Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները հասցրել են անասնական որակների

Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները հասցրել են անասնական որակների
14.09.2026 | 10:57

«Չափավորե´ք ձեր ընթացքը»

Երեկ՝ Խաչվերացի տոնին, բացառիկ կարևորության ուղերձ հղեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Իր ոճով՝ հստակ ու առանց ձևական մեղմության, խոսեց մեր ներքին բարքերի և հարաճուն հանրային դեգրադացիայի մասին։ Խորհուրդ կտամ՝ բոլորը լսեն։

Մենք ցանկապատի, կայանատեղիի համար պատրաստ ենք իրար սպանել։ Պատրաստ ենք դանակահարել, կրակել՝ մեքենայի ազդանշանի, հայացքի, ֆեյսբուքյան գրառման և այլ նման բաների համար։

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են։ Մենք ապրում ենք անասնական ագրեսիայի մեջ, որը միայն ուժեղանում է, և համատարած ստի մեջ։

Ես որևէ լավատեսություն չունեմ և կանխատեսում եմ իրավիճակի վատթարացում։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված հասարակություն, որը ընդհանուր եզրեր արդեն գրեթե չունի։ Քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են ոչնչացնել։ Պարզ չէ՞, որ այս տրամադրությունները արագ կիջնեին հանրության տարբեր շերտեր։

Պարտությունը, խեղճությունը, օտարի առաջ չդադարող ստորացումը, ագրեսիան, կզցնելն ու բռնելը «քաղաքական նորմալություն» դարձնելը պարզ է, որ կբերեր հասարակության այս վիճակին։

Քրիստոնյա հայ ժողովուրդը վայրենանում է, ստի և ագրեսիայի մթնոլորտը ի զորու է ամեն ինչ ջարդել, քանդել, անապատացնել մեր երկիրը։

Ու պատահական չէ, որ էլի եկեղեցին խոսեց ու որպես առաքելություն տեսավ ագրեսիայի ու վայրենացման թեմայի մասին ահազանգելը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետև պետությունը այս գործը տապալել է, հանրային էլիտաները տապալել են, բոլոր ինստիտուտները կա´մ քանդված են, կա´մ վախեցած, կա´մ մտքից զուրկ։

Այնին, սա ամենակարևոր խնդիրն է։ Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները, առաքելության գիտակցումով և ներուժով վերնախավերի բացակայությունը, ներքին ագրեսիան հասցրել են անասնական որակների։

Երբ Հաջիևը Գանձասարում ծաղրում է մեր ամբողջ ժողովրդին, իսկ մենք պատասխանելու իրավունք չունենք, երբ երկիրը մի մեծ բանտի է վերածվում, երբ իշխանական կարևոր աշխատասենյակներից հանդարտության փոխարեն ագրեսիա է հորդում, երբ երկրի ԱԺ-ում անընդհատ խոսվում է էն մասին, թե ո´վ, ե´րբ և ո´ւմ առաջինը կծեծի, երբ երկրում Վեհափառի ու Սրբազանների են դատում, ու Մայր աթոռին քացի տալու տեսարաններ են լինում, երբ հասարակությունը չունի հեղինակություններ ու տրամադրություններ ձևավորող սոլիդություն, արդյունքը լինում է սա։

Մենք լրջագույն խնդիր ունենք. Ներքին հանրային երկխոսություն սկսել։ Պատմական լիդերությունը, իմ կարծիքով, հիմա սա է։ Հասարակության շերտերը պետք է սկսեն իրար հետ խոսել՝ կենցաղային թեմաներից սկսած։ Վերջը՝ ի՞նչ ենք մենք իրարից ուզում։ Ինչքա՞ն կարելի է լինել խեղճ ու ագրեսիվ։ Ինչքա՞ն կարելի է խաբել իրար, խաբել դիմացինին, ապրել ազգային և անհատական ստի մեջ։

Ներքին համերաշխությունը ամենակարևոր գործն է, իսկ դրա տեխնոլոգիական լուծումը ներքին երկխոսությունն է։ Սա սկզբում լինելու է շատ դժվար, անդուր, ագրեսիվ դրսևորումներով, չհասկացվածության ահռելի պաշարով, բայց դա առողջացման միակ ճանապարհն է՝ հանրային, քաղաքական, պետական, անձնական առողջացման միակ ճանապարհը։ Ես ինքս պատրաստվում եմ իմ գործունեությունը այս ուղղությամբ կառուցել, քանի որ գոնե տեսանելի ապագայում չեմ հավատում դասական քաղաքական պրոցեսների արդյունավետությանը։

Նորից եմ խորհուրդ տալիս լսել Միքայել Սրբազանի երեկվա խոսքը՝ «Չափավորե´ք ձեր ընթացքը»:

Լսելուց հետո էլ մտածենք լուծումների մասին։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ