ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

ՈՒ՞մ համար են ղողանջում զանգերը

ՈՒ՞մ համար են ղողանջում զանգերը
20.01.2026 | 13:32

«Մի՛ հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը. դրանք ղողանջում են քեզ համար»,- 1624 թվականին գրել է անգլիացի բանաստեղծ Ջոն Դոնը։

Այսօր զանգը հնչեց ևս մեկ անգամ։ Այն ղողանջում է Հայաստանի համար։

Նա ևս մեկ քայլ արեց դեպի անդունդը։

Թուրքիայի արտգործնախարարը, խախտելով դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները, բացահայտ աջակցություն հայտնեց Հայաստանում իր դրածոյի վարած քաղաքականությանը։ Հայաստանի կառավարիչները, ինչպես և զգուշացրել էինք, աստիճանաբար, շատ զգուշորեն, վերջապես ասացին ճշմարտությունն այն մասին, որ հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»։

Ինչպես և զգուշացրել էինք, այն 74%-ով պատկանելու է ԱՄՆ-ին, և միայն 26%-ով՝ Հայաստանին։

Այն, ինչ մենք ասում էինք ամիսներ շարունակ՝ հարուցելով կատաղի ու վախկոտ հարձակումներ իմ և գործընկերներիս վրա, իրականություն դարձավ. Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը, իր սահմանը Իրանի հետ և կարող է կորցնել Սյունիքը։ Այս խմբակն ամեն ինչ անում է նույն սխեմայով. սկզբում հերքել ու ստել, հետո քայլ առ քայլ խոստովանել, արդարանալ ու մեղավորներ փնտրել, իսկ վերջում՝ հարձակվել նրանց վրա, ովքեր փորձում են ասել ճշմարտությունը։

Այսպես նրանք պարտվեցին պատերազմը, երբ ստում էին հաղթանակի մասին։

Այսպես հանձնեցին Արցախը, երբ ստում էին, թե չեն հանձնի։

Նույնն արեցին նաև «Զանգեզուրի միջանցքի» դեպքում։ Այժմ մենք կրկին տեսանք իրականությունը. այս խմբակը շարունակում է ստել և լվանալ ժողովրդի ուղեղը։

Արդյո՞ք «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության խախտում է։

Անկասկած։

Ինքնիշխանությունը ենթադրում է լիակատար վերահսկողություն պետության տարածքի և ռեսուրսների նկատմամբ։

Հենց այսպես իրենց ինքնիշխանությունը կորցրեցին Պանաման, Եգիպտոսը, Չինաստանը, Գվատեմալան, Կոնգոն, Ռոդեզիան, Գաբոնը, Ինդոնեզիան և աֆրիկյան, ասիական ու լատինամերիկյան բազմաթիվ այլ երկրներ։ Սա կոչվում է «կոնցեսիա» (զիջում), և սա երկրների գաղութացման առաջին քայլն է ։

ՈՒնենալո՞ւ ենք արդյոք վետոյի իրավունք կամ գոնե որոշումներ կայացնելու հնարավորություն։

Ո՛չ, չենք ունենալու։

Երբ մենք ունենք բաժնետոմսերի միայն 26%-ը, իսկ ԱՄՆ-ը՝ 74%-ը, ապա ամեն ինչ որոշելու են նրանք կամ նրանք, ում նրանք կվաճառեն իրենց մասնաբաժինը։

Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ը վաճառել իր բաժնետոմսերը մեկ այլ կողմի։

Իհարկե կարող է։ Հենց այդպես Թրամփը պահանջեց, որ հոնկոնգյան «CK Hutchison» ընկերությունը վաճառի Պանամայի ջրանցքում իր մասնաբաժինը ամերիկյան մասնավոր «BlackRock» ընկերությանը։

Այդ բաժնետոմսերն արժեին 23 միլիարդ դոլար և կազմում էին Պանամայի ջրանցքի 90%-ը։

Նույն կերպ ԱՄՆ-ը կարող է վաճառել իր բաժնետոմսերը «Զանգեզուրի միջանցքում»։ Երևի կարիք չկա հստակեցնելու, թե հատկապես ում։

Արդյո՞ք ԱՄՆ-ը կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Արդյո՞ք ամերիկյան ներդրումները կդառնան անվտանգության երաշխիք։

Իհարկե ո՛չ։

Պայմանագրում այդ մասին ոչ մի խոսք չկա։

Իսկ ներդրումներն ինքնին Հայաստանը չեն պաշտպանի, առավել ևս՝ ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի դեմ։

Իրաք ներխուժելուց հետո ԱՄՆ-ն այնտեղ ներդրեց մոտ 61 միլիարդ դոլար։

Հիմնադրվեց հատուկ կառույց՝ «Իրաքի վերականգնման և օգնության հիմնադրամը»։ Դա չխանգարեց ԱՄՆ-ին պարտվել պատերազմն Իրաքում և դուրս բերել իր ուժերը՝ թողնելով այդ ներդրումները։

Հասկանու՞մ է արդյոք մեր բնակչությունը, որ մենք արդեն ենթարկվել ենք Էրդողանի ու Ալիևի կամքին։

Որ նրանք են մեզ կառավարելու։

Որ անկախ Հայաստան այլևս չկա ։

Երբ այս խմբակը դավաճանեց 120 000 արցախցիների և նրանց հանձնեց թշնամուն, իշխանական քարոզիչները մեզ հավատացնում էին, թե դա մեզ չի վերաբերում։

«Ոչ մի մարդ կղզի չէ՝ ինքնին առանձին. յուրաքանչյուր մարդ մայրցամաքի մի մասն է, ամբողջի մի հատվածը... Յուրաքանչյուր մարդու մահը նվազեցնում է նաև ինձ, քանզի ես մասնիկն եմ ողջ մարդկության. ուստի երբեք մի՛ հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը. դրանք ղողանջում են քեզ համար» ։

2023 թվականին մենք կարծում էինք, թե զանգերը ղողանջում են արցախցիների համար։

Բայց դրանք ղողանջում էին հենց մեզ համար։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ