ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կարոտ

Կարոտ
07.10.2026 | 12:08

Ժամանակ կար, երբ ժամանակն անմահ էր, և այդ առասպելական ժամանակներում ապրում էին դեմքեր, որոնք իրենց հետ բերում էին դեպքեր։ Այդ ժամանակների կյանք էր բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանը։ Նա նման չէր սովորական մարդու, մանավանդ երբ խմած էր։ Ոգևորությունն ու կերպարանափոխությունն այն աստիճան էին, որ հատկապես հարբած ժամանակ իրեն Աստված էր զգում։ Սովորաբար կերպարանափոխությունը տեղի էր ունենում «Պապլավոկում»։
- Ես եմ աղն այս աշխարհի և լույսը երկրի,- բարբառում էր ժամանակի բանաստեղծը ու ձեռքը դնելով կրծքին՝ «խոստովանում»,- ես Հիսուս Նազովրեցին եմ...
- Դե որ Հիսուսն ես՝ ջրի վրայով քայլի՛ր,- մի օր էլ առարկեցին անհավատ ընկերները։
Արմենը չհապաղեց։ Նույն պահին ևեթ ձեռքերը լարախաղացի պես բացեց ու քայլ արեց դեպի աստվածություն...
Եվ...
Ջուրը ոտքի տակ չդիմացավ. երերաց ու բանաստեղծի սիրո՞ւց էր, թե՞ անհավատությունից՝ Արմենին իր գիրկն առավ։
Բանաստեղծը շփոթահար դուրս թռավ լճակից։ Անհնազանդ ջրերը հոսում էին հագուստի տարբեր խորշերից ու ծալքերից։ Բայց նա դեռ իրեն Հիսուս Նազովրեցի էր կարծում, ով իր ժամանակին քայլել էր ծովի վրայով։ Իսկ հայ բանաստեղծի ոտքի տակ ընդամենը փոքրիկ լճակ էր։ Մեղքն իր վիզը։
- Ջուրը կեղծ էր,- արդարացել էր բանաստեղծը։
Իսկ հիմա՞...
Ո՞վ կհանդգնի քայլել ջրերի վրայով։
Ապրում ենք գորշ ու անգույն ժամանակներում, երբ երկնքի կապույտն անգամ կապույտ չէ։ Մարդիկ միադեմ են ու միանման։ Ո՛չ Արմեն կա, ո՛չ էլ Արմեններ։
- Ես էլ որ մեռնեմ՝ ձեր հալը ո՞նց է լինելու...
Կապրեք... Դուք էլ կապրեք։ Կապրեք գորշ ու անգույն։ Կապրեք Նիկոլի ստեղծած «չորրորդ հանրապետությունում»։

06.10.2026 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ