«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Երբ հասարակության անվտանգության իրական խնդիր է դրված՝ իրավապահ համակարգը դառնում է կույր, խուլ ու դանդաղաշարժ

Երբ հասարակության անվտանգության իրական խնդիր է դրված՝ իրավապահ համակարգը դառնում է կույր, խուլ ու դանդաղաշարժ
19.02.2026 | 16:26

Նայում եմ Բագրատ Սրբազանի և «17 արդարների» գործով հերթական դատական նիստը, լսում, թե ինչպես է մեղադրող կողմը հերթական անգամ միջնորդում, որպեսզի դատարանը ևս երեք ամսով երկարաձգի Բագրատ Սրբազանի կալանքը՝ հիմնավորելով, թե «գործի ծավալն այնքան մեծ է, և Սրբազանի կալանքի տակ չմնալն իր մեջ սպառնալիք է պարունակում, որ անհրաժեշտ է ևս երեք ամիս մեկուսացնել»։

Ակամայից ուղեղումս զուգահեռ մեկ այլ իրականության պատկեր է վերհառնում․ ինչպես էին նախօրեին շուրջ 40 հոգի, օրը ցերեկով, շենքերի բակում, որտեղ երեխաները մի քանի մետր հեռավորության վրա ֆուտբոլ էին խաղում, ինքնաձիգներով կրակում իրար վրա։ Այս դեպքը փաստում է ՀՀ-ում առկա իրավական բեսպրեդելի և փաստացի բարդակի մասին, երբ թեմայի մեջ ներգրավված են մի քանի տասնյակ մարդիկ, իրավապահներից ոչ ոք տեղյակ չէ սպասվող սպանդի մասին։ Այսինքն, այն աստիճան ապիկար են աշխատում, որ չեն կարողանում կանխել նման խայտառակությունը։ Սա, ըստ էության, համակարգի բառացի տոտալ պարալիզացիայի և պատասխանատուների իրենց տեղում չլինելու մասին է վկայում։ Ցանկացած նորմալ երկրում առնվազն շրջանի միլպետն ու քրեականի պետը միանգամից հրաժարական կտային, սակայն մեր իրականությունը այլ տրամաբանությամբ է գործում։

Վերադառնալով խոսքիս սկզբին՝ պատկերն ակնհայտ է․ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է իշխանությանն անհարմար մարդկանց, համակարգը գործում է ժամացույցի ճշգրտությամբ․ կալանքի երկարաձգում, մեկուսացում, անգամ, եթե մարդը շաբաթներով հացադուլում է՝ թքած ունեն նրա առողջական վիճակի վրա։ Անտեսվում է մարդու հեղինակությունը, երկրին մատուցած ծառայություններն ու տարիների վաստակը, հանրային կշիռը, մի ակնթարթում հայտարարվում է, թե տվյալ անձը «վտանգավոր է հասարակության համար», և պետական մեքենան սկսում է աշխատել ամբողջ թափով։ Չմոռանանք, որ ամեն գիծ հատելով անգամ Կաթողիկոսի վրա են քրեական գործ «կարել»։

Բայց երբ գործ ունենք իրական կրիմինալի հետ, երբ հասարակության անվտանգության իրական խնդիր է դրված, նույն համակարգը հանկարծ դառնում է կույր, խուլ ու դանդաղաշարժ, ոչ կանխարգելմանն ուղղված գործողություններ են իրականացվում, ոչ էլ տեղի ունեցածն է նորմալ բացահայտվում։

Ըստ էության, գործ ունենք ընտրողական երկակի ստանդարտների հետ՝ ուժը կիրառել այնտեղ, որտեղ կա քաղաքական շահ, պետական պատվեր, մնացած հատվածում՝ բրախած վիճակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ