Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Փորձում է մանկուրտային պետություն կառուցել՝ հիշողություն զրոյացնելով

Փորձում է մանկուրտային պետություն կառուցել՝ հիշողություն զրոյացնելով
24.12.2025 | 13:25

Երեկ Պետերբուրգի հայ համայնքի հետ հերթական հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի ձևակերպմամբ, որն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես պատմական խոհականություն, սակայն իրականում, ինչպես միշտ, պարունակում է խորքային գաղափարական մանիպուլյացիա։ Իր խոսքում Փաշինյանն ասել է. «Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս»: Ըստ էության՝ սա փաշինյանական հերթական արհեստական հակադրություն է, որը նա կառուցում է պատմական հիշողության և ներկա պետականության միջև՝ փորձելով վերջինս ներկայացնել առաջինից ազատագրվելու անհրաժեշտության համատեքստում։

Իրականում, սակայն, պատմությունը չի պարտադրում ուղիներ, այլ փոխանցում է փորձ, դասեր և ինքնության կոդեր։ Այն փուլում, երբ երկրի ղեկավարը (սրա դեպքում՝ ոչ բարով) պատմության անունից է խոսում, նա իրականում սեփական քաղաքական որոշումներն է փորձում ներկայացնել որպես անխուսափելի ճակատագիր՝ ազատվելով պատասխանատվությունից։

«Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստանի մաս դարձնելու» վտանգը իրական քաղաքական դիսկուրսում պարզապես գոյություն չունի։ Ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ երբևէ նման նպատակ չի ձևակերպել։ Սա կեղծ երկընտրանք է, որով ազգային հիշողությունն ու պատմական ինքնությունը ներկայացվում են որպես պետականության սպառնալիք։ Մինչդեռ աշխարհում գոյատևում և ամրապնդվում են հենց այն պետությունները, որոնք իրենց պետականությունը կառուցում են պատմական հիշողության և շարունակականության վրա, այլ ոչ թե դրանից հրաժարվելու հաշվին։

«Պատմական Հայաստանի» ժառանգության մերժումը ոչ միայն չի ուժեղացնում ՀՀ-ն, այլ հակառակը՝ թուլացնում է այն։ Ուզում եմ ասել, որ պատմական հիշողությունից հրաժարումը խաղաղություն չի բերում, այլ ստեղծում է գաղափարական վակուում, որն արագորեն լցվում է արտաքին պարտադրանքներով։

Այս համատեքստում Փաշինյանի խոսքի իրական ուղերձը ոչ թե պատմական անցյալի մասին է, այլ ներկա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու դասական փորձ։ Պատմական Հայաստանը նրա ձևակերպման մեջ վերածվում է իր պարտությունների, զիջումների և ձախողված ռազմավարությունների համար թիվ մեկ «մեղավոր»։ Մինչդեռ պետական ղեկավարի պարտականությունն է ոչ թե պայքարել պատմության դեմ, այլ սեփական կառավարման արդյունքների համար պատասխան տալ։

Այն իշխանությունը, որը սկսում է սեփական պատմության հետ վարել գաղափարական պայքար, դա նշանակում է, որ նա այլևս չունի ապագայի կառուցման տեսլական։ Բանն այն է, որ «Պատմական Հայաստանը»խնդիր չէ Հայաստանի Հանրապետության համար։ Խնդիրը այն քաղաքական մտածողությունն է, որով Փաշինյանը փորձում է մանկուրտային պետություն կառուցել հիշողություն զրոյացնելով՝ ազգային ինքնության հաշվին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ