Իշխանությունները ամենօրյա ռեժիմով տարածում են ընտրակաշառքների ու այլ ընտրախախտումների մասին բազմազան ու բազմաբնույթ լուրեր։ Նպատակը պարզ է․ այս աղմուկի տակ իրականացնել ձերբակալություններ, թուլացնել հիմնական ընդդիմադիր ուժին՝ «Ուժեղ Հայաստանին»։ Այդ «քրեական հանցագործությունների» մասին ֆեյք լուրերն այնքան ինտենսիվ են, որ արդեն այսօր, դեռ ընտրարշավը չսկսած, կարելի է համարել ընտրությունները կեղծված։
Նիկոլը սրանով ցանկանում է հաղթել «Ուժեղ Հայաստանին», սակայն նա միաժամանակ բազմաթիվ հաղթաթղթեր է տալիս մյուս ընդդիմադիր ուժերին։ Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրությունների ժամանակ պրիզը մի հատ չէ, եւ մյուս ընդդիմադիրներն արդեն իսկ կարող են սկսել պատրաստվել ետընտրական պայքարին, պնդելով, որ այս «ընտրակաշառքներով» հենց իրենցից են ձայներ գողացվել։
Նաեւ պարզ է, որ երբեք Նիկոլը չի գնա ետընտրական միտինգների ու բողոքների, իսկ ընդդիմադիրները կգնան։ Եթե անգամ Նիկոլը մի ձեւ-մի կերպ կռճի-կպցնի իր 50%-ը, «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը եւ մյուսները կարող են գնալ ետընտրական զարգացումների, իրե՛նց մասով հարցականի տակ դնելով ընտրությունների արդյունքները եւ պահանջելով նոր ընտրություններ։
Փաստորեն, իր ոստիկանություններով, դատախազություններով ու դատարաններով երկրում «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ահաբեկչական մթնոլորտ ստեղծելով, Նիկոլը արդեն իսկ հարցականի տակ է դրել ընտրությունների արդյունքները, հիմք է ստեղծել ետընտրական հանրահավքների ու պահանջների։ Եթե անգամ ինքը ինչ-որ ֆանտաստիկ ձեւով կարողանա հաղթել, Նիկոլի նման հաղթանակը, հենց Նիկոլի թեթեւ ձեռքով արդեն իսկ կասկածելի է, քանի որ մյուս ընդդիմադիրները, կրկնեմ, արդեն լրիվ լեգիտիմ իրավունք ունեն իրենցից «գողացված» ձայները պահանջելու։
Փաստորեն, գայթակղվելով բռնություններ ու անօրինականություններ գործելու իր անպատժելիությամբ, Նիկոլը ակամա ինքն իր դեմ է աշխատում, իր ոտքին է կրակում։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ
Հ.Գ. Բնական է, որ այս ամենը Նիկոլն էլ է հասկանում եւ նման զարգացումներից խուսափելու համար նա կարող է չգրանցել «Ուժեղ Հայաստանը»։