Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

ՈՒ՞մ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը

ՈՒ՞մ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը
23.12.2025 | 11:26

Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ համար է հայտնում: Այն բանի, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ-որ երրորդ կամ չորրորդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան: Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեռն բենզին մտնի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան: Ասել, որ խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել:

Ախր, ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն:

Այն նույն Ալիևի՞ն, որի հետ, կարելի է ասել՝ «համատեղ ուժերով», արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել: Չնայած, եթե Փաշինյանի ու քպականների համար Արցախը բեռ էր ու «վզի թոկ» էր, ապա տրամաբանություն կա. Ալիևի միջոցով նրանք ազատվել են պարանից ու հիմա ուրախ-ուրախ բացականչում են, թե Արցախը տվեցին ու ինքնիշխանություն ձեռք բերեցին: Դե, պարտությամբ հպարտացողներից ուրիշ ի՞նչ սպասել:

Ո՞ւմ է Փաշինյանը շնորհակալ ու երախտապարտ. այն նույն Ալիևի՞ն, որ մեր 5000 լուսավոր տղաների գլուխ կերավ: Շնորհակալ է ո՞ւմ, նրան, որ մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ու պատանդ է պահում, զուգահեռ՝ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ: Ալիևի՞ն, որ քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարած ստահակին նոր կոչում ու պաշտոն է շնորհում: Ալիևի՞ն, որի հրամանով քանդվում ու ավերվում են Արցախի հայկական հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները, պարզապես գյուղերն ու քաղաքները:

Ալիևի՞ն, որ բացեիբաց հայտարարում է Հայաստանի տարածքը ևս զավթելու և ադրբեջանական թուրքերով բնակեցնելու մասին:

Իսկ գուցե նրա համար է երախտապարտ ու շնորհակալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, Արևմուտքի հետ ձեռք ձեռքի պատրաստ են իրենց աջակցել իշխանությունը պահելու համա՞ր: Որ ի՞նչ անի, էլ ինչե՞ր զիջի...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ