Ըստ վկայությունների, Հռոմի կայսր Կալիգուլան իր սիրելի ձիերից մեկին սենատոր նշանակեց: Ցավոք, Հռոմի Սենատի նիստերին ձիու մասնակցության և քվեարկության վերաբերյալ տեղեկություններ չկան, սակայն ենթադրության մակարդակով կարելի է պնդել, որ Կալիգուլայի ձին կարող էր մասնակցել Սենատի աշխատանքներին և նույնիսկ ներկայացուցչի միջոցով քվեարկել: Ըստ երևույթին, Կալիգուլան ցանկացել է ցույց տալ, որ պետական բարձր պաշտոնը կարող է զբաղեցնել նույնիսկ կենդանին:
Այս իմաստով, առնվազն զարմանք են առաջացնում այն անձինք, որոնք ԱԺ-ից ինչ-որ սպասումներ ունեն: «Կրկես է», «Գաստրոլներ են», «Երկիրը կործանվում է, իսկ դուք հարցեր եք միմյանց տալիս», «Մանկապարտեզ է», «Հիասթափվել ենք», «Այլևս ընտրությունների չենք գնալու» և այսպես շարունակ: Այսպես են արձագանքում Հայաստանի բնակիչները ԱԺ-ում ընթացող «գործընթացներին»: Կներեք, բա ի՞նչ էիք սպասում: ԱԺ-ի պատգամավորներն ի՞նչ անեին: Արցա՞խը հետ բերեին, Ռուսաստան ձուկ և ծաղի՞կ արտահանեին: Իսկ միգուցե Մեծ Հա՞յք կառուցեին: Ախր, այդ մարդիկ կատարում են այն ինչ իրենց պատվիրակել եք: Մեծ Հայք պատվիրակեիք, նրանք էլ Մեծ Հայք կառուցեին: Իսկ պատգամավորներին Մեծ Հայք կարող էր Ազգը պատվիրակել, վատագույն դեպքում` ժողովուրդը: Ցավոք, այս 29 745 քմ. կմ. տարածքում մեծամասամբ բնակչություն է ապրում: Վերջինս էլ ԱԺ-ի պատգամավորներին պատվիրակել է այն ինչ վերջիններս պարտաճանաչ կերպով կատարում են: Ավելին` գերազանց են կատարում: Մնում է պայմանական ձի բերեն: Ձին էլ սարերի հետևում չէ:
Կարեն Հեքիմյան