Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Կառավարությունը, իր իսկ գրած ռազմավարության փոխարեն, գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում

Կառավարությունը, իր իսկ գրած ռազմավարության փոխարեն, գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում
09.10.2026 | 11:46

Ս. թ. հունվարի 29-ին կառավարությունը մեծ շուքով ընդունեց Գիտության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարությունը, թե իբր՝ 2027 թվականին գիտությանը ևս 20 միլիարդ դրամ ենք տալու։ Բայց դե, խոստանալը ձրի է. 2027-ի բյուջեի նախագծում, 2026-ի համեմատ, ընդամենը... 1.5 միլիարդ դրամի աճ են դրել։

Այսինքն՝ խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսը։ Կառավարությունը, իր իսկ գրած ռազմավարության փոխարեն, գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում։ Բյուջեի նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված տարբեր կարևոր ծրագրեր, փաստացի սառեցված են հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների ու նոր գիտական սարքավորումների ֆինանսավորումները։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը, օրինակ, հարևան Վրաստանում։

Պաշտոնական թվերը հստակ ցույց են տալիս՝ Վրաստանում գիտահետազոտական ծախսերը երկու տարում աճել են շուրջ 42%-ով (2023-ին՝ 18.7%, 2024-ին՝ 19.7%)։ Գիտության ոլորտում աշխատողների թիվն էլ է ավելանում, իսկ 2026 թ. բյուջեով նախատեսվում է շարունակել գիտության ֆինանսավորման աճը, արդիականացնել գիտական ենթակառուցվածքները, ընդլայնել դրամաշնորհային ծրագրերն ու աջակցել երիտասարդ գիտնականներին։

Պատկերը պարզ է ու տխուր. մինչ մեր անմիջական հարևանը թռիչքային քայլեր է անում, իր ապագայի մեջ գումար ներդնելով, ՀՀ գործող կառավարությունը հրաժարվում է կատարել իր իսկ ռազմավարությամբ ստանձնած պարտավորությունները։

Գիտության փողերը կտրելը սովորական թեմա չէ, որի մասին կարելի է հենց այնպես խոսել ու անցնել։ Սա ուղիղ հարված է մեր երկրի թիկունքին։ Հետևանքները կանխատեսելի են և կարող են շատ ծանր լինել.

Ուղեղների արտահոսքը. երիտասարդ գիտնականները, ինչպես եղել է վերջին երեք տասնամյակներում, թողնելու-հեռանալու են գիտությունից էլ, երկրից էլ։

Գիտության ծերացումը և կազմաքանդումը. լաբորատորիաները մնալու են հին սարքերի հույսին, ուժեղ գիտական թիմերը կազմալուծվելու են։

Տեխնոլոգիական կախվածությունը. առանց գիտության ո՛չ մրցունակ տնտեսություն կունենանք, ո՛չ էլ ուժեղ բանակ, այլ է՛լ ավելի կախված կլինենք օտարներից։

Գիտության ֆինանսավորումը ազգային անվտանգության ու պետության լինել-չլինելու խնդիր է։ Այս քայլով փաշինյանական խունտան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի ապագան իրեն բոլորովին չի մտահոգում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 186

Մեկնաբանություններ