Իրանը գլուխ չի խոնարհի ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջների առաջ, չի զիջի անարդարության և ագրեսիայի առջև. Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիան
Իրեն այս աշխարհի տիրակալի իրավունքներ վերապահած քաղաքական խուլիգանը և թիվ 1 ահաբեկիչը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, երեկ դարձյալ սպառնացել է իրանին: Թրամփը մեր հարևան ու բարեկամ Իրանին սպառնացել է շատ «կոշտ միջոցներով» և ևս մեկ ավիակրով…
Այնուհանդերձ, չնայած Թրամփի շանտաժին, որ Թեհրանի անհամաձայնության դեպքում պատրաստ կլինի ռազմական գործողությունների, Իրանի ղեկավարությունը վճռական է երկրի անվտանգության և շահերի պաշտպանության հարցում, որոնք վերաբերվում են Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագրին և ատոմի խաղաղ օգտագործման իրավունքին:
«Մենք կամ գործարք կկնքենք, կամ ստիպված կլինենք կոշտ միջոցներ ձեռնարկել»,- «Life.ru»-ի փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան ղեկավարը և վկայակոչել նախորդ տարվա փորձը՝ 2025թ. հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները:
Եթե ԱՄՆ-ը և Իրանը չկարողանան համաձայնության հասնել, ապա Միացյալ Նահանգները կդիմի «շատ կոշտ միջոցների». РБК-ի փոխանցմամբ , այս մասին լրագրող Բարաք Ռավիդի, իրեն տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես դիտարկում եմ տարածաշրջան ավիակիր և լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորությունը»,- հավելել է Թրամփը:
«Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը ելույթ ունենալով իսրայելական «12-րդ ալիք»-ի եթերում, հայտնել է. «Թրամփն ինձ ասել է, որ եթե չհաջողվի Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հասնել նրա միջուկային ծրագրի շուրջ, նա պատրաստ կլինի ռազմական գործողությունների»,- հայտնել է լրագրողը և հավելել, որ Թրամփը դիտարկում է «Abraham Lincoln»-ից բացի, երկրորդ ավիակիրն Իրան ուղարկելու հնարավորությունը, ինչպես նաև լրացուցիչ հարվածային նավեր և կործանիչներ:
Ռավիդի փոխանցմամբ, Թրամփը հեռախոսազրույցում նաև հայտարարել է, որ իրանցիները շատ ավելի մեծ ճկունություն են ցուցաբերում բանակցությունների վերջին փուլում, որը սկսվել է անցյալ շաբաթ, քան 2025թ. ամռանը 12-օրյա պատերազմից առաջ, փոխանցում է Ռավիդը։
Ահաբեկչական պետություններ հանդիսացող Իսրայելը և ԱՄՆ-ը համառորեն անտեսում են ոչ միայն Թեհրանի հավաստումներն առ այն, որ Իրանը չի զբաղվում միջուկային զենքի ստեղծմամբ և չունի այդպիսի մտադրություն, այլև այն իրողությունը, որ Թեհրանի պնդումները հերքող որևէ ապացույց չկա:
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում վերստին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել և պատրաստ է մոնիտորինգի ցանկացած միջոցի:
«Մենք ազնիվ ենք աշխարհի և մեր ժողովրդի առաջ,- ТАСС-ի այսօրվա հրապարակման համաձայն, ասել է Պեզեշքիանը:- Մենք չենք ձգտում միջուկային զենքի (ստեղծման.-խմբ.): Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին և պատրաստ ենք ցանկացած ստուգման։ Բայց անվստահության բարձր պատը, որը ԱՄՆ-ն ու Եվրոպան կանգնեցրել են իրենց ելույթներով, թույլ չի տալիս, որ այդ բանակցություններն արդյունք տան։ Իրանը գլուխ չի խոնարհի նրանց չափազանց մեծ պահանջների առաջ։ Իրանը չի զիջի անարդարության և ագրեսիայի առջև։ Մենք երկխոսություն ենք վարում հարևան երկրների հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և հանգստության» (ընդգծումը՝ մերը)։
Իրանի ԱԳՆ-ում պատմել են ԱՄՆ-ի հետ խաղաղ ատոմի երաշխիքով գործարքի առաջարկի նախապատրաստման մասին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երեկ, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, ըստ որի, չի լինի միջուկային զենք, բայց կերաշխավորի ատոմի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը:
«Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրականացվող ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ (Իրանը — խմբ.) միջուկային զենք չի ունենա, և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը՝ էլեկտրականության, դեղորայքի արտադրության, գյուղատնտեսության համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Արաղչին միաժամանակ ընդգծել է, որ Իրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին 2025թ. բանակցությունների ֆոնին նրա հարվածներից հետո և կցանկանար համոզվել, որ նման բան չի կրկնվի:
Օմանի մայրաքաղաք Մասկատում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին կայացել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դրանք լավ են անցել և շարունակվելու են: Իսլամական Հանրապետության արտգործնախարարը փետրվարի 8-ին ընդգծել է, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը՝ նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, «The Wall Street Journal»-ի (WSJ) տեղեկացմամբ, քննարկել է իրանական նավթով լցանավերի գրավման ծրագիրը, որպեսզի ուժեղացնի ճնշումը Թեհրանի վրա: «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , «The Wall Street Journal»-ն այս մասին հայտնել է վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին: Նրանց խոսքով՝ ամերիկյան իշխանություններն առայժմ չեն համարձակվում նման քայլի դիմել։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ լցանավերի գրավման միջոցով ԱՄՆ-ը ծրագրում էր Իրանին համոզել միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել, սակայն Վաշինգտոնում վախենում են նավթի գների աճից և Թեհրանի պատասխան արձագանքից։ WSJ-ի հետ զրույցում Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ-ի նախագահը գործողությունների մի քանի տարբերակ ունի այն դեպքում, եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն:
Վաշինգտոնի մտավախությունն իզուր չէ: Որևէ կասկած չկա այն հարցում, որ Իրանն իր լցանավերի գրավման դեպքում, ի տարբերություն նույնիսկ Ռուսաստանի, վճռականորեն կդիմի համարժեք պատասխան միջոցների: Ավելին. ընթերցողներից հավանաբար շատերը տեղյակ չեն, որ Իրանն իր նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հայտնի սպառնալիքների պայմաններում օրերս արդեն իսկ գրավել է լցանավեր: Ճիշտ է, դրանք ԱՄՆ-ի լցանավերը չեն, ոչ էլ պաշտոնապես Իսրայելին են պատկանում, սակայն դատելով ամենից, լինելով Իսրայելի ստվերային նավատորմի մաս, սիոնիստական պետության համար գողացված նավթ տեղափոխելիս են եղել:
Օմանում փետրվարի 6-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացած բանակցությունների նախօրեին Իրանը, РБК-ի փոխանցմամբ, Պարսից ծոցում երկու նավ է կալանել վառելիքի մաքսանենգության կասկածանքով։ Իրանի «Fars» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը:
Զինվորականները հայտարարել են, որ նավերի զննման ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն լիտր մաքսանենգ վառելիք: Նավում եղել են անձնակազմի 15 օտարերկրյա անդամներ, նրանց հանձնել են դատական մարմինների ներկայացուցիչներին՝ քրեական գործ հարուցելու համար։ Ինչպես հայտնել են ԻՀՊԿ-ից, երկու նավերն էլ ճյուղավորված ցանցի մեջ են եղել և վերջին ամիսների ընթացքում զբաղվել են վառելիքի մաքսանենգությամբ: Կորպուսի ռազմածովային ուժերը նրանց վերահսկել են դեռ գրավումից առաջ։ Իրանը նախկինում էլ Պարսից ծոցում այլ երկրների նավթային լցանավեր է գրավել։ 2025թ. գարնանը կալանվել են երկու նման նավեր՝ դիզվառելիքի մաքսանենգության կասկածանքով։
Արթուր Հովհաննիսյան