ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Իշխանությունը վերադառնում է նախկին գործելաոճին՝ ներքաղաքական բևեռացումն ուժեղացնելու համար

Իշխանությունը վերադառնում է նախկին գործելաոճին՝ ներքաղաքական բևեռացումն ուժեղացնելու համար
29.07.2026 | 19:07

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում»։

Ըստ էության, այս հայտարարությունը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Խոսքը պարզապես հերթական սուր արտահայտության մասին չէ։ Այն ավելի շատ հուշում է, որ իշխանությունը վերադառնում է իր նախկին քաղաքական գործելաոճին՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն թեմաներն ու գործիքակազմը, որոնք նախկինում բազմիցս օգտագործվել են հասարակական օրակարգը ձևավորելու և ներքաղաքական բևեռացումն ուժեղացնելու համար։

Այս պահին իրավիճակը նաև արտաքին տեսանկյունից է առանձնահատուկ։ Եթե նախկինում իշխանության որոշ քայլեր զսպվում էին արտաքին գործոններով կամ աշխարհաքաղաքական հաշվեկշռով, ապա այսօր նման սահմանափակումներ գործնականում չեն երևում։ Դա իշխանությանը տալիս է ավելի ազատ գործելու հնարավորություն, և հենց այդ պատճառով առաջիկա զարգացումները մեծապես կախված են լինելու ոչ այնքան իշխանության հաջորդ քայլերից, որքան այն բանից, թե ինչ արձագանք կստանա այդ քաղաքականությունը։

Հիմա առանցքային հարցն արդեն այլ է. ի՞նչ մարտավարություն են ընտրելու Հայ Առաքելական Եկեղեցին և ընդդիմությունը։ Արդյո՞ք սահմանափակվելու են առանձին հայտարարություններով, թե՞ փորձելու են ձևավորել քաղաքական և հասարակական այնպիսի վարքագիծ, որը կհամապատասխանի ստեղծված իրավիճակին։

Այս համատեքստում ուշագրավ է նաև մեկ այլ հարց, որի պատասխանը, հավանաբար, շուտով կստանանք։ Եթե մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատվեն, և Ազգային ժողովի հերթական գումարման առաջին նիստին Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն մասնակցի կարգալույծ քահանա կամ իշխանությանը բացահայտ աջակցող որևէ հոգևորական, ապա ինչպիսի՞ կեցվածք կորդեգրեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Կմասնակցե՞ն այդ արարողությանը՝ ընդունելով ստեղծված փաստը, թե՞ կընտրեն այլ քաղաքական վարքագիծ։ Այդ պահը կարող է դառնալ ոչ միայն խորհրդարանական արարողակարգի, այլև քաղաքական դիրքորոշումների կարևոր փորձաքար։

Հ․Գ․ Պատմության մեջ նման մեթոդները նորություն չեն։ Տարբեր ժամանակներում տարբեր բնույթի վարչակարգեր փորձել են սահմանափակել կամ իրենց ազդեցությանը ենթարկել հոգևոր հաստատությունները։ Անգլիայի Հենրի VIII-ը, հակասության մեջ մտնելով Հռոմի պապի հետ, փորձեց եկեղեցու ղեկավարման իրավունքը կենտրոնացնել թագի ձեռքում։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում պետությունը փորձեց վերակազմավորել եկեղեցին այնպես, որ այն հաշվետու լինի հեղափոխական իշխանությանը։ 19-րդ դարում Գերմանիայում Բիսմարկի նախաձեռնած Kulturkampf-ը նույնպես նպատակ ուներ սահմանափակել կաթոլիկ եկեղեցու ինքնուրույն ազդեցությունը պետական կյանքում։ Իսկ բոլշևիկները եկեղեցին դիտարկում էին որպես մրցակից հեղինակություն և երկար տարիներ հետևողականորեն պայքարում էին նրա դեմ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7608

Մեկնաբանություններ