ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Դատավարություն ինքնության դեմ. ու՞մ ծրագիրն է սպասարկում այսօրվա իշխանությունը

Դատավարություն ինքնության դեմ. ու՞մ ծրագիրն է սպասարկում այսօրվա իշխանությունը
03.08.2026 | 12:24


Այն, ինչ այսօր կատարվում է մեր աչքի առաջ, իր դավադիր ձեռագրով ուղիղ և սարսափեցնող կերպով կրկնում է 1938 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերվա բոլշևիկյան այն արատավոր մղձավանջը, երբ խորհրդային չեկիստները, չկարողանալով վախեցնել կամ ծնկի բերել Հայոց Հայրապետին, ներխուժեցին Վեհարան և խեղդամահ արեցին Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսին։ Վերջին հարյուր տարվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը պաշտոնական, ինստիտուցիոնալ ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այսօր ֆիզիկական ոչնչացումը պարզապես փոխարինվել է իրավական ու տեղեկատվական տեռորով. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան սրբազանների վերաբերյալ շինծու քրեական գործը դատարան հանձնելն ու օգոստոսի 7-ին նախնական դատալսումների առաջին նիստը պաշտոնապես նշանակելը պատահականություն չեն։ Սա արտաքին աշխարհաքաղաքական ձախողումներն ու սեփական անդեմությունը քողարկելու հուսահատ փորձ է՝ նպատակաուղղված հարված հասցնելու մեր ինքնության հիմնասյանը։

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գիտակից հանրությունը պարտավոր է սթափ արձանագրել. արտաքին ուժերին այսօր մեր երկրում անհրաժեշտ է սեփական արմատներից հրաժարված հլու կառավարում, որը պատրաստ է սեփական աթոռները պահպանել պետականության հոգևոր հիմքերի ոչնչացման հաշվին։ Դարավոր անցյալում նպատակը հայ մարդուն պատմական հիշողությունից զրկելն էր, այսօր էլ ծրագիրը նույնն է՝ իրավական տեռորով լռեցնել ազգային դիմադրողականություն ունեցող միակ կառույցը։ Իրենց թվացյալ անկասելիության պատրանքով տարված՝ նրանք փորձ են անում դատական ակտերով ծնկի բերել երկնային օրհնություն ունեցող հոգևոր ինստիտուտը։

Բայց հենց այս օրհասական պահին է, որ մեր մեջ պետք է արթնանա ազգային բարձրագույն կամքը, քանզի Սուրբ Գիրքն անդրդվելիորեն սահմանում է՝ Աստծո օծյալի դեմ գործողների պատիժն ու տիեզերական արդարությունը չեն ուշանալու։ Նրանք այսօր դիվական մտքով փորձում են դատարաններով նվաստացնել Վեհափառ Հայրապետին, սակայն իրականության գնահատումն ու պատմության անողոք ընթացքը հուշում են, որ քաղաքական վերջնարդյունքն անխուսափելի է։ Իշխանական աթոռները հավերժ չեն, իսկ պետականության հիմքերն ու սրբությունները քանդողների իրական տեղը պատմության և իրավունքի առաջ լինելու է բացարձակ պատասխանատվության խուցը։ Սա վախկոտների հուսահատ քայլն է, որովհետև նրանք սարսափում են Եկեղեցու անդրդվելի կամքից, որը երբեք չի համակերպվելու հայրենիքի կորստի ու պարտության հետ։ Այս աստվածամերժ հալածանքների հարվածն ու պատասխանը պատմության առաջ կրկին կրելու է ամբողջ ժողովուրդը, եթե հիմա լռի։

Այս պատմական ամոթի շղթան ջարդելու համար մենք պարտավոր ենք անցնել որակապես նոր, ինստիտուցիոնալ գործողությունների։ Մեր առաջնահերթ քայլն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և բոլոր թեմերի շուրջ ձևավորել Ազգային-Հոգևոր Պաշտպանության մշտապես գործող խորհուրդներ։ Մենք պետք է մեկտեղենք ազգի իրավաբանական, կրթական, ռազմական ու գիտական ողջ մասնագիտական ներուժը՝ ստեղծելով այնպիսի կազմակերպված, անսասան պատվար, որը թույլ չի տա որևէ ապօրինի իշխանական օղակի՝ խաթարելու մեր Եկեղեցու ներքին կյանքը։

Օգոստոսի 7-ին նշանակված դատական այդ շոուն մենք պարտավոր ենք վերածել այս հակապետական համակարգի սեփական քաղաքական դատավճռի։ Այդ օրը Էջմիածնի դատարանի առջև պետք է արձանագրվի հայ տեսակի գիտակից, անդրդվելի ու ծանրակշիռ ուժի ներկայությունը, որը թույլ չի տա տրորել հայոց սրբությունները, իսկ միջազգային բոլոր հարթակներում պետք է փաստերով մերկացվի պետական մակարդակով իրականացվող այս հոգևոր տեռորը։ Ժողովուրդն այսօր կոչված է համընդհանուր ուժով ընդվզելու և ցույց տալու, որ ինքը մասնակից չէ այս ընթացքին։ Տե՛ր կանգնենք մեր հավատին ու Հայրենիքին. մեծ համախմբումը սկսված է, և մեր կամքն անկոտրուն է։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ