկ ես միայն տոտոխ եմ ուտում։ Վենեսուելայից մարդու կարողացաք հասցնել ԱՄն, ինձ էլ տարեք Ձեզ մոտ։ Ձեր հատուկ ջոկատայինները թող նոր փորձ ձեռք բերեն։

Հարգանքով՝ Քո տղա Նիկոլ»։

Նամակ 3

«Ֆրանսիո նախագահ Մակրոն, դու ինձ ժողովրդավարության բաստիոն էիր ասում։ Էս ժողովուրդը քեզ չլսեց։ Ժամանակին մերժեցի Սերժին։ Հիմա իրենք ինձ սերժեցին։ Ես ձեր բոլոր խորհուրդները լսեցի։ Արցախը միասին հորով-մորով արեցինք: Բոլոր խոստումները կատարեցի։ Իսկ հիմա նստած եմ պադվալում ու տոտոխ եմ ծամում։ Ազատիր ինձ այս ծակից, ծամելուց։ Քո եվրոպացի Նիկոլ»։

Նամակ 4

«Իրանի Մեծարգո Այաթոլա։ Ձեզ գրում է Հայաստանի նախկին վարչապետ Նիկոլը, ով շարունակ ասում էր՝ տարածաշրջանում հավասարակշռություն կա։ Հիմա նստած եմ։

Պատից Արարատն է նայում։

Սեղանից՝ խոզի գլուխը։

Հասկանում եք, չէ,՞ իմ վիճակի ողբերգականությունը։ Էստեղ ինձ ամեն օր տոտոխ են կերցնում։

Սադիզմի դասական օրինակ: Մարդիկ, որոնք գիտեն՝ ձեր հավատացյալները դրան ձեռք չէին տա։ Ես Արևմուտքի հետ աշխատեցի, երբեք ձեզ դեմ չգնացի ամբողջությամբ։ Միջանցք տվեցի՝ ասացին խաղաղություն է։ Հիմա նույն խաղաղությունը ինձ հասցրեց պադվալ։ Որպես հոգևոր առաջնորդ՝ օգնեք ինձ դուրս գալ էս դժոխքից։ Թե չէ ստիպված եմ շարունակ տոտոխ ծամել։ Իսկ դա արդեն աշխարհաքաղաքական աղետ է։

Խորին հարգանքով՝ Նիկոլ»։

Նամակ 5

«Մեծարգո Պուտին։ Մենք չէ՞ որ ընկերներ ենք։ 200 անգամ հեռախոսով խոսեցինք։ Տասնյակ սեղանների շուրջ նստեցինք։ Դուք երբևէ տեսե՞լ եք, որ ես խոզի տոտոխ ուտեմ։ Հիմա ստիպում են։ Ռուսական գազի մատակարարումը դադարեցնելուց առաջ ասեք Ձեր վերջին խոսքը։ Փրկեք ինձ գարշահոտ պադվալից։ Ձեր՝ միշտ հավասարակշռված Նիկոլ»։

Նամակ 6. ԵՄ դիտորդներին

«Հարգելի դիտորդներ։ Խնդրում եմ արձանագրել՝ պադվալի պայմանները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Տոտոխը մատուցվում է առանց պատառաքաղի։ Խոզի գլուխը՝ առանց անձեռոցիկի։ Յուղն անխնա կաթկթում է դոշերիս: Իսկ ամենասարսափելին՝ այստեղ ոչ ոք ինձ չի անվանում ժողովրդավարության բաստիոն։ Սպասում եմ Ձեր խիստ դատապարտմանը»։

Նամակ 7. CNN-ին

«Սիրելի CNN։ Շտապ նկարահանող խումբ ուղարկեք։

Եթե ճիշտ անկյունից նկարեք, ինձ դեռ կարելի է ներկայացնել որպես ժողովրդավարության վերջին քաղբանտարկյալ։ Մի խնդրանք միայն․ Արարատը կադրում չերևա»։

Նամակ 8

«Սիրելիդ իմ լայվ։ Քանի ամիս է՝ քեզ չեմ միացել։ Էստեղ ինտերնետ չկա։ Չկան մեկնաբանություններ։ Չկան «դուխով» գրող մարդիկ։ Չկան սրտիկներ։ Առաջին անգամ կյանքում մնացել եմ մենակ ինքս ինձ հետ։ Շատ աղմկոտ է էդ լռությունը»։

Նամակ 9

«Վեհափառ Տեր Գարեգին Բ։ Էստեղ օդը խոնավ է, տոտոխը՝ յուղոտ, բայց հեղափոխական ոգիս չի կոտրվել։ Դուք ասում եք՝ Եկեղեցին դարերով պահել է հավատ ու հեյրենիք, ես որոշեցի մի քանի ստատուսով ձեզ էլ ռեբրենդինգ անել։ Ասում էին՝ «եկեղեցու դեմ մի պատերազմիր»։ Բայց ես ո՞ր պատերազմն էի հաշվարկով սկսել, որ սա չսկսեի։ Ինձ ասում էին՝ «սրբություն կա»։ Ես էլ ասում էի՝ «PR կա»։ Ես ուզում էի դառնալ առաջին ղեկավարը, որ պարտված պատերազմից հետո ոչ թե հրաժարական է տալիս, այլ կաթողիկոս է փոխում։ Համաձայնեք՝ քաղաքական ժանրի մեջ դա նոր խոսք էր։ Իսկ երբ ասում էի՝ եկեղեցին պետք է մաքրել, իրականում նկատի ունեի՝ եկեղեցին պետք է ինձ նմանվի։ Որ քարոզի փոխարեն լայվ լինի, խունկի փոխարեն՝ ֆեյսբուքյան ծուխ, Ավետարանի փոխարեն՝ ստատուսներ։ Ձեզ նայելով՝ ես միշտ նյարդայնանում էի։ Մարդը հազար տարվա կառույցի գլուխ է, բայց ամեն առավոտ չի մտնում լայվ ու չի գոռում ժողովրդի վրա։ Ինձ համար դա կասկածելի էր թվում։ Բայց մի բան ասեմ, Վեհափառ. եթե վաղը դուրս գամ էս պադվալից, նորից կսկսեմ նույնը։ Որովհետև ոմանք սխալներից դաս են քաղում, ես՝ նոր լայվի թեմա։ Հեղափոխական ողջույններով՝ Նիկոլ Փաշինյան։

Հ.Գ.

Եթե կարող եք, մի բուռ խունկ ուղարկեք։ Էստեղ խոզի տոտոխի հոտին նույնիսկ սատանան չի դիմանա»։

Վերջին նամակը՝ Հայ ժողովրդին

«Իմ ժողովուրդ։ ՈՒզում եմ ասել, որ դուք ճիշտ չհասկացաք ինձ։ Այն, ինչ ես արեցի, իրականում ձեր համար էր։ Արցախը տվեցի՝ որ խաղաղ ապրեք։ Զիջեցի՝ որ երկիր ունենաք: Հիմա իմ շնորհիվ անկախ եք: Ես միշտ ճիշտ եմ եղել։ Պարզապես դուք դեռ պատրաստ չէիք դա հասկանալու։ Իսկ հիմա նստած եմ պադվալում։ Ամեն օր Արարատն է դեմս։ Ամեն օր նույն տոտոխն են բերում։ Բայց դուք էլ երկար չեք դիմանա առանց ինձ։ Դեռ կհիշեք։ Դեռ կասեք՝ «հետ բերեք Նիկոլին»։ Դրա համար ասում եմ՝ բաց թողեք ինձ էս ծակից։ Այդ դեպքում ձեր տոտոխի փողը ձեզ կմնա»։

Օրեր անց հերթապահը հավաքեց և Նիկոլին հետ տվեց վերադարձված անպատասխան նամակները։ Վերջին ծրարի վրա տեսավ իր գիրը՝ «Հասցեատերը՝ Հայ ժողովուրդ»։

Դա սոսկ վերադարձված նամակ չէր՝ Դատավճիռ էր։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ