ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Բաքվի քարոզչական կեղծիքները մտցվում են միջազգային տեղեկատվական շրջանառության մեջ և աստիճանաբար մատուցվում որպես ընդունված ու անվիճելի իրողություններ

Բաքվի քարոզչական կեղծիքները մտցվում են միջազգային տեղեկատվական շրջանառության մեջ և աստիճանաբար մատուցվում որպես ընդունված ու անվիճելի իրողություններ
18.09.2026 | 13:05

Հայաթափված Արցախ տարբեր երկրների դիվանագետների, մասնավորապես՝ եվրոպացի դիվանագետների վերջին խայտառակ այցը նշանավորում է հակահայկական քաղաքականության մի նոր՝ կազմակերպված փուլի սկիզբ, որը միտված է միջազգային մակարդակով արցախահայության հայրենազրկման արդյունքների աստիճանական օրինականացմանն ու լեգիտիմացմանը։

Այդ նույն գործընթացի հերթական դրսևորումն է մի քանի ժամ առաջ Euronews-ի անգլերեն ծառայության հրապարակումը՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի՝ Դուբայում կայացած Euronews Forum-ում ունեցած ելույթի մասին (հղումը՝ https://www.euronews.com/.../azerbaijan-insists-it-will...

Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության իբր օրինակելի պաշտպանության մասին Հաջիևի պնդումները Euronews-ը գրեթե ամբողջությամբ վերարտադրում է առանց որևէ փաստական ստուգման։ Հայկական կողմի առարկություններին հատկացված է ընդամենը մեկ ձևական նախադասություն․ ասվում է, թե Հայ եկեղեցու ներկայացուցիչները Բաքվին մեղադրում են Ղարաբաղում եկեղեցիներ քանդելու մեջ, իսկ Ադրբեջանը դա հերքում է։

Մինչդեռ խոսքը վաղուց արդեն հայկական կողմի ինչ-որ «մեղադրանքների» մասին չէ։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը փաստագրված է նաև անկախ հետազոտողների կողմից, այդ թվում՝ Cornell և Purdue համալսարանների Caucasus Heritage Watch ծրագրի արբանյակային ուսումնասիրություններով։ Դրանցով հաստատվել է, օրինակ, Շուշիի՝ 1847 թ. կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն ադրբեջանական վերահսկողության հաստատումից հետո։ Նույն հետազոտական ծրագիրը փաստագրել է Նախիջևանում իր տեղորոշած հայկական միջնադարյան և վաղ նոր շրջանի 110 վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ի՝ 98 տոկոսի ոչնչացումը 1997-2011 թվականներին։

Euronews-ն այս փաստերից և ոչ մեկը չի հիշատակում։ Չի հիշատակում նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թ. Ադրբեջանին ուղղված պահանջը՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը։

Փոխարենը Հաջիևն անարգել զարգացնում է հայկական պատմական ժառանգության յուրացման ադրբեջանական քարոզչության առանցքային թեզերից մեկը։ Կովկասյան Աղվանքի՝ IV դարում քրիստոնեություն ընդունելու փաստը նա ներկայացնում է որպես ժամանակակից Ադրբեջանի քրիստոնեական հնագույն պատմության մաս։ Իսկ Euronews-ը նույնիսկ չի հարցնում, թե պատմական ի՞նչ հիմքով է IV դարի Կովկասյան Աղվանքը նույնացվում XX դարում ստեղծված Ադրբեջանի Հանրապետության հետ։

Այսպիսով՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը կամ պարզապես լռության են մատնվում, կամ իջեցվում են «հայկական կողմը պնդում է, Ադրբեջանը հերքում է» պարզունակ բանաձևի մակարդակի, մինչդեռ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի պատմաքաղաքական կեղծ թեզերն առանց որևէ լուրջ ստուգման լայնորեն տարածվում են միջազգային լսարանի համար։

Սա ոչ թե լրագրություն է, այլ կեղտոտ քարոզչություն՝ հօգուտ Ադրբեջանի։ Այսպիսի հրապարակումներով միջազգային հանրությանը հետևողականորեն ընտելացնում են հայաթափված Արցախի նոր իրականությանը՝ միաժամանակ նրա գիտակցությունից ջնջելով Արցախի հայկական պատմական ու մշակութային պատկանելությունը։

Հայաթափված Արցախ այցելող օտարերկրյա դիվանագետների լռությունն ու դրան հաջորդող միջազգային լրատվամիջոցների այսպիսի հրապարակումները նույն գործընթացի տարբեր դրսևորումներն են։ Բաքվի քարոզչական կեղծիքներն այս ճանապարհով մտցվում են միջազգային տեղեկատվական շրջանառության մեջ և աստիճանաբար մատուցվում որպես ընդունված ու անվիճելի իրողություններ։

Ճանաչենք մեր «եվրաբարեկամներին» նրանց գործերով, որպեսզի կարողանանք կանխատեսել նրանց հետագա խարդավանքները։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 165

Մեկնաբանություններ