Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Պատմությունը, մշակույթը և հիշողությունը սոսկ անցյալի մասին չեն. դրանք ժողովրդի գոյության փաստաթղթերն են

Պատմությունը, մշակույթը և հիշողությունը սոսկ անցյալի մասին չեն. դրանք ժողովրդի գոյության փաստաթղթերն են
14.09.2026 | 17:46

Հայ ժողովրդի պատմությունն են ջնջում, նրա մշակույթն են յուրացնում, նրա վանքերն են ուրիշի պատմության մեջ տեղափոխում։

Բայց, կարծես, դրանով չեն սահմանափակվում։

Կարծես մեզ՝ հայերիս են ընտելացնում մեր իսկ ոչնչացման մտքին։

Սկզբում քեզ համոզում են, որ քո պատմությունը վիճելի է։ Հետո՝ որ քո մշակույթը կարող է ուրիշինը լինել։ Հետո՝ որ քո վանքը կարող է «ուրիշ ժողովրդի մշակութային ժառանգություն» լինել։ Հետո՝ որ քո հայրենիքի մի մասը երբեք էլ իրականում քոնը չի եղել։

Իսկ վերջում գալիս է ամենավտանգավոր փուլը՝ դու ինքդ ես սկսում կասկածել քո պատմությանը, քո իրավունքին, քո հիշողությանը։

Սա մեր ինքնության դեմ պատերազմ է՝ «խաղաղություն» ծածկանունով:

Երբ հայկական եկեղեցին ներկայացվում է որպես ուրիշի մշակույթի հուշարձան, երբ հայկական ձեռագրերը հայտարարվում են «օտար» ժառանգություն, երբ Գանձասարը փորձում են տեղավորել մեկ ուրիշ ժողովրդի պատմության մեջ, նպատակը միայն անցյալը վերաշարադրելը չէ։

Նպատակը հայի ներկայությունը անցյալից ջնջելն է, որպեսզի վաղը հնարավոր լինի հարցնել՝ եթե դա ձեր պատմությունը չէր, ապա ինչո՞ւ է այդ հողը ձերը։

Եվ ամենասարսափելին այն չէ, որ ուրիշները փորձում են յուրացնել հայկական ժառանգությունը։

Ամենասարսափելին այն է, երբ հայն աստիճանաբար սովորում է դրան։ Երբ նա այլևս չի զայրանում։ Չի հակադարձում։ Չի պահանջում։ Լռում է։

Այդ պահին սկսվում է ոչ թե պատմության, այլ ժողովրդի պարտությունը։

Որովհետև ժողովուրդներին միշտ չէ, որ ոչնչացնում են զենքով։ Երբեմն նախ ոչնչացնում են նրանց հիշողությունը, հետո՝ ինքնավստահությունը, հետո՝ սեփական իրավունքների նկատմամբ հավատը։

Իսկ ժողովուրդը, որին հաջողվել է համոզել, թե իր պատմությունը իրենը չէ, արդեն կես ճանապարհն անցել է դեպի իր իսկ անհետացումը։

Պատմությունը, մշակույթը և հիշողությունը պարզապես անցյալի մասին չեն։ Դրանք ժողովրդի գոյության փաստաթղթերն են։

Ուրիշի պատմության մեջ հայկական վանքը տեղափոխելը քարերի տեղափոխում չէ։

Դա հայ ժողովրդին իր իսկ պատմությունից դուրս մղելու փորձ է։

Իսկ մեզ այդ ամենին ընտելացնելը այդ փորձի ամենավտանգավոր մասն է։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 124

Մեկնաբանություններ