Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Խոնարհում բոլոր նրանց, ովքեր մնացին լեռներում

Խոնարհում բոլոր նրանց, ովքեր մնացին լեռներում
03.08.2026 | 14:22

Զոհվել է լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան։ Բրոդ Փիքում տեղի ունեցած ձնահյուսը խլել է նրա գլխավորած արշավախմբի 10 անդամների կյանքը։

Սա մեծ կորուստ է համաշխարհային լեռնագնացության համար։ Նիրմալ Պուրջան 2019 թվականին ընդամենը 6 ամիս և 6 օրում նվաճել էր աշխարհի բոլոր 14 ութհազարանոց գագաթները, իսկ նրա բացառիկ նվաճման մասին նկարահանվել էր Netflix-ի «14 Peaks: Nothing Is Impossible» վավերագրական ֆիլմը։

Այսօրվա ողբերգական լուրը Նիրմալ Պուրջայի մասին ինձ տարավ տարիներ հետ։

Ժամանակին ես էլ եմ մասնակցել մի երկար ու դժվարին լեռնագնացության։

Երբ հորեղբորս հորդորով միացա նրանց խմբին, նա նախապես պատմել էր իմ մասին՝ իմ վախերի ու անփորձության մասին։ Ես վախենում էի բարձրությունից։ Բոլորը գիտեին այդ մասին։ Հենց այդ վախը հաղթահարելու համար էի միացել նրանց։ Եվ շատ էի ամաչում դրանից։

«Ռութն է լինելու քո առաջնորդը»,— ասացին ինձ։

Ռութն ինձ դիմավորեց այնքան սիրալիր, այնքան վստահ ու հանգիստ, որ ես միանգամից վստահեցի նրան։ Նա կյանքով լի էր։ Բարձրահասակ, գեղանի, անհնար էր նրան չվստահել։ Նա ամբողջ սրտով սիրում էր լեռներն ու իր գործը։ Նրա ներկայության մեջ մի հանգստություն կար, որը վստահություն էր ներշնչում։

Այդ օրը լեռներում հանկարծ ձնահողմ բարձրացավ։ Քամին այնպես էր հարվածում դեմքիս, կարծես այրում էր մաշկս։ Չգիտեի ինչպես պաշտպանվել, ուր թաքնվել։

Բայց հենց այդ պահին հասկացա, թե ինչ է նշանակում լինել մեկ թիմ։ Մեր լեռնագնացներն այնպիսի հոգատարությամբ շրջապատեցին ինձ, կարծես ես էի միակ վտանգված մարդը։ Նրանք մեծ սրտի տեր մարդիկ էին, որոնք բառացիորեն դողում էին իրար համար։

Հետո կապը կորավ։

Շատ բաներ այլևս չեմ հիշում։ Հետագայում պատմեցին, որ սկսվել էին փրկարարական աշխատանքները։ Մի քանի օր անց մեզ գտան։ Բոլորիս։ Բոլորիս, բացի Ռութից։

Երեք օր շարունակ որոնելուց հետո Ռութին գտան… մահացած։

Երբ երեք օր անց այցելեցինք նրա հորը, ես չճանաչեցի նրան։ Այդ մարդն անճանաչելի էր դարձել։ Մազերը ամբողջովին սպիտակել էին։ Ես չգիտեի՝ ինչպես էի նայելու նրա աչքերի մեջ։

Բայց նա առաջինը մոտեցավ ինձ։ Գրկեց։ Եվ սկսեց հեկեկալ։

Այդ գրկում ես հասկացա ամեն ինչ։

Այդ օրերից ես մի բան հասկացա. լեռը չի տարբերում սկսնակին և վարպետին։ Այն պահանջում է հարգանք, զգոնություն և երբեմն խլում է լավագույններին։

Լեռը կարող է խլել լավագույններին, բայց չի կարող խլել հիշողությունը նրանց մասին, ովքեր սիրալիր են դիմավորում, վստահություն են ներշնչում և սովորեցնում են հաղթահարել սեփական վախը։

Այդ պատճառով էլ այսօրվա լուրը Նիրմալ Պուրջայի մասին ինձ համար պարզապես նորություն չէ։ Այն վերադարձրեց մի հիշողություն, որը տարիներ շարունակ լուռ ապրել է իմ մեջ։

Խոնարհումս Ռութի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր մնացին լեռներում։

Եվ խոնարհումս այն հայրերին, ովքեր նույնիսկ անսահման վշտի մեջ ուժ են գտնում գրկելու ուրիշին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ