ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Քարոզարշավի մեկնարկին պայքարը կենտրոնացած է քաղաքական լիդերների անձի վրա

Քարոզարշավի մեկնարկին պայքարը կենտրոնացած է քաղաքական լիդերների անձի վրա
13.05.2026 | 13:04

Մի քանի դիտարկում սկսված ընտրական գործընթացների հետ կապված:

Մեծամասամբ տարածվում է այն կարծիքը, որ ընդդիմությունը չմիավորվելով թուլացել է, և դա կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Սակայն հանդիպումները, նախընտրական միջոցառումներն ու սոցիալական ցանցերում եղած արձագանքները տպավորություն են ստեղծում, որ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածը նույնը չէ, յուրաքանչյուր հատվածում քաղաքացիները ունեն հստակ կողմնորոշում: Կողմնորոշիչ և ակտիվացնող գործոնը ներկա պահին առաջնորդների անձն է, գաղափարաքաղաքական և ծրագրային մեծ տարբերություններ ես չեմ տեսնում, ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության և ծրագրային դրույթների միջև: Պայքարը կենտրոնացած է քաղաքական լիդերների անձի վրա, քննադատվում կամ փառաբանվում է անցած ուղին, անձնային հատկանիշները, կառավարման կարողություններն ու հմտությունները: Իհարկե, Հայաստանը բացառություն չէ, այսօրինակ դեմոկրատիա ունեցող բոլոր երկրներում էլ այս իրողությունները առկա են: Սակայն հասուն ժողովրդավարություններում ընտրող քաղաքացին, համապատասխան իր նախասիրությունների, հնարավորություն ունի ընտրելու հասարակական կարգի իր մոդելը, իր քաղաքական հայացքներին համապատասխան. սոցիալիստական, կենտրոնամետ, պահպանողական, ազգայնական, կոմունիստական, ձախ արմատական գաղափարներին համահունչ: Հայաստանում ներկա պահին նման ընտրության հնարավորություն չեմ տեսնում: Մնում է միայն լիդերը, նրա ռեսուրսները, վարչական ու նյութական կարողություններն ու ազդեցության լծակները: Լիդերի վրա է կենտրանացած նաև իշխող քաղաքական ուժը: Վերադառնալով առաջին մտքին, նշեմ, որ չմիավորված ընդդիմությունը ունի երկու դժվար լուծելի խնդիր: Առաջին. առավել մեծ արդյունքներով հաղթահարել դաշինքների համար սահմանված բարձր ընտրաշեմը, որը հենց առաջին փուլում կարող է խորհրդարանում ապահովել 50+1 հարաբերակցությունը, ցածր արդյունքների դեպքում միավորումը իշխանափոխության չի հասցնի: Երկրորդ. ընտրությունների երկրորդ փուլի դեպքում ապահովել բարձր մասնակցություն, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրազանգվածը երկրորդ փուլում կրկին ակտիվ մասնակցություն կունենա, բայց վստահ չեմ, որ երկրորդ փուլում Ծառուկյանի և Քոչարյանի ընտրազանգվածը նույն ակտիվությունը կցուցաբերի: Հիշենք նաև նախորդ երեսուն տարվա քաղաքական զարգացումների պատմությունից եկող դասերը, հատկապես վարչական ռեսուրսների վճռորոշ նշանակության իրողությունը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3378

Մեկնաբանություններ