«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Յոժի «Xəngəl»-ն ու Reels-ային հոգեբանական դիվերսիան

Յոժի «Xəngəl»-ն ու Reels-ային հոգեբանական դիվերսիան
09.10.2026 | 18:36

Ն.Գ. (նախագրություն)
Խորհրդածելու պարտադրանք էր այսօր՝ 2026-ի հոկտեմբերի 9-ին, արձակագիր Լևոն Ջավախյանի «Կերպարանափոխություն» վերտառությամբ հրապարակախոսական-աֆորիստիկ մաքսիմը․

«Յոժը, կեղծանունը` Սերգեյ Դանիելյան, դերասան ծնվել է, դերասան էլ կմեռնի` էդպես էլ չհասցնելով Մարդ դառնալ։
Փոխարենը նիկոլական դարձավ...»։

Անզիջում ախտորոշում է, որը և ստիպեց մտորել-գրել
բարոյական այդ մետամորֆոզի մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է երբեմնի տաղանդավոր արվեստագետը հասել սեփական հայրենիքի ու ժողովրդի դեմ հոգեբանական դիվերսիա իրականացնելու սահմանագծին:
Հայոց պետականության դեմ ուղղված «հիպերբոլիկ» սատիրայի «կուլիսներում»
Միշտ չէ, որ «հիպերբոլիկ սատիրայի» կամ իբր՝ «ինքնահեգնանքի» շղարշի տակ հնարավոր է խուսափել բարոյական պատասխանատվությունից ու քողարկել թունդ ՔՊ-իզմից աղճատված իրական դեմքը։ Երբ արվեստի կամ հումորի հզոր զենքը ծառայեցվում է ոչ թե մարդկային արատների քննադատությանը, այլ պետական ու ազգային նվաստացման լեգիտիմացմանը, դա այլևս սատիրա չէ, այլ հոգեբանական դիվերսիա։
Փիլիսոփայական առումով, իրական հումորն ու երգիծանքը միշտ բարձրացրել են մարդուն՝ ծաղրելով թուլությունները հանուն վերածննդի։ Մինչդեռ իշխանական թեզերի սպասարկման վերածված անհամ ու անաղ «կատակները» հետապնդում են ճիշտ հակառակ նպատակը՝ մանրացնել մարդկային արժանապատվությունը, մարդուն հարմարեցնել պարտության գաղափարին և հասարակությանը զրկել ցավի ու վտանգի բնազդային զգացումից։
«Անկախ արվեստագետի» կերպարի փլուզումն այստեղ միայն անհատական անկում չէ. դա մտավորականի դասական դավաճանության ակտ է, երբ բարոյական «կապիտալը» փոխանակվում է իշխանահաճո լռության կամ պրիմիտիվ հայտնիության հետ։
Երբ սահմանային զգայուն խնդիրներն ու անվտանգությունը նիկոլական հտպիտին հատուկ դերասացությամբ մատուցվում են որպես ծիծաղելի «կրիմինալ» կամ՝ «հիմար» իրավիճակ, վտանգվում է ոչ միայն անհատի անունը, այլև ողջ հանրության հավաքական դիմադրողականությունը։
«Առակս զինչ ցուցանե՞»...
Թերևս, սխալ հարցադրում է, քանի որ չկա որևէ առակ, հետևաբար՝ չկա՛ն և՛ «ցուցանող», և՛ բարոյախոսող։ Առկա է միայն ինքնակամ պալատական «ծաղրածուի»՝ իմա՛ «шут»-ի անհարմարավետությունից զուրկ, «տաքուկ» կերպարի մեջ «հավուր պատշաճի» տեղավորված Յոժը՝ ավազանի անունով Սերգեյ Դանիելյանը։
Երբեմնի տաղանդավոր դերասանն այսօր սեփական կամքով ու ցավալիորեն մեծագույն հաճույքով ստանձնել է իշխանական կերակրատաշտի մոտ «հավատարիմ» հնչյուններ արձակողի դերը։
Փիլիսոփայական իմաստով, երբ արվեստագետը կամավոր հրաժարվում է իր ազատությունից հանուն իշխանական հովանավորության, դադարում է լինել սուբյեկտ և վերածվում է սովորական օբյեկտի՝ անպատվաբեր գործիքի։
Նրա վերջին «արվեստի գլուխգործոցը»՝ սոցցանցերում «հռհռացող» էմոջիների ուղեկցությամբ «հաղթարշավի» դուրս եկած Reels-ը (հղումը՝ Հ․Գ․-ում), ասվածի ամենաողորմելի, հոգեպես ունայն ու զազրելի ապացույցն է, որտեղ մարդկային արժանապատվության զոհաբերությունը մատուցվում է որպես «զվարճանք»։
Եվ ահա, այդ «զվարճանքի» ու բարոյական անկման բացահայտ դրսևորումը. էկրանից հնչում է իշխանական քարոզչության հերթական հանրայնացումը՝ համեմված «ժողովրդին կրթելու», «բարի լինելու» և «մարդասիրություն սովորեցնելու» կեղծավոր պաթոսով։
Մեջբերենք բառացի.
«Չեմ դադարում զարմանալ, թե ինչքան անհանդուրժողականություն ու ատելություն կա մեր մեջ, ժողովուրդ։ Ե՞րբ էտենց դառանք մենք։ Լա՛վ, ասենք ադրբեջանցի ա, ասենք մոլորվել ա էտ էրեխեն, մտել ա սահմանից 40 կիլոմետր անցել ա, մտել ա էտ տուն սովածացել ա, հաց ա կերե մի կտոր։ Եթե էտ կինը վայրենու նման չքշեր․․․ Մարդ ա, կարող ա հաց ուտեր, պրծներ, գնար զուգարան թու՛ մի հատ բան աներ, հանգստանար էտ էրեխեն, հելներ, գնար։ Թե բա քրիստոնյա ենք, էս ենք, էն ենք․․․ Սիրենք զը միմիաաանցս և զը թշնամյաաանցս․․․ Մոռացել ե՞ք էդ ամեն ինչը, արա՛։ Զարմանում եմ ուղղակի ձեր վրա»։
Վկայակոչված տեքստը սովորական տգիտության կամ վեր ցցված «բութ»-եր, կեղծ սրտիկներ ու «հռհռիկներ» վաստակելու հումորի արդյունք չէ։ Փողոցային սլենգի սոուսով մատուցված օղուզական քոչվորների խառնահամ այս Xəngəl-ը հայոց պետականության, սեփական քաղաքացու և սահմանների անվտանգության դեմ աշխատող բացահայտ թեզ է:
Պարտվողական հարթակ, որտեղ շինականի տուն մտած ու հայ մոր վրա կրակած պատանդառու զավթիչին արդարացնելու համար՝ վարչապետի աթոռը բռնազավթածի թողած հետագծով, զոհաբերվում է («հիպերբոլիկ սատիրայի» քողածածկույթով) սեփական ժողովրդի արժանապատվությունն ու ինքնապաշտպանական բնազդը։
Ահա թե ինչու է արձակագիր Լևոն Ջավախյանի ախտորոշումը դառնում ոչ թե պարզապես զգացմունքային վրդովմունք, այլ բարոյական դատավճիռ:
Երբ գրողն արձանագրում էր, թե Սերգեյ Դանիելյանը «դերասան ծնվել է, դերասան էլ կմեռնի` էդպես էլ չհասցնելով Մարդ դառնալ», նա մատնանշում էր հենց այս սահմանագիծը։
Այն սահմանագիծը, որտեղ իշխանական կամակատարի «տաքուկ» դերը վերջնականապես կլանում է ստեղծագործողին՝ նրան զրկելով հանրային ցավին ու պետական աղետին կարեկից լինելու մարդկային ունակությունից։
Յոժի կերպարանափոխությունն ավարտված է. նա հաջողությամբ դարձավ նիկոլականության քարոզչական գործիք, բայց այդպես էլ չհասցրեց կանգնել սեփական հայրենիքի ու ժողովրդի կողքին։
Թատրոնի վարագույրները վաղ թե ուշ կփակվեն, քաղաքական բեմահարթակները կփլուզվեն, իսկ պատմության էջերում կմնա միայն մտավորականի դասական անկման այս ողորմելի տեսարանը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Հղումը՝
Դիտվել է՝ 357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ