«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Ալմաստ». օպերա, որը ծնվեց Թումանյանի մեկ պոեմից

«Ալմաստ». օպերա, որը ծնվեց Թումանյանի մեկ պոեմից
04.11.2026 | 11:53

Սպենդիարյանի «Ալմաստ»-ը նրա միակ օպերան է, բայց դարձավ հայ արվեստի ամենացավոտ ու ամենահզոր գլուխգործոցներից մեկը։
Ալմաստ նշանակում է ադամանդ՝ մաքուր ու թանկարժեք։ Բայց այս պատմության հերոսուհին իր անվան պես լուսավոր չմնաց։
Ամեն ինչ սկսվեց 1902-ից, երբ Թումանյանի գրիչը ծնեց «Թմկաբերդի առումը»։ Հենց այդ պոեմի հիման վրա Սոֆյա Պարնոկը հյուսեց լիբրետոն։
Գործողությունը տանում է XVIII դարի սկիզբ։ Շահ Նադիրը ամիսներով չի կարողանում ծնկի բերել հպարտ Թմկաբերդը։ Իշխան Թաթուլն ու նրա զինակիցները արյան գնով պաշտպանում են ամրոցի յուրաքանչյուր քարը։
Երբ ուժը չի հերիքում, թշնամին հարվածում է ամենանուրբ տեղին՝ Թաթուլի կնոջ՝ գեղեցկուհի Ալմաստի սրտին։ Նրան խոստանում են ոսկե սարեր ու թագուհու գահ։
Ալմաստի ներսում սկսվում է դժոխային պատերազմ՝ սեր ու հավատարմություն մի կողմից, իշխանության գայթակղություն՝ մյուս կողմից։ Եվ նա ընտրում է խավարը։
Այն գիշերը, երբ հոգնած պաշտպանները քնած էին, Ալմաստը վառվող ջահով նշան է տալիս թշնամուն։ Դարպասները բացվում են։ Թաթուլը զոհվում է՝ այդպես էլ չիմանալով, որ թիկունքին հարվածել է ամենասիրելի էակը։
Բայց երազած փառքը չի գալիս։ Այն վերածվում է մղձավանջի։ Շահը արհամարհանքով է նայում նրան. ով մեկ անգամ դավաճանել է, նորից կդավաճանի։
Արյան ու մոխրի միջից հառնում է ժողովրդի ցասումը. Ռուբենի գլխավորությամբ հայերը ապստամբում ու ազատագրում են բերդը։
Եվ այստեղ է այս պատմության ամենացավոտ ճշմարտությունը. ո՛չ Թումանյանին, ո՛չ էլ Սպենդիարյանին բախտ չվիճակվեց տեսնել բեմի վրա այն օպերան, որը դրեց հայ օպերայի հիմքը։
Երկուսն էլ գնացին՝ առանց լսելու իրենց «Ալմաստ»-ի լիարժեք հնչողությունը։
Այս պատմության միջով անցնելիս սիրտդ ճմլվում է մի մտքից.
Դավաճանությունը կարող է բացել ամրոցի դարպասները, բայց երբե՛ք չի բացում վստահության ու հարգանքի դուռը։ Դավաճանին ոչ ոք չի սիրում, անգամ նա, ով պատվիրել էր դավաճանությունը։ Նրան օգտագործում են ու դեն նետում։
Երեկ՝ Թմկաբերդում, այսօր՝ մեր կողքին, վաղը՝ ամենուր։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Նկարում՝ ահա այդ տպավորիչ պահն է՝ Ալմաստը Թմկաբերդի պարսպին, ձեռքին վառվող ջահը։
Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ