Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Սիբիլլա

Սիբիլլա
22.09.2026 | 12:57

Մի՛ քնիր, Սիբիլլա, արթնացի՛ր ու տե՛ս՝
դեռ որքան դաժան-տարաժամ մահ ու ավերում պիտի
սփռվի վաղվա աղոտ դաշտերում, ինչքան աղետ ու
պատերազմ են դեռ նենգախեղելու տարի ու տարածք,
տարափոխելու տաճար ու երազ,
ինչ հուդաներ են դավապղծելու իրենց ոստանի ոգեաշխարհն ու
խաչերը ոսկյա, երթով անցնելու մեռյալ անդորրով...
Սիբիլլա, հաշվի՛ր ատելության ու ընչաքաղցության լեգիոններն այն,
որ կազմ ու ավյուն պիտի ստանան ազատ ընտրությամբ,
գիտցի՛ր՝ ում հացն են նրանք խժռելու
և գիշերելու ինչ նորաշինվածք կացարաններում,
ինչ ուղեղներով զինված կլինեն ու ինչ կրքերով։
Պարզի՛ր գալիքի նահատակներին ու գերյալներին,
ու թե դեռ ինչքան հայրենիքներ են բնաջնջվելու.
հաշվառի՛ր մեկ-մեկ տնանկներին ու գաղթյալներին ու
վտարակներին, հաշմվածներին ու կողոպտվածներին,
որ ողորմության ու անտերության ճամփին պիտ ընկնեն...
Սիբիլլա, զարթնի՛ր և առավել ևս՝ մի՛ մեռիր բնավ,
պայծառատեսի խոր կարոտ ունեն ժամանակները
հին ու հետագա։
Դու քո ներթափանց հայացքը հառի՛ր
վաղվա դետքերին, տե՛ս՝ ուր են ուղղված փողերը համակ,
ովքեր են անխոնջ դիպուկահարներն անժամանակի,
ինչ են որոճում սպիտակ դրոշով մատնիչները և
միախառնումի ու այլասերման թմբկահար ասունք։
Ճշտի՛ր՝ մեր սերմը դեռ քանի կրակ-հազարամյակ է
բերք պարգևելու անկուշտ աշխարհին ու աստվածներին...

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ