Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Բավական է պատրանքներով ու իրականությունից կտրված ապրել

Բավական է պատրանքներով ու իրականությունից կտրված ապրել
31.01.2026 | 12:28

Ռուսաստանը «վատ ու անհուսալի» դաշնակից ու բարեկամ է, բայց հայ ժողովուրդն ու Հայաստանը երեքհազարամյա պատմության ընթացքում ավելի լավ դաշնակից ու բարեկամ դեռ չեն ունեցել։

Եվ բավական է պատրանքներով ու իրականությունից կտրված ապրել, ուրիշների մեջ փնտրել մեր ազգի դժբախտություններն ու փրկությունը, ուրիշների մեջ մեզանից ավելի շատ հայ փնտրել։

Բավական է խիզախ, տաղանդավոր, խաղաղասեր, բարեկամասեր ու հյուրասեր հայ ժողովրդի անունը վարկաբեկել, նրան վախկոտ, պարտվող ու երախտամոռ դարձնել աշխարհի աչքում։

Որքա՞ն կարող են այս իշխանությունները, թե ներսում, թե դրսում` հարևանների ու բարեկամների հետ հարաբերություններում դրսի տերերի թելադրանքով ու թշնամու շահերից ելնելով ատելություն ու թշնամանք գեներացնել, չէ որ հայ ազգը իրենցից հետո դեռ դարերով շարունակելու է նրանց հետ բարեկամություն ու հարևանություն անել։

Անհասկանալի է, թե Հայաստանի իշխանավորները ինչի՞ համար են Ռուսաստանին անհիմն մեղադրում Հայաստանում հիբրիդային պատերազմ հրահրելու, Արցախը հանձնելու ու այլ դավադրությունների մեջ կամ թե մեր բարեկամ Իրանի հետ երբեմնի ջերմ ու բարեկամական հարաբերությունները սառեցրել։ Բայց չէ որ Ռուսաստանն ու Իրաննը նախ և առաջ Հայաստանում ունեն ազգային-պետական շահեր, այդ նրանք են առաջին հերթին շահագրգռված Հայաստան պետության գոյությամբ։ Որևէ ժամանակ երեքհազարամյա պատմության ընթացքում որևէ ազգ իր զինվորի արյունը չի թափել հայի ազատության ու անկախ պետականություն ունենալու համար, քան ռուս ժողովուրդն է։ Երբ պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության ապահովման և անգլոսաքսոնաթուրքական ոտնձգությունները զսպելու համար մենք չունենք այդքան ռեսուրս ու հնարավորություն։ Պատմության ընթացքում էլ հայ ժողովորդը որևէ կայսրության`

տիրապետության ներքո կամ կազմում` լինի դա Աքեմենական, Բյուզանդական, Հռոմեական, կամ Արաբական Խալիֆության ենթարկվել են կեղեքման, բռնությունների, ահաբեկման, իսկ Թուրքական կայսրության կազմում` նաև ենթարկվել է ցեղասպանության։

Միայն Ռուսաստանի կամ ԽՍՀՄ-ի կազմում է հայ ժողովուրդը եղել ազատ, պաշտպանված։ Հայ ժողովրդի համար էլ ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ բնակության համար, ազգային ինքնության, գրերի, լեզվի, ազգային, արժեքների ու ավանդույթների պաշտպանության հարցում։ Իսկ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը 1724 թվականին ի պաշտպանություն և հաջակցություն հայ գաղթականների ստորագրում է հետևյալ հրամանագիրը.

«Ընդունել հայ ժողովրդին մեր հատուկ կայսերական բարեհաճության և պաշտպանության ներքո»։

Հայ ժողովուրդը շատ երկրներում է գաղութներ ունեցել, սակայն միայն Ռուսաստանի տարածքում է պետականություն ձեռք բերել։

Շատ երկրների են 17-րդ դարի կեսերին հայ պատվիրակները դիմել թուրքական ու պարսկական լծից ու գաղութացումից ազատագրվելու համար, սակայն միայն Ռուսաստանն է ձեռք մեկնել։

Ներկայումս էլ Ռուսաստանի կողմից ապաօկուպացման և ապագաղութացման միջոցով է հնարավոր Հայաստանի դուրս բերումը արևմտա-գլոբալիստա-թուրքական կործանարար հորձանուտից։

Ռուսաստանը ոչ միայն հայերին է օգնել ազատվել գաղութատիրությունից և ունենալ անկախ պետականություն, այլ շատ տասնյակ երկրների ու ազգերի է օգնել ազատագրվել գաղութատիրությունից, ֆաշիզմի լծից ու պետականություն ունենալ։ Ռուսաստանում էլ արդեն հարյուրամյակներ հանգրվանած միլիոնավոր հայեր ապրում են պաշտպանված, արժանապատիվ, իրենց զգալով այդ երկրի լիիրավ քաղաքացի, որոնց նկատմամբ չկա որևէ խտրական վերաբերմունք։ Այսօր էլ հազարավոր հայեր աշխատանք են գտնում Ռուսաստանում, Ռուսաստանն է հանդիսանում մեր արտադրանքների իրացման հիմնական շուկան։

Հայաստանում ռուսական 102 ռազմաբազան էլ մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է։

Իսկ ինչու՞ խիզախություն չունենք խոստովանելու, որ մեզանից շատերը դեռևս կայացած չեն անկախության ու պետականության համար, որ մեր ստացած ինքնության վերքերը դեռևս լիովին ապաքինված չեն, որ մենք կարողացանք հաջողություններ գրանցել, զարգանալ, հայկականությունն ու ազգային ինքնությունը, լեզուն, գիրը, ազգային արժեքներն ու սովորույթները պահպանել, մշակույթը, կրթությունը, գիտությունը, տնտեսությունը զարգացնել ու տաղանդներ ծնել Ռուսաստանի ու ԽՍՀՄ հովանավորության պայմաններում, նրանց կազմում միայն։ Վերջին հարյուր տարում էլ երկու անգամ` 1918թ. և 1990թ. ձեռք ենք բերել անկախություն և երկու անգամն էլ սակայն մեր իսկ ձեռքով ձախողել ու կազմաքանդել ենք այդ պետականությունները։ Դրա մասին է նաև վկայում այդքան չարչրկված Հովհաննես Թումանյանի նամակը 1921թ. գրված Ավետիք Իսահակյանին

«... Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։ Հետո մի նոր Թումանյան ոչ հեռու ապագայում պիտի գրի․ «90-ականներին հայերին Աստծո բարեհաճությամբ տրվեց անկախ, կայացած, հզոր պետություն, շուրջ 4 մլն բարձր արժեքներ դավանող ու բարձրաճաշակ մշակույթ կրող բնակչությամբ, զարգացած տնտեսությամբ, կրթությամբ ու գիտությամբ և որ նրանք կարող էինք իրենց ոսկե դարը կառուցել, սակայն շատերը առաքինության, հայրենիքի ու պետականության փոխարեն ընտրեցին բոշայությունն ու թալանը, անբարոյականությունը, ուրացումն ու դավաճանությունը։

2018թ. անգլոսաքսոնաթրքական ուժերի կողմից փողոցից ազգուրացների մի խմբակ բերվեց իշխանության, որը հանձնեց իր բոլոր պետական ինստիտուտներով լիարժեք կայացած Արցախն ու Հայաստանի մի մասը, որը թշվառություն, չարիք ու ատելություն բերեց, դեգրադացրեց ժողովրդին, կազմաքանդեց անվտանգային համակարգը, խեղաթյուրեց ազգային արժեքները, արժեզրկեց պետական ինստիտուտներն ու եկեղեցին և երկիրը հասցրեց կործանման շեմին»։

Իսրայել Օրին կմտածե՞ր, արդյոք, որ իրենից հետո երկու և կես դար անց` հայ ժողովրդին այն աստիճան կլքի իմաստնությունն ու իրատեսությունը, որ կկրկնի նույն սխալը, ինչպես 250 տարի առաջ, ինչպես 20֊րդ դարի սկզբին և դասեր չքաղելով պատմությունից 21֊րդ դարում նորից անվտանգության երաշխիքներ կփնտրի Եվրոպաներում և չգտնելով այն, ստիպված կլինի վերստին հայացքն ուղղել դեպի Ռուսաստան։

Եվ վերջում անկախություն հորջորջացողներին ուզում եմ ասել, որ անկախությունը գոռալով, կուրծք ծեծելով ու հորջորջալեվ չեն ունենում, որ այն ձեռք է բերվում անկախության համար պայքարի, զոհոհողությունների, զրկանքների պատրաստ լինելով, մայր հողը պաշտելով, հայրենիքը կյանքից առավել սիրելով։

Իսկ ամենաանկախը` հայ ժողովուրդը կարող է լինել Ռուսաստանի հովանու ներքո, ուզենք, թե չուզենք սա է օբեկտիվ իրականեւթյունը։ Հայ֊ռուս ժողովուրդներին էլ կապում են պատմական, կրոնական, արժեհամակարգային, կրոնական, սովորութային, մշակութային, տնտեսական ու անվտանգային ընդհանրություններն ու փոխադարձ շահերը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 162

Մեկնաբանություններ