Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Վենսի այցն ու Black Rock-ը

Վենսի այցն ու Black Rock-ը
11.02.2026 | 18:17

Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով:

Իսկ օրեր առաջ ամերիկյան ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը, ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոմսերը: Պայմանագրի համաձայն՝ սահմանվում է տերմինալի համատեղ տնօրինում SOCAR Turkey Enerji A.Ş. և Black Rocsk-ի «դուստր» Terminal Investment Switzerland Sàrl (TISS) ընկերությունների կողմից: Խոսքը Էգեյան ծովի ափին գտնվող տերմինալի մասին է, որն իր ծավալներով երրորդն է Թուրքիայում ու, ամենակարևորը, ապահովում է կայուն ելք դեպի Միջերկրական ծով:

Այժմ կրկին անդրադառնանք Հայաստան ժամանած AECOM ընկերությանը: NASDAQ ֆոնդային բորսայի կայքում որոնման արդյունքները ցույց են տալիս, որ 2023 թ. փետրվարին այդ ընկերության ինստիտուցիոնալ բաժնետեր է դարձել վերոնշյալ Black Rock-ը (12%): Ըստ ամերիկյան որոշ բաց աղբյուրների՝ Black Rock-ը ներկայացված է AECOM-ում նաև անուղղակիորեն՝ մի շարք դուստր ընկերությունների տեսքով:

Ի՞նչ է սա նշանակում:

Black Rock-ը պարզապես բիզնես-սուբյեկտ չէ, այլ ԱՄՆ կառավարության ու, մեծ հաշվով, «խորքային պետության» հետ ուղիղ աֆիլացված ակտոր: Թեև համարվում է պասիվ ներդրող, այն ունի քվեարկելու իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովներում և մասնակցում է ընկերությունների բարձրագույն ղեկավարության նշանակմանը: BlackRock-ը 3900 ամերիկյան հրապարակային ընկերություններից մոտ կեսում տնօրինում է անվանական բաժնետոմսերի փաթեթների ավելի քան 5%-ը։ Այն հանդիսանում է նաև մրցակից ընկերությունների՝ ԱՄՆ «մեծ քառյակի» բանկերի խոշոր բաժնետեր։

Փաստացի՝ Վաշինգտոնը, ինչպես բազմիցս եմ նշել, TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը: Ձևավորվում է նոր լոգիստիկ մեգածրագիր, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո: TRIPP-ն ու Թուրքիայում ձեռքբերված տերմինալն այդ լոգիստիկայի կարևոր հանգույցներից են:

Սա այն դեպքերից է, երբ պետության աշխարհաքաղաքական շահերն ամբողջությամբ համընկնում են խոշոր կապիտալի շահերի հետ:

Հ.Գ. Այս ամենի համատեքստում՝ առաջիկայում սպասեք զարգացումների «չեզոք» Թուրքմենստանում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ