ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Աբսուրդն այն է, որ աբսուրդն այլևս աբսուրդ չենք դիտում

Աբսուրդն այն է, որ աբսուրդն այլևս աբսուրդ չենք դիտում
17.09.2026 | 13:35

Այն, ինչ տարիներ առաջ կդիտվեր որպես քաղաքական ինքնասպանություն, խայտառակություն կամ կատարյալ հիմարություն, այսօր դարձել է պաշտոնական լրահոսի սովորական նյութ։ Մենք դադարել ենք զարմանալ, քանի որ ամեն հաջորդ օրը գալիս է ապացուցելու՝ անտրամաբանականի ու անհեթեթի սահմանն անվերջ է։
Ե՞րբ սովորեցինք և ինչպե՞ս հասանք այն կետին, որ պետականության, անվտանգության, օրենքի, արժանապատվության մասին ամենածանր հարցերը հայտնվում են նույն շարքում, որտեղ քննարկվում է՝ ով ինչ հագավ, ով ում հարսանիքին գնաց կամ ինչ երաժշտության տակ պարեց։ Վերջին տարիներին քաղաքական խոսքի մեջ այնքան բան է փոխվել, որ երբեմն թվում է՝ բառարանը նորոգման կարիք ունի։ Երկրի ղեկավարից լսում ենք «Իրական Հայաստան», մինչդեռ պետության պատմական հիշողությունը, Անկախության հռչակագիրը և ազգային նպատակները ներկայացվում են որպես վտանգավոր բեռ։ Պետության հիմնարար փաստաթղթի և պետականության գաղափարի նկատմամբ կասկածը ներկայացվում է որպես հենց պետականությունը պաշտպանելու միջոց։ Մեզ ասում են՝ արդեն ապագայում ենք ապրում։ Քաղաքացին նայում է իր շուրջը և ուզում հասկանալ՝ սա ապագան է, իսկ անցյալը որտե՞ղ է, և ինչո՞ւ է ներկան այսքան «անճոռնի»։ Այդպես հանկարծակի ծնվեց աբսուրդը, ու Հայոց երկնակամարում ճախր է անում ցայսօր:
ԱԺ-ի աշխատանքը դիտող հայաստանցին այն ընկալում է որպես խորհրդարանի սովորական աշխատանքային օր։ Մարդիկ այլևս չեն ասում՝ «ինչպե՞ս կարող է այս ԱԺ-ն լինել երկրի օրենսդիր մարմին»։ Ասում են՝ «տեսա՞ք այս անգամ ինչ «կռիվ-տրաքոց» եղավ ԱԺ-ում»։Մենք այլևս չենք համեմատում տեղի ունեցողը նորմայի հետ։ Համեմատում ենք նախորդ աբսուրդի հետ։ Եվ աբսուրդն այն է, որ երեկվա աբսուրդը այսօր հնացած նորություն է:
Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում վարչապետի խրոխտ հայտարարությունը՝ եթե Նարեկ Նալբանդյանը իր և իր ընտանիքի միջև գործարար կապի տպավորություն ստեղծի, ճակատագիրն ավելի դաժան է լինելու, քան մյուսներինը։ Իրավական պետության լեզվում կան բառեր՝ օրենք, ապացույց, մեղադրանք, պատիժ։ Բայց ժողովրդին մատուցվում է մեկ ուրիշ բառ՝ «դաժան ճակատագիր»: Վարչապետը խոսում է ոչ օրենքի ուժի, այլ անորոշ «ճակատագրի» մասին։ Ահա այստեղ է աբսուրդը։ Եվ հասարակությունն արդեն սովորել է դրան։
Իսկ արտահանման ոլորտում ավելի մեծ հաջողություն (աբսուրդ) է սպասվում։ Տնտեսության նախարարն ասում է՝ «արտահանման ծավալների խնդիրը լուծված է»։ Պարզվում է, որ արտահանման աջակցության ցանկից հանվել են մոշը, բալը, ազնվամորին։ Այսինքն՝ արտահանման խնդիրը լուծված է այնքան հիմնովին, որ հիմա արդեն լուծում ենք ինչը չարտահանելու հարցը։ Ցավալի է՝ սև մոշը չի հասցրել տեղեկանալ, որ արտահանման մեծ խնդիրը լուծված է։ Այստեղ ոչ թե տնտեսագիտությունն է ծիծաղելի, այլ մեր սովորությունը՝ ցանկացած հակասություն ընդունել այնպես, ասես դրանում ոչ մի հակասություն չկա։
Երբ պետությունը բախվում է իրական խնդիրների, մեզ հանկարծ կանգնեցնում են առավել «կարևոր» հարցի առաջ՝ ինչպե՞ս անվանել հայկական կոնյակը։ Երբ այսքան ծանր ժամանակներում «կոնյակ» բառը վարչապետի բառարանում սկսում է զբաղեցնել այնպիսի տեղ, որ թվում է՝ պետության ճակատագիրը հենց այդ մեկ բառի մեջ է թաքնված, արդեն անհնար չէ «հռնդալից» քրքրջալ։ Երևի հաջորդ մեծ բարեփոխումը կլինի ոչ թե այն, թե ինչ ենք խմելու, այլ՝ ինչ անունով ենք խմելու։ Եվ եթե այսպես շարունակվի, հնարավոր է պարզվի, որ երկրի ամենամեծ ռազմավարական խնդիրն էլ... ինքնիրեն լուծվեց:
Տեսանյութեր տարածվեցին Հովհաննավանքի խնջույքի ու ռաբիս երաժշտության պատմության մասին։ Վարչապետը ուզում է Հայաստանը դարձնել ուրախության երկիր, վանքում էլ սկսում են քննարկել՝ ինչ երաժշտության տակ է հարմար ուրախանալ: Նշանակում է՝ ծրագիրը ոչ միայն ընդունվել է, այլև արդեն փորձարկվում է։ Մնում է, որ եկեղեցական օրացույցում «տժժանքի օր» էլ հայտնվի։
Բայց մյուս աբսուրդի վրա ծիծաղը պիտի կանգ առնի։ Որովհետև «թանձր» է աբսուրդը, հեչ ծիծաղելի չէ։ Իրավապաշտպան Իրինա Յոլյանը ներկայացնում է՝ Գորիսի 72-ամյա բնակչուհի Կարինե Մանանյանը 50 տարի անկողնային հիվանդ է, առաջին կարգի հաշմանդամ, ստանում է 52 հազար դրամ կենսաթոշակ, սոցգնահատումից հետո...կենսավիճակը բարելավվել է «ինքնստինքյան», ուստի՝ զրկվում է նպաստից:Այս աբսուրդում ամեն բան արդեն իսկ սարսափելիորեն պարզ է։
Եվրոպա գնալու վիզաների ազատականացման ժամկետն էլ, պարզվում է, ունի ընտրության հնարավորություն։Եվրոպան դեռ ժամկետ չի հայտարարել, իսկ Երևանն արդեն տարեթվերի ընտրացանկ ունի՝ 2028,2029, 2030թ.: Հայ ժողովուրդ, ինքդ ընտրիր քո նախընտրած տարին։
Իսկ երբ խոսքը հասնում է մարդկանց, ովքեր իրենց կյանքն ու անունը կապել են Հայաստանի բանակի ու պետականության հետ, աբսուրդը վերածվում է ազգային արժանապատվության խնդրի։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է, որ վերադարձրել է Հայաստանի անձնագիրը։ Դրանից հետո ստացել է ծանուցում՝ «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Ապշեցուցիչն այն է, որ պետությունը վաստակավոր հայի հետ խոսում է այն լեզվով, որը թողնում է մերժված ու դուրս մղված լինելու տպավորություն։Պաշտոնները հավերժ չեն։ Այսօրվա իշխանավորն էլ նախկին է դառնալու։ Լավ կլիներ, որ իշխանությունից հեռանալիս յուրաքանչյուրն իր հետևից թողներ ոչ թե վիրավորված մարդկանց ցանկ, այլ այնպիսի հիշողություն, որի առաջ ինքն էլ կարողանար գլուխը բաց կանգնել։
Մի ժամանակ անհեթեթ հայտարարությունը հանրային սկանդալ էր դառնում։ Հիմա այն դառնում է սքրինշոթ։ Մի ժամանակ պաշտոնյայի վիրավորական խոսքը կարող էր պաշտոնում մնալու հարց առաջացնել։ Հիմա այն դառնում է մեմ։ Մի ժամանակ պետականությանն առնչվող վտանգավոր միտքը մարդկանց ստիպում էր փողոց դուրս գալ։ Հիմա այն մի քանի ժամ քննարկվում է, հետո գալիս է նոր լուր, և նախորդն արդեն մոռացվում է։ Ահա թե որտեղ է տեղի ունեցել ամենավտանգավոր փոփոխությունը։ Մենք սկսել ենք ապրել աբսուրդի «շմոլի» տակ։ Ամեն օր մի նոր բան է տեղի ունենում, որը երեկ անհնար էր թվում, իսկ այսօր թերթում ենք, կարդում, ժպտում ու անցնում առաջ։ Եվ հենց այդ պահին աբսուրդը հաղթում է։
Հասարակության հոգնածությունը հասկանալի է։ Կորուստները, անորոշությունը, սոցիալական խնդիրները, քաղաքական անվերջ բախումները մարդուն կարող են հասցնել մի վիճակի, երբ ծիծաղը դառնում է ինքնապաշտպանություն։ Ծիծաղում ենք, կատակ ենք անում, որովհետև բարկանալու ուժ չունենք։ Մեմ ենք ստեղծում, որովհետև իրականության դեմ պայքարելու ամենահեշտ ձևը երբեմն հենց նրան ծաղրելն է։ Ապրում ենք մի իրականության մեջ, ուր անհեթեթությունը դարձել է առօրյա, առօրյան՝ սովորական, սովորականը՝ ընդունելի։ Աբսուրդի հաղթանակը հենց դա է։ Եվ աբսուրդն այն չէ, որ Հայաստանում անհեթեթ բաներ են տեղի ունենում։ Աբսուրդն այն է, որ Հայաստանում աբսուրդն այլևս աբսուրդ չի դիտվում։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ