«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ առաջնորդի ու առաջնորդության մի նոր ճգնաժամի առաջ

Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ առաջնորդի ու առաջնորդության մի նոր ճգնաժամի առաջ
10.09.2026 | 17:15

«Հայ ժողովրդի ամենամեծ դժբախտութիւնն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարւում են նոյն կերպ, ինչպէս օտարները»։
Խրիմյան Հայրիկ

Կանգնած է առաջնորդության մի նոր ճգնաժամի առաջ, քանի որ հաղթանակի հույսով այդքան սպասված ընտրություններում չհաջողվեց արդեն որերորդ անգամ ընտրություններով իրականացնել իշխանափոխություն, թեև տեսականորեն կային դրա համար բոլոր հնարավորությունները։ Թեև Սամվել Կարապետյանը ժողովրդի շրջանում ընկալվում էր որպես ընդդիմության միասնական առաջնորդ և ուներ հանրային համերաշխություն ու քաղաքական ուժերի միասնություն գեներացնելու, վստահության ու անկեղծության բավարար ռեսուրս, սակայն ինչպես անկատար ընտրական համակարգի, այնպես էլ ընդդիմադիր դաշտի անկեղծ համերաշխության չձևավորման և այլ պատճառներով դա տեղի չունեցավ, և եղավ այն, ինչ եղավ։
Արդյունքում ժողովուրդը կանգնած է մի նոր հուսահատության ու դեպրեսիայի առաջ։ Նորանկախ Հայաստանն այդպես էլ անցած 35 տարիներին ցավալիորեն չունեցավ ազգային, նվիրյալ, խիզախ ու իմաստուն առաջնորդներ ու պետական գործիչներ, որոնք բացառապես կառաջնորդվեին ազգային-պետական շահերով և պատրաստ կլինեին իրենց կյանքը դարձնել ուխտագնացություն, ժողովրդի համար արհամարհել անգամ մահը, անցնել տառապանքների ու զրկանքների միջով։
Քաղաքական համակարգի չկայացման ու առաջնորդության ինստիտուտի բացակայության արդյունքում է, որ չունեցանք ազգին արժանապատվորեն առաջնորդողներ։ Այս ամենի հիմքը դրվեց այն ժամանակ, երբ առավելապես իշխանության եկավ ՀՀՇ-ի խաժամուժը, և անգլոսաքսոնա-գլոբալիստական ուժերի կողմից Հայաստանում սկիզբ դրվեց դրսից տարբեր ծրագրերի իրականացման միջոցով հասարակության այլասերման «փափուկ ուժի» կիրառման գործընթացին, ինչն ակտիվորեն շարունակվեց հետագա տարիներին։
Իսկ 2018 թ․ դրսի ուժերի կողմից կազմակերպված հեղափոխություն կոչված դավադրության արդյունքում իշխանության բերեցին պատահական, ապաշնորհ ու անհայտ կենսագրության տեր մարդկանց։ Բերեցին այսօրվա համար՝ ազգի առավել ինտենսիվ ձևով բարոյական այլասերման ու ապականման, ազգային արժեքների ու սովորույթների խեղման, ժողովրդին անկեղծ հավատքից կտրելու, եկեղեցին արժեզրկելու, կրթությունը փլուզելու, պետական ինստիտուտները կազմաքանդելու և, մեծ հաշվով, Հայաստանը կործանելու համար։
2020 թ․ դավադիր պարտությունից հետո էլ չեղավ հավատ ներշնչող մեկը, որը կհամախմբեր ժողովրդին ու ընդդիմադիր ուժերին և կկասեցներ Արցախի վերջնական կործանումը։ Չունեցանք այնպիսի մեկին, որովհետև բոլոր նախկին իշխանությունները, հավերժ իշխելու համար, պառակտեցին ու բարոյազրկեցին քաղաքական դաշտը, թույլ չտվեցին, որ աճեն ապագայի հավանական նվիրյալ անհատականություններ ու առաջնորդներ։ Եղած անհատներն էլ, հավանաբար օտարի դավադիր հրահանգով, գլխատվեցին, խեղդվեցին քաղաքական օրորոցում՝ Արթուր Մկրտչյանը, Մովսես Գեորգիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Վազգեն Սարգսյանը և այլ անհատականություններ։
Հայաստանին ու հայ ժողովրդին պատուհասած աղետներն էլ պայմանավորված են նախևառաջ նվիրյալ-իմաստուն, ազնիվ ազգային իշխանություններ չունենալու, հետևորդ առաջնորդներ չաճեցնելու և առաջնորդության ինստիտուտ չձևավորելու հանգամանքով։ «Առաջնորդության գործառույթն ավելի շատ առաջնորդներ ստեղծելն է, այլ ոչ թե ավելի շատ հետևորդներ»,— ասել է ամերիկացի ճանաչված փաստաբան և քաղաքական ակտիվիստ Ռալֆ Նադերը։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները ոչ թե ձևավորվել են ժողովրդին ու երկրին ծառայելու, այլ իշխելու, կեղեքելու և հարստանալու, փառքի ու նյութի նկատմամբ իրենց մոլուցքն ու հագուրդը բավարարելու նպատակով։ Նրանք առաջնորդվում են անձնական ու խմբային շահերով, չունեն պետական մտածողություն, սրբություններ, գաղափարական սկզբունքներ և ցանկացած պահի կարող են իրենց կուսակցական դավանանքը փոխել։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ Խորհրդային Միությունից ժառանգված կադրերի ընտրության կուսակցական-նոմենկլատուրային արատավոր մոտեցումը կիրառվեց նաև նորանկախ Հայաստանում։ Բացի այդ, բոլոր իշխանություններն ինչ-որ տեղ, ուղղակի կամ անուղղակի, եղել են Հայաստանում օտար ուժերի կողմից ներդրված վերահսկողության համակարգի ազդեցության ներքո, և ընտրվել են ընտրակեղծարարության ու ժողովրդին կաշառելու կամ ահաբեկելու արդյունքում։
Իշխանությունն ու նրա համար անազնիվ ու կեղծիքներով ուղեկցվող պայքարն էլ եղել է և կա մեր ազգային ողբերգությունների ու կորուստների աղբյուրներից ամենավտանգավորը, որը հանդիսացել է ազգի պառակտման, անվստահության ու ատելության գեներացման պատճառ։
Որովհետև, որպես կանոն, նախևառաջ ավանտյուրիստները, միջակությունները, սրիկաներն ու ապաշնորհներն են ներգրավվում իշխանության համար պայքարում, որոնց համար քաղաքականությունն է կայանալու և հարմարավետ ու ապահով պետության գրկում հանգրվանելու ամենահեշտ տարբերակը։ Պատահական չէ, որ հայի ամենաանմարդկային, ցածր ու ստոր զգացմունքներն ու դրսևորումներն ի հայտ են գալիս իշխանության համար պայքարում։ Չէ՞ որ, ինչպես Թումանյանը կասեր․ «Արժանիները փառքի չեն ձգտում, փառքն է նրանց փնտրում ու գտնում»։
Պատեհապաշտների համար էլ իշխանությունում լինելը պետության հաշվին հարստանալու, վայելքներին մոտ լինելու, քծնանքի, հաճոյախոսության ու փառքի արժանանալու ամենակարճ ու հուսալի ճանապարհն է։ Սակայն, ինչպես Անդրանիկ Օզանյանն է ասել․ «Ղեկավարները պետք է լինեն ժողովրդի ծառաներ, ոչ թե տերերը...»։
Եթե իշխանության չեն ձգտում ազգին ու երկրին ծառայելու համար, եթե նրանց հոգին ու ուղեղը ներծծված չեն պետականության ու հայրենիքի զգացողությամբ, ապա իշխանության համար պայքարն առաջին հերթին վերածվում է խաբեության, քծնանքի, երեսպաշտության, խարդավանքների, կեղծարարության, հանցագործությունների, ահաբեկչությունների, և ամենաշատ պոպուլիստական, անհավանական ու կեղծ խոստումները տրվում են հենց ընտրությունների նախաշեմին։ Այդ չարաբաստիկ իշխանության համար պայքարում է ամենաշատն ազգը պառակտվում, միմյանց նկատմամբ լցվում ատելությամբ, վրեժխնդրությամբ ու չարությամբ։
Իսկական առաջնորդության հաջողությունը, մարդկանց միավորելով ընդհանուր նպատակի շուրջ, տեսլականն իրականության վերածելու ունակությունն է։ Լավ առաջնորդը մարդկանց կախվածության մեջ չի դնում, նա նրանց մեջ ինքնավստահություն է ներշնչում, պատասխանատվությունն իր վրա է վերցնում, ոչ թե խուսափում է դրանից։ Նա ոչ թե ժողովրդի հետևում է թաքնվում, այլ առաջնորդում է նրան անկեղծորեն ու անձնազոհաբար։
Աշխարհն էլ մեծ հիացմունքով ու նախանձով է հետևում Իրանի առաջնորդների խիզախ ու իրենց ժողովրդին և պետությանը ցուցաբերած անմնացորդ նվիրվածությանն ու հավատարմությանը, որոնք արհամարհում են մահը և չեն տրվում շահին, թալանին ու անձնական էժանագին վայելքներին։
Հույս ունեմ, որ մեր երազած առաջնորդը կա մեր շարքերում․ նա, ով արմատապես կփոխի այն կարծրատիպը, թե երկրի ղեկավարները գալիս են ոչ թե իշխելու ու պետությունը թալանելու, այլ ժողովրդին անկեղծորեն ծառայելու, երկիրը շենացնելու համար․ նա, ով երախտապարտ կլինի այն հողին ու ազգին, որից ծնվել ու սնվել է, և պատրաստ կլինի զրկանքների ու տառապանքների՝ հանուն իր ժողովրդի արժանապատիվ ապրելու ու իր երկրի անկախության․ նա, ով ոչինչ չի ակնկալի պետությունից ու ժողովրդից, բացի երկրի շենացման համար իր ծրագրերի իրականացման աջակցությունից, և պատրաստ կլինի ժողովրդին անմնացորդ կերպով տալ իր սերն ու ջերմությունը։
Ժողովուրդն էլ պետք է գնահատի իր անհատականություններին, հերոսներին, մեծերին ու բարերարներին, նրանց տաղանդի, ունակությունների կայացման և դրսևորման համար ստեղծի անհրաժեշտ պայմաններ։ Չէ՞ որ ազգը հենց նրանց մեջ կարող է փնտրել իր ուժն ու փրկությունը․ նրանք կարող են ազգի համերաշխության, սիրո ու միասնության, ազգային վերածննդի ու զարթոնքի միջավայր ձևավորողի դերակատարություն ստանձնել, կարող են նախաձեռնել և գեներացնել ազգային զարթոնքի, վերածննդի ու հաղթանակի տրամադրություն։
Ժողովուրդն էլ մշտապես անկեղծ է եղել իրեն առաջնորդողների հետ և պատրաստ է եղել անձնազոհ պայքարի՝ թե՛ անկախության ու Ղարաբաղյան շարժման ժամանակ, թե՛ ընտրակեղծարարության ու անարդարության դեմ պայքարում․ սակայն նրան մշտապես հուսախաբ են արել թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիր առաջնորդները։
Հիմա, երբ արդեն 35 տարիների փորձից ակնհայտ է դառնում, որ քաղաքական համակարգն այդպես էլ չի կայանում, այլասերված ու պառակտված է, միանգամայն պարզ է, որ այդ համակարգի հետ փոփոխությունների հույսեր կապելը սին է, ժամանակի ավելորդ կորուստ․ հիմա ազգն իր միջից, իր նվիրյալ-իմաստուններից, իր անհատներից պետք է հյուսի իր պայքարը։
Չեմ կասկածում, որ Տիգրան Մեծի, Մաշտոցի, Նարեկացու, Նժդեհի, Անդրանիկի, Կոմիտասի գենը դեռ զարթնելու է հայի մեջ, և այդ ազնվական գենը դեռ հրաշքներ է գործելու։ Իսկ ժողովուրդն ու ազգային էլիտան, անցնելով դաժան փորձություններով, ձեռք են բերել բավարար քաղաքական փորձառություն ու քաղաքական հասունություն՝ քաղաքական-հասարակական գործընթացները ճիշտ կառավարելու համար։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ