Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Հայաստանի տնտեսության զարգացման գոյաբանական առաջնահերթությունները

Հայաստանի տնտեսության զարգացման գոյաբանական առաջնահերթությունները
11.02.2026 | 14:06

Վերջին երեսունհինգ տարիների ընթացքում մենք համոզվեցինք , որ առանց զարգացած տնտեսության ազատությունն ու անկախությունը դատարկ կատեգորիաներ են։ Նաև համոզվեցինք, որ հանքահումքային և էժան աշխատուժի կցորդ լինելը համաշխարհային տնտեսությանը նույնպես չի ապահովում երկրի ազատությունը, անկախությունը և անվտանգությունը։

Նոր սերնդի առջև իսկապես վիթխարի խնդիրներ կան դրված։ Կառուցել երկրի պետականությունը իսկական ռեալ հիմքերի վրա` զարգացող տնտեսության, համախմբող գաղափարախոսության և արժանապատիվ համագործակցության հիմունքներով։

Այն մոդելները, որոնք կային մինչև այսօր, որոնք գործում են այսօր, հիմնականում երկրի և ժողովրդի դիմադրողականության, իմունիտետի մաշելու վրա են հիմնված եղել։ Դրանք, որքան էլ դերակատարները մեր տեղացի ապաշնորհներն են, պարտադրված էին դրսից, խիստ մանրակրկիտ մշակված էին արտերկրի գլոբալիստական կենտրոններում և ամենևին չէին համապատասխանում մեր պետական շահերին։ Կարելի է նաև ասել, որ ընդհանրապես զրոյացված էին Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Ընդ որում, հարկ է նշելը, որ մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանն էլ է նույն գլոբալիզմի մեկ այլ տարբերակը, որքան էլ իրենք դրա համար մեղադրեն միայն Եվրոպային կամ ԱՄՆ-ին։ Իհարկե, մեզ համար ամենավտանգավորը գլոբալիստական Թուրանի ծրագիրն է, որում մենք ընդհանրապես պիտի գոյություն չունենանք, որը սպառնում է մեզ ֆիզիկակապես ոչնչացմամբ։ Արցախի օրինակը թերևս ամենաթարմն է։

Մի խոսքով ոչ երանի ապագայի իշխանություններին։ Ահավոր շատ ծանր աշխատանք ունեն։

Եվ դա հիմնականում կուտակվեց անցած երեսունհինգ տարիների իշխանությունների մեղքով, նրանց անպատասխանատվությամբ, պետական կառավարմանը մատների արանքով նայելով և զվարճանալով ու լափելով։ Խոսքս բոլորին է վերաբերվում, և ոչ միայն այս վերջին անմեղսունակների, տհասների ոհմակին, որոնք չեն գիտակցում, որ Արցախի կորստի ֆոնին իրենց բազմամիլիոն պարգևավճարները պատմության դատաստանի առջև իրենց հավերժական խարանները դարձան։

Եթե բարեհաջող իշխանափոխություն լինի, ապա մենք առաջին հերթին պիտի ձեռնամուխ լինենք երկրի տնտեսության վերականգնմանը այբբենական հաջորդականությամբ։

Իշխանափոխությունը պարտադիր պայման եմ համարում, որովհետև ներկա խամաճիկային կառավարությունը անցած ութ տարիների ընթացքում բացարձակ ապացուցեց իր բնույթը որպես օտարերկրյա գործակալության` ստորադասելով, զրոյացնելով Հայաստանի պետական շահերը, հայ ժողովրդի գոյաբանական առաջնահերթությունները։

Իսկ ապագայի կառավարությունը, որն արդեն պիտի ազգային դիմագիծ ունենա, ստիպված կլինի սկսել ամենատարրական խնդիրների լուծումներից։ Դրանցից է երկրի պարենային անվտանգության կազմակերպումը։ Այսինքն սննդի առաջնային օգտագործման ապրանքների տեղական հումքով արտադրության կազմակերպումը, որոնցից թերևս ամենակարևորը հացահատիկի սեփական արտադրության բազա ունենալն է։

Այն միաժամանակ մեծ խթան կլինի աշխատունակ բնակչության զբաղեցման, գյուղերի պահպանման, գյուղ - քաղաք կապերի զարգացման, մարզերի զարգացման համար։ Տնտեսագիտական տերմինով դա ագրոարտադրական կոմպլեքսի ձևավորում է նշանակում։ Այո, այդտեղ մեծ նշանակություն կունենա գյուղմթերքների մթերման կայանների ստեղծումը։ Սակայն դրանով չի սահմանափակվում։ Այն ենթադրում է համակարգային տարբեր միջոցառումներ։ Հարկային արտոնություններ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար, գյուղատնտեսական կորպորացիաների ստեղծման օպտիմալ մեխանիզմների ստեղծում, որովհետև գյուղացիական տնտեսությունները հիմա բառացիորեն փոշիացված են և նման մանրերը բնականաբար չեն կարող մթերման կայանների ստանդարտներին համապատասխան մթերքներ հանձնել։ Նաև գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ պիտի ստեղծվեն։ Պիտի մշակվի ապրանքների լոգիստիկ ռեալիզացիոն քարտեզները՝ թե մեր շուկայում, թե հարևան երկրների շուկաներում։

Սա հնարավոր է ձեռնարկել ազգային կապիտալով։ Որքան էլ հայտնի հայատյացն իր իշխանավարման առաջին իսկ օրից պատերազմ հայտարարեց ազգային կապիտալին` «բռնեմ , ասֆալտին պառկեցնեմ, դատեմ, ետ բերեմ» կարգախոսներով և սոսկ տխրահռչակ պարգևավճարների բաժանման փաստացիով։ Իրականում դա ազգային կապիտալը երկրից փախցնելու և օտարերկրյա բանկերում պահելու, դրանք վերահսկելու համար գլոբալիստական կենտրոնից ստացված հստակ հրահանգի իրագործումն էր։

Պարզապես նշեմ, որ անձնական կապիտալները միշտ ստեղծվում են անարխիկ ժամանակներում։ Եվ ինչպես ասում են ` «ոչ մի առաջին միլիոն մաքուր ճանապարհով չի ստացվել»:

Մեր առջև հիմա պարզապես այն խնդիրն է , որ ազգային առևտրային կապիտալները սոցիալիզացվեն, դառնան արտադրական կապիտալներ երկարատև ներդրումային ծրագրերի տեսքով։

Դրանով համ կլուծվի հանրապետության պարենային առաջնահերթությունների մի մասը, համ երկրի բնակչությունը աշխատանքով կապահովվի, կնվազի արտագաղթը, կբարձրանա մանկածնության մակարդակը։ Փաստորեն մի խնդրի լուծմանը հետամուտ լինելով, ճիշտ տարբերակը գտնելով, մենք արդեն ստեղծում ենք նաև երկրորդ խնդրի` երկրի անվտանգության լուծման ճանապարհը։ Որովհետև երկրի անվտանգությունը առաջին հերթին երկիրը պաշտպանելու ունակ երիտասարդ բնակչությամբ է պայմանավորված։

Երկրի անվտանգությունը բնականաբար նշանակում է բավարար քանակով մետաղի արտադրում Վերջիվերջո այդ մետաղն է զենք դառնում։ Ալավերդու պղնձաձուլարանը, որն իմ պատանության տարիներին արդեն ԽՍՀՄ - ում մեծությամբ երկրորդ Լեռնամետալուրգիական կոմբինատն էր, Մեծ Հայրենականի տարիներին շտապ վերապրոֆիլավորվեց և սկսեց արտադրել փամփուշտներ։

Ընդ որում, կրկին ԽՍՀՄ - ում պատերազմի ժամանակ արտադրված փամփուշտների զգալի տոկոսը (կարծեմ մինչև երեսուն) այստեղ արտադրվեց։

Սակայն ... 2019 թվականին կանգնեցվեց այս գործարանի գործունեությունը էկոլոգիական և բանկային տարբեր որոգայթներով։ Այնինչ պետք էր սեփականատերին օգնել աշխատել ավելի արդյունավետ տարբերակով, որպեսզի և բանկային պարտքերը մարվեն, և արտադրությունը վերազինվի էկոլոգիապես մաքուր, ժամանակակից արտադրաեղանակին համապատասխանող նոր սարքավորումներով։

Արդյունքում, խնդրեմ, քաղաք ձևավորող արտադրության փակման պատճառով Ալավերդու բնակչության շրջանում մեծ է արտագաղթի տոկոսը։ Մյուս խիստ վտանգավոր երևույթն այն է, որ պղնձագործ տարեց մասնագետները մահանում են , իսկ երիտասարդները հեռանում։ Նոր արտադրության կազմակերպման դեպքում խիստ դժվար է լինելու մասնագետների հավաքագրման գործը։ Իսկ մասնագետի ուսուցանումը, պատրաստումը ժամանակակից աշխարհում ամենաթանկ ներդրումն է։

Էներգետիկ անվտանգությունը, որը լավ, թե վատ, նախկինների շնորհիվ վերականգնվել էր 2000-ականների սկզբում, հիմա ևս խիստ վտանգված է։ Ամեն դեպքում պետք է պայքարել , որ հանկարծ չկտրվենք Ռուսաստանից և հայտնվենք Թուրանի (թուրք - ազերի) ցանցում։ Դա կնշանակի, որ ինքնակամ մեր պարանոցը հանձնում ենք թուրքի ողորմածությանը, այսինքն նրան ինքներս ենք առաջարկում, որ մեզ գլխատի։

Այսօր մեր կարևորագույն ճանապարհները Տավուշի և Զանգեզուրի հատվածներում լրիվ թուրք- ազերու վերահսկողության տակ են գտնվում։ Ապագայի իշխանությունը այս հարցը ևս պիտի լուծի։

Հիշում ենք, թե ինչպես Ալիևը արգելեց Երասխում երկաթի գործարանի կառուցումը և քանիցս են խանգարել Հայաստան - Իրան ապրանքաշրջանառությանը։

Տնտեսության անցնցում զարգացման համար այս ամենը խիստ կարևոր է։ Առանց ապահով ճանապարհների, առանց ապահով էներգահամակարգի հնարավոր չէ տնտեսության զարգացման անվտանգ միջավայր, ապահովել միջազգային ներդրումներ։

Կրկնում եմ, որ ապագայի իշխանությունները ահռելի խնդիրներ ունեն։ Եվ այս պարագայում ցանկացած հեղինակության կապերը խիստ կարևորվում են։ Նախկին նախագահները, օլիգարխները, պետական, բիզնեսի, հասարակական այլ գործիչների բոլոր միջազգային կապերը պիտի օգտագործվեն։ Որովհետև այս իշխանության շնորհիվ մենք աշխարհում հիմա բացասական կերպար ունենք թե քաղաքական դաշտում, թե գործնական։ Այսինքն պիտի ստեղծվի կոալիցիոն կառավարություն խիստ պրոֆեսիոնալ մասնագետներով, տարեցների փորձի, կապերի և երիտասարդների համարձակության, նոր գիտելիքների համատեղումով։

Օրերս ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելեց Հայաստան։ Որը, ինչ խոսք, մեր վայ իշխանությունները կփորձեն որպես նվաճում ներկայացնել։ Իրականում Թրամփի վարչակարգն արդեն ապացուցել է իր գիշատիչ բնույթը Վենեսուելայում, Գրենլանդիայի կապակցությամբ։ Ես ամենևին չեմ հավատում նրանց «բարյացակամությանը» հատկապես մեր կապտուլացվածների հանդեպ։ Ի՞նչ ուժ և կշիռ ունեն մեր ընկածները, որ ՆԱՏՕ –ի անդամ Դանիային, ամբողջ Եվրամիությանը թելադրող Թրամփի վարչակազմը սրանց հարգի, սրանց հարգելով հարգի Հայաստանի գոյաբանական առաջնահերթությունները։ Իհարկե, սրանք չեն կարող նրանց հետ արժանապատիվ, Հայաստանի շահերը պաշտպանող համագործակցություն սկսել։ Ենթադրում եմ, որ այս ամենը մեր գոյաբանական շահերի հերթական ցավալի խոշոր վաճառքի, մասնատման սկիզբն է լինելու, եթե շուտափույթ չփոխվի իշխանությունը։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ